Մատչելիության հղումներ

«Փողոցային պայքարը շարունակելու հետ կապված աշխատանքներ տարվում են». Դավիթ Պետրոսյան


«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի խոսքով, նախաձեռնությունն առաջարկությունների միջոցով փորձելու է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։

«Մեր նպատակը զուտ առճակատման գնալն ու անարդյունք բողոքելը չէ։ Մեր նպատակը մնում է կոնստրուկտիվ կերպով օրենքում փոփոխություն անելը և այնպիսի ենթաօրենսդրական ակտեր առաջ քաշելը, որը օրենքում շոշափելի փոփոխություններ կիրականացնի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետրոսյանը։

Հարցին՝ եթե փողոցային պայքար չլինի՞, բանակցություններն արդյունավետ կլինեն, Պետրոսյանը պատասխանեց. - «Փողոցային պայքարը շարունակելու հետ կապված աշխատանքներ տարվում են, ու հենց հանրային քննարկման ժամանակ երեկ երկու նպատակ կար մեկը խոսել փաստարկների ճշգրտման, առաջարկներ լսելու մասին, մյուսը՝ քննարկել, թե ինչ քայլեր կարող են իրականացվել։ Օրինակ կոնկրետ ամսի 22-ին Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հատվածում մեր բոլոր համակիրները հավաքվելու են և մտահոգ մարդիկ ուղիղ եթերով դիտելու են բանավեճը։ Կոնկրետ այդ օրվա բանավեճից, քննարկումից կախված է, թե այդ օրը այդ խումբը ինչ գործողություններ կիրականացնի։ Բայց այդ օրը [նոյեմբերի 15-ին], որ մենք չգնացինք կլոր սեղան-բանավեճի, մենք կունենայինք լուրջ փակուղի, այդ հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել»։

Հիշեցնենք՝ զինծառայության մասին օրենքին դեմ արտահայտվող ուսանղոները դասադուլն ու հացադուլը դադարեցրեցին նոյեմբերի 15-ին՝ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի ու փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպումից հետո։ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հայտարարեցին, թե պայմանավորվել են հաջորդ շաբաթ՝ նոյեմբերի 22-ին կլոր սեղան-քննարկում անցկացնել իշխանությունների հետ։ Երեկ նախաձեռնությունը հայտարարեց, որ արդեն որոշվել է կլոր սեղանի վայրն ու ֆորմատը։

Նշենք, որ Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին առավոտյան ձայների 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագիծը:

Համաձայն օրինագծի, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր հոկտեմբերի 27-ին, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG