Մատչելիության հղումներ

Կլոր սեղան-քննարկումը թուլացրեց շարժումը․ Արսեն Խառատյան


Իշխանության հետ կլոր սեղան-քննարկումը թուլացրեց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությանը: «Ազատության» հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց դեռ 13 տարի առաջ նույն պահանջով փողոց դուրս եկած և նույն անվամբ նախաձեռնության անդամ Արսեն Խառատյանը:

Նրա կարծիքով՝ գուցե այսօր փողոց դուրս եկած երիտասարդները պայքարի այլ ուղի չունեն, այդ պատճառով դիմել են այս քայլին:

«Ընդհանրապես, կոնցեպտուալ փիլիսոփայական խնդիր կա էս օրենքի մեջ, սա եմ ես ուզում կարևորել: Մեր շարունակական ռազմականացումը, միլիտարիստականացումը մեր հասարակության՝ սա է ամենամեծ խնդիրը», - ընդգծեց Խառատյանը: - «Սոցիալական արդարության հարց են դնում մեր առջև՝ զարմանալի է, էնպիսի մարդիկ են խոսում սոցիալական արդարությունից, ովքեր այս բոլոր տարիների սոցիալական անարդարությունների հեղինակներն են, համահեղինակներն են, ճարտարապետներն են՝ ես նկատի ունեմ հենց Վիգեն Սարգսյանին, էլ չասեմ՝ Սերժ Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին, որը չորրորդ անգամ նախարար է հիմա: Մեզ հիմա էս նեյնիմները թող չպատմեն: Ասեք հստակ՝ ի՞նչ, 700 հոգի ավել մարդ է պետք, որ սահմանագիծ պահե՞նք: Ասում են՝ էս կրթությունը տանում ենք բանակ՝ հակառակն է լինելու»:

«Ես համարյա վստահ եմ, որ առաջիկա հինգ տարում մենք դեգրադացնելու ենք մեր հասարակությունը է՛լ ավելի», - ասաց նա՝ շարունակելով․ - «Մի խնդիր, որ ընդհանրապես չի քննարկվում՝ ի՞նչ, համալսարանները դառնալու են կուսանոցնե՞ր: Սա բազմաշերտ ու բարդ հարց է, և քննարկումներ՝ բովանդակային մասով, էդտեղ պիտի ընթանան: Հիմա դրել են՝ օրենքի կետեր են քննարկում էս երեխեքի հետ, ինչի՞»:

Իշխանությունները, ըստ Արսեն Խառատյանի, «օրվա խնդիր են լուծում»․ - «Էդ օրվա խնդիր են լուծում: Էդ օրվա խնդիրն իրենց առաջ դրել էին նաև 2004-ին, մինչև էդ 90-ականներին էլ են դրած եղել, բայց կար բավարար ընդվզում և փաստարկներ և դրա հետևում կանգնած բավարար հանրային զանգված, որը հասկանալի դարձրեց, որ քաղաքական իմաստով պարտվելու են, եթե տանեն: Ինչի՞ էդ օրենքը հետ կանչեցին՝ հո էդպես մենք շատ խելոք չէի՞նք, որ բացատրեցինք՝ իրենք էլ հասկացան, ամենևին՝ վտանգ տեսան: Հատկապես, Հայաստանի ծանր շրջան էր՝ 2003 թվի նախագահական կեղծված ընտրությունների հաջորդող օրեր էին, երբ որ տեսան, որ հազարավոր ուսանողներ դրսում են․․․»:

«Հիմա այդ վտանգը չեն տեսնում, որովհետև քանակ էլ չկա՞ դրսում», - այս հարցին նա պատասխանեց․ - «Մի կողմից՝ սա, իհարկե, բայց շատ բան է փոխվել Հայաստանում: Պիտի հիշեք, որ էս մարդիկ «Մարտի 1»-ով են իշխանությունում, և դիմացի կանգնածն էլ գիտի, որ քաղաքացու նկատմամբ մինչև վերջին ռեսուրսը սպառած իշխանությունը կարող է դա կրկին անել: Սա կոլեկտիվ վախ է, կարծում եմ, որ նստած է մարդկանց մեջ, որովհետև գիտեն, որ սա մի անգամ արվել է, և անհրաժեշտության դեպքում, չեն կարծում, որ կվարանեն դա կրկին անել»:

«Այսինքն՝ քաղաքացիական հասարակությունը ինչ-որ տեղ կոտրված է, դրա համա՞ր է նաև այսօր գնում կլոր սեղան-քննարկմանը», - այս հարցին էլ Արսեն Խառատյանը պատասխանեց․ - «Քաղաքացիական հասարակությունը որպես ինստիտուտներ՝ մի բան է, մեր՝ հանրային տարածքում պայքարի ռեսուրսն է պարպված՝ հոգնած են, կամ դուրս են եկել»:

Հիշեցնենք, չորեքշաբթի օրը Ազգային ժողովում մեկնարկեց կլոր սեղան-քննարկումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի շուրջ, որը խորհրդարանը նոյեմբերի 15-ին ընդունել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ: Իշխանության ներկայացուցիչների հետ ավելի քան չորս ժամ տևած քննարկում-բանավեճից հետո «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ «տարկետում լինելու է» սկզբունքն արդեն դառնում է իրականություն, խնդիրն այն է, թե տարկետման քանի տեղ և ինչ սկզբունքով կտրամադրվի:

Համաձայն օրենքի, որը ուժի մեջ կմտնի երկրի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կստանան միայն այն քաղաքացիները, ովքեր պայմանագիր կկնքեն պաշտպանության նախարարության հետ և կպարտավորվեն ուսումն ավարտելուց հետո բանակում ծառայել արդեն երեք տարի ժամկետով: Հակառակ պարագայում նրանք 18 տարին լրանալուն պես երկու տարով կզորակոչվեն բանակ: Ուսանողները պնդում են, որ այս օրենքը կխոչընդոտի գիտության զարգացմանը։

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG