Մատչելիության հղումներ

Ուսանողներն ու իշխանությունները համաձայնության եկան


Խորհրդարանն այսօր ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց «Զինծառայության մասին» վիճահարույց օրենքը: Իշխանական երկու՝ «Հանրապետական» և «Դաշնակցություն» խմբակցություններից բացի, «կողմ» կոճակը սեղմեցին նաև ոչ իշխանական «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները: Դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք»-ը:

Սա երկրորդ և արդեն վերջնական ընթերցմամբ քվեարկությունն էր: Երբ նախագահ Սերժ Սարգսյանն օրենքը ստորագրի, պաշտոնական հրապարակումից տասն օր անց այն ուժի մեջ կմտնի: Օրենքն ընդունած իշխանական ուժին այսօր հաջողվեց նաև դահլիճից դուրս համաձայնության գալ բողոքի դուրս եկած ուսանողների հետ․ դասադուլը և հացադուլը դադարեցված է: Մոտ մեկ ժամ փակ դռների հետևում բանակցելով Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀԿ խոսնակ, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ:

«Կլոր սեղանի նպատական այն է, որ ընդհանուր քննարկման արդյունքում փորձենք տարկետման ինստիտուտը խիստ սահմանափակող այսօր օրենքում կատարենք փոփոխություններ: Պարոն Բաբլոյանը նշեց՝ եթե մենք կարողանանք ապացուցել, որ օրենքը սխալ է, մենք կկարողանանք դրա վրա ազդեցություն ունենալ»,- ասաց բողոքող ակտիվիստներից Դավիթ Պետրոսյանը: Էդուարդ Շարմազանովն իր հերթին նշեց․ «Մենք այսօր ևս մեկ անգամ ցույց ենք տալիս, որ մենք պատրաստ ենք լսել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես, մեր ուսանողների ձայնը: Մնացածն ի՞նչ ընթացքով կգնա, դա կերևա ամսի 22-ին»:

Ուսանողական շարժման համակարգող Դավիթ Պետրոսյանը խորհրդարան էր եկել համալսարանի լսարանից, որտեղ ընկերների հետ երեկվանից անժամկետ հացադուլ էր անում: Նա վստահեցրեց՝ իշխանությունների կողմից ճնշումներ, սպառնալիքներ չեն եղել, նույնիսկ բացառեց, որ իրեցն համոզել են: «Մեզ ոչ ոք չի համոզել, սա եղել է մեր առաջարկը և այն ընդունվել է: Եթե մենք ընդունենք, որ ոչ մի փոփոխություն չենք կարող անել, ուրեմն մենք ոչ մի բան չպետք է սկսեինք: Հիմա մենք արդեն սկսել ենք, եղած տարբերակներից փորձում ենք օգտագործել այն, որը հնարավոր է»,- ասաց Պետրոսյանը:

Խորհրդարանի առջև իրենց սպասող ընկերներին բանակցություններից վերդարձած ուսանողները բացատրում էին՝ սա նահանջ չէ, կլոր սեղան անցկացնելու համաձայնությունն այս իրավիճակում լավագույն տարբերակն էր․ «Սա չի կարող նահանջ լինել, քանի որ սա պայքարի մեկ այլ ձև է», «Մենք պայքարում էինք, որ խնդրի լուծման ինչ-որ քայլեր կատարվեն, հիմա կա էդ քայլը, դա քննարկումն է»:

Այսպիսով՝ դասադուլի յոթերորդ և հացադուլի երկրորդ օրն ուսանողները դադարեցնում են բողոքի ակցիաները՝ վերադառնալով լսարաններ: Փողոցային պայքարի վերջին օրը ամենաթեժն էր, երիտասարդաները համալսարանից երթով հասնելով Ազգային ժողովի մոտ, տեղեկացան, որ օրենքն արդեն ընդունվել է ու անցան կտրուկ գործողությունների՝ փակելով Դեմիրճյան փողոցի երթևեկությունը: Արդեն Բաղրամյան փողոցում ոստիկանությունը գործողություններ սկսեց․ երբ ուսանողները փորձեցին փակել երթևեկությունը, իրավապահները ֆիզիկական ուժի գործադրմամբ երիտասարդներին հրեցին դեպի մայթը: Գործողությունը ղեկավարող Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը պնդեց՝ համաչափ ուժ է կիրառվել:

Հիշեցնենք՝ այս օրենքի՝ ուժի մեջ մտնելուց հետո տարկետման համար ուսանողները ստիպված կլինեն պայմանագիր կնքել պաշտպանության նախարարության հետ՝ պարտավորվելով ուսումնառության ավարտից հետո զինված ուժերում ծառայել արդեն ոչ թե երկու, այլ երեք տարի ժամկետով: Փոխարենը պետությունը կվճարի նրանց ուսման վարձը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG