Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ստորագրումը այժմ ընթացող բանակցությունների վրա բացասական ազդեցություն կունենա: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց տարկետման իրավունքը արմատապես փոխող օրենքի դեմ բողոքի ակցիաներ նախաձեռնած «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամ Դավիթ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ սա ցույց է տալիս, թե որքանով են իշխանությունները արձագանքում հասարակության պահանջին և իրենց կողմից լիազորված անձանց սկսած բանակցություններին․ - «Եթե գնում է պրոցես, ու էդ պրոցեսի ժամանակ առանց որևէ հիմնավորման կամ ինչ-որ մի բացատրության իրականացվում է որոշում, որը կարող է ազդել այդ քննարկման վրա, իհարկե դա բացասական ազդեցություն է ունենում քննարկումների վրա»։
Նախագահ Սերժ Սարգսյանը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը ստորագրել է երեկ: Այն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից տասն օր անց, դրանից բխող իրավական ակտերը ենթակա են ընդունման օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում:
Համաձայն օրենքի, պարտադիր զինվորական ծառայությունից ուսման նպատակով տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես կզորակոչվեն բանակ և երկու տարի կծառայեն:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պնդում են, որ օրենքը կխոչընդոտի գիտության և կրթության զարգացմանը։ Ազգային ժողովում օրինագծի քննարկման ընթացքում նրանք դասադուլ հայտարարեցին, մի քանի օր անց էլ՝ ուսանողներից հինգը հացադուլ սկսեցին։ Չնայած դրան, օրենքը ընդունվեց խորհրդարանի կողմից: Ազգային ժողովի նախագահի ու փոխնախագահի հետ հանդիպումից հետո ուսանողները հայտարարեցին, որ դադարեցնում են հացադուլն ու դասադուլը և անցնում կլոր սեղան ձևաչափով քննարկումների։
Անցած շաբաթ խորհրդարանում անցկացված կլոր սեղան-քննարկումից հետո «Հանուն գիտության զարգացման» խմբի անդամները երկու աշխատանքային հանդիպումներ են ունեցել՝ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ու Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ։
Դավիթ Պետրոսյանը ասաց, որ հանդիպումների ժամանակ իշխանությունների մոտ լուրջ փոփոխությունների պատրաստակամություն չեն նկատել, իրենք արդյունքների մի քանի ամիս չեն սպասելու և եթե այսպես շարունակվի, միանշանակ դուրս կգան բանակցություններից․ - «Շոշափելի արդյունքը պետք է լինի էս մոտակա օրերի մեջ, եթե մոտակա օրերի մեջ շոշափելի արդյունք չի լինի, մենք կարծում ենք, որ էս պրոցեսը՝ քննարկումներ սկսելու, կլոր սեղան սկսելու, զուտ գնացել է նրա համար, որպեսզի բավարարվեն տարբեր քաղաքական դիվիդենտներ»:
Խորհրդարանում կլոր սեղան-քննարկումը համակարգող Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի համար, մինչդեռ, երիտասարդների տեսակետը անհասկանալի է: Նրա խոսքով՝ քննարկման ժամանակ օրենքը չստորագրելու հարց չի էլ քննարկվել․ - «Որևէ մեկի իրավասությունների մեջ չի մտնում, և ո՛չ իմ գործն է, ո՛չ Դավիթի, ո՛չ էլ որևէ մեկի՝ վիճարկել Հայաստանի Հանրապետության նախագահի սահմանադրական իրավունքը՝ ստորագրել կամ չստորագրել: Առավել ևս, եթե այդ քննարկումների ընթացքումոչ միայն այդ հարցի վերաբերյալ քննարկում՝ ակնարկ էլ չի եղել»:
Ինչ վերաբերում է նախարարություններում անցկացված բանակցություններին, Շարմազանովը հորդորեց շարունակել դրանք և չշտապել գնահատականներ տալ․ - «Երբ որ կաշխատեն, կտեսնեն՝ կա որոշակի առաջընթաց կամ չկա առաջընթաց, նոր դրանից հետո արդեն իրանք թող իրանց առաջարկությունները ներկայացնեն: Բայց մեկ կամ երկու հանդիպումներում էդ ո՞նց որոշեցիք հնարավոր ա, թե հնարավոր չի: Ես երկու կողմերին էլ կոչ եմ անում արդյունավետ աշխատել, մաքսիմալիստական նպատակներից զերծ մնալ, նստել աշխատել»:
Երիտասարդների հետ քննարկումներ անցկացրած Պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանի հետ այսօր կապ հաստատել չհաջողվեց: Իսկ Կրթության և գիտության նախարարությունից փոխանցեցին, որ այս պահին չեն արձագանքի այս հայտարարություններին։