Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ռեկտոր Արամ Սիմոնյանը «ժամանակավրեպ քայլ» է որակում «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների այսօր սկսած հացադուլը։
Սիմոնյանը վստահ է՝ այս հացադուլը որևէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։
«Մենք չենք խանգարում նրանց, ժամանակավրեպ բան է. այդքան հանդիպումներ եղան, քննարկումներ եղան, բացատրություններ եղան։ Ժամանակավրեպ քայլ է, և բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ խնդիրների արծարծման կամ լուծման համար։ Դա իրենց խնդիրն է։ Ուսանող են, իրենց իրավունքն է մտնել լսարան, իրավունք ունեն համալսարանում լինել, մենք ոչ մի բան չենք պատրաստվում անել, ուղղակի քննաշրջան է սկսվում՝ ընթացիկ քննություններ և ստուգարքներ են, ուղղակի դրանք չխանգարվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սիմոնյանը։
ԵՊՀ ռեկտորը կարծում է, որ ուսանողությունն այս անգամ անտարբեր կլինի։ «Ես կարծում եմ, որ սխալ ճանապարհ են ընտրել, կամ ինչ մտադրվել են անել, չի բխում ժողովրդի շահերից, գիտության զարգացման շահերից», - ասաց Սիմոնյանը։
Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ կրկին հացադուլ է սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։
Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջերում այսօր տեղադրած տեսագրությունում նշում է, որ մեկ ամիս տևած քննարկումներն արդյունք չեն տվել։
Հիշեցնենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը լուրջ քննարկումների տեղիք էր տվել։ Օրինագծին դեմ արտահայտվողները պնդում էին, որ այն կխոչընդոտի գիտության զարգացմանը։
Մի խումբ ուսանողներ դասադուլ սկսեցին։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն էլ, այդ թվում՝ նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը հացադուլ հայտարարեցին։
Ուսանողները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին միայն նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ։
Նոյեմբերի 22-ին Ազգային ժողովում, կառավարության և խորհրդարանի հինգ ներկայացուցիչների հետ ավելի քան չորս ժամ տևած քննարկում-բանավեճից հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն:
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի, որը Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: