ՀՀԿ-ն պատրաստ չէ խոսել այն մասին, թե ով կլինի վարչապետ 2018-ի ապրիլից հետո

Հայաստան – Նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանում են նախընտրական հանրահավաքի, 31-ը մայիսի, 2017թ․

Իշխող Հանրապետական կուսակցությունը հրաժարվում է պատասխանել այն հարցին, թե արդյոք Հայաստանի ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կշարունակի պաշտոնավարել 2018-ի ապրիլից հետո, երբ կավարտվի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, իսկ Կառավարությունը, նոր Սահմանադրության համաձայն, հրաժարական կներկայացնի:

«Մենք պատրաստ չենք այսօր խոսել 2018 թվականի զարգացումների մասին», - «Ազատության» հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: - «Պառլամենտական համակարգի տարբերությունը կիսանախագահական ու նախագահական համակարգից նրանում է, որ այլևս անձերը չեն գալիս առաջնային տեղեր, առաջնային են դառնում կուսակցությունները և անկախ նրանից ով կլինի վարչապետ 2018 թվականին՝ դրանից Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական պատասխանատվությունը չի նվազելու», - հավելեց իշխող կուսակցության խոսնակը:

Պատասխանելով «Ազատության» հարցերին՝ ի՞նչ պետք է անի Կարեն Կարապետյանը, որպեսզի Հանրապետականը թույլ տա նրան շարունակել պաշտոնավարել նաև 2018-ի ապրիլից հետո և ինչո՞վ է պայմանավորված 2018-ից հետո վարչապետի պաշտոնի հետ կապված անորոշությունը այն դեպքում, երբ Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը կանխատեսումներ է անում 2040-2050 թվականների ծրագրերի վերաբերյալ, Էդուարդ Շարմազանովը նախ կոչ արեց «արհեստականորեն» կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանին չանջատել Հանրապետական թիմից, այնուհետև հայտարարեց․ - «2040-ին մենք դնում ենք տեսլական, համազգային նպատակ: Գլխավոր ֆիգուրը լինելու է Հանրապետական կուսակցությունը, կարևորը այլևս քաղաքական թիմերն են»:

Նշենք, որ ընդդիմադիրների պնդմամբ լուրջ հակասություններ կան Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանի և նրա տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանի միջև: Խնդիրն այն է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում ներիշխանական վերադասավորումների արդյունքում է որոշվելու, թե ում ձեռքում է կենտրոնանալու իրական իշխանությունը:

«Ազատության» հետ զրույցում պատգամավոր Էդմոն Մարուքյանը շեշտում է՝ բացառվում է, որ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակի պաշտոնավարել 2018-ից հետո, իսկ դատելով Սերժ Սարգսյանի վերջին ելույթից, կարելի է ասել, որ ՀՀԿ ղեկավարը չի պատրաստվում հեռանալ:

«Դուրս է գալիս՝ Կարեն Կարապետյանին օգտագործեցին՝ ձայն հավաքեցին, և ասելու են՝ դե լավ, չստացվեց, լավ չես աշխատում, հիմա քեզ պետք է ազատենք», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Մարուքյանը:

Ուշագրավ է, որ հանրապետականները նաև միանշանակ պատասխան չեն տալիս՝ արդյոք 2018-ի ապրիլին նախագահի լիազորությունները վայր դնելուց հետո Սերժ Սարգսյանը կշարունակի պաշտոնավարել արդեն վարչապետի պաշտոնում:

«Ժամանակը կգա՝ կիմանաք», - «Ազատության» հետ զրույցում այս առնչությամբ հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը: - «Պարոն նախագահը այդ հարցին պատասխան տվել է, ես պարոն նախագահի պատասխանին ավելացնելու որևէ բան չունեմ», - հավելեց նա։

Հիշեցնենք՝ 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ այլևս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում, նաև չի հավակնի վարչապետի պաշտոնին։

Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ էլ իշխող Հանրապետականի ղեկավարն ասել էր, որ եթե իր գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա ինչ-որ կարգավիճակում իր դերը կունենա ժողովրդի անվտանգության ապահովման հարցում: