Մատչելիության հղումներ

«Պաշտպանության նախարարությունը զիջումների չի գնում». «Հանուն գիտության զարգացման»-ի անդամ


Իշխանությունները դեռևս չեն արձագանքել «Հանուն գիտության զարգացման»-ի երկու անդամների այսօր սկսած հացադուլին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամներից Լևոն Չուգակլյանը՝ նշելով, որ իրենց հետագա քայլերը կախված են հանրության և իշխանությունների արձագանքից։

Հարցին, թե փողոցային պայքարը ևս շարունակվելո՞ւ է, Չուգակլյանը պատասխանեց. - «Պայքարը դրսում ինքնաբուխ բնույթ է կրելու, և նախաձեռնությունը կոչ է անում այն մարդկանց, այս հարցով մտահոգ թե՛ ուսանողներին, թե՛ քաղաքացիներին, որ ինքնաբուխ պայքարի դուրս գան նաև աջակցություն ցույց տան ինչպես հացադուլավոր տղաներին, այնպես էլ պահանջներին, որպեսզի կարողանանք պայքարն ավելի մեծ թափով շարունակել»։

Չուգակլյանը նշեց, որ Պաշտպանության նախարարությունն իրենց արտահայտած գաղափարների, կարծիքների մասով զիջումների չի գնում:

Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանն այսօր հայտարարեց, որ նախաձեռնության մեկ այլ անդամի հետ կրկին հացադուլ է սկսել Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի այն նույն լսարանում, որտեղ մոտ մեկ ամիս առաջ նախաձեռնության չորս անդամների հետ հացադուլ էր անում՝ բողոքելով զինծառայության մասին օրենքի դեմ։

Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջերում այսօր տեղադրած տեսագրությունում նշում է, որ մեկ ամիս տևած քննարկումներն արդյունք չեն տվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG