Մատչելիության հղումներ

Մարուքյանի «տպավորությունն է», որ 2018-ի ապրիլից հետո Կարապետյանը չի լինելու վարչապետ


«Ելք» դաշինքից Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի բացառում, որ հենց Սերժ Սարգսյանը կդառնա Հայաստանի հաջորդ վարչապետը։ Համենայն դեպս, նրա վերջին ելույթը խորհրդարանում գնացող նախագահի ելույթ չէր՝ այն ապագա քաղաքականության մասին էր, «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Մարուքյանը։

Հարցին՝ իսկապե՞ս, իր կարծիքով, այսօր լուրջ հակասություններ կան վարչապետ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, և նրանք 2018 թվականից հետո իշխանությունը իրենց ձեռքում պահելու խնդիր են լուծում, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. - «Այդ լուրերը կան, բայց մեծ հաշվով ներիշխանական էդ գզվռտոցը մեզ համար որևէ բան չի փոխում, այսինքն՝ մեր տեսլականի, մեր օրակարգի մեջ դա բան չի փոխում, որովհետև դա իրենց ներքին խնդիրն է, և վերջին հաշվով իրենք միշտ գալիս են վերջնական եզրահանգման և միասնական են: Ինչու՝ որովհետև միասնական են իշխանությունը պահելու շուրջ. կարող է միասնական չլինեն էսինչին նախարար նշանակելու, էնինչին չնշանակելու հետ կապված...»:

«Ձեր համար միևնո՞ւյն է՝ 2018-ի ապրիլից հետո Սերժ Սարգսյանը կլինի վարչապետի պաշտոնում, թե՝ Կարեն Կարապետյանը», - այս հարցին էլ Մարուքյանը պատասխանեց. - «Չէ, մեր համար միևնույն չէ, մեր համար շատ կարևոր հանգամանք կա, որ եթե մենք անցում ենք կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, մենք իրական անցում կատարենք՝ դա չլինի ձևական: Ես երբ որ Սահմանադրությունը քննարկվում էր, էն ժամանակ ասում էի, որ ինձ մոտ կա տպավորություն, որ նույն նախագահական կառավարումն է լինելու, ուղղակի էդ մարդու անունը լինելու է վարչապետ: Ինչու էի ես սա ասում՝ որովհետև խորհրդարանին փոխանցված լիազորությունների շրջանակը շատ քիչ է, եղածն էլ լղոզված է, և միանշանակ չէ էդ իշխանությունը, և էսօրվա եղած ներկապնակն էլ թույլ չի տալու էդ իշխանությունը իրացնելու: Նայեք, էն որոշումները, որոնք իբր թե պետք է ընդդիմության մասնակցությունը ապահովվեր, որպեսզի ընդունվեին՝ բարձր շեմ սահմանած, ինչ է պետք՝ 63 պատգամավոր, իրենք ունեն հիմա 65՝ ինչի՞ մասին է խոսքը, էդտեղ խնդիր չկա»:

«Մյուս կողմից նաև մենք հասկանում ենք, որ շատ հնարավոր է, այսինքն՝ ես անձնապես կարծում եմ, որ Կարեն Կարապետյանը այլևս չի լինելու վարչապետ: Թե հիմա կլինի վարչապետի թեկնածուն Հանրապետական կուսակցության Սերժ Սարգսյանը, թե այլ մարդ...», - շարունակեց ընդդիմադիր պատգամավորը, ի պատասխան հարցի՝ «ինչո՞ւ եք այդպես կարծում, որ 2018-ից հետո ինքը չի լինելու», հայտարարելով. - «Իմ տպավորությունն է, իմ տպավորությունն է եղած պրոցեսների և այսօր ունեցած արդյունքների հետ կապված: Որովհետև Հանրապետականը կարող է շատ կարճ ասել, որ վերջին հաշվով՝ «դուք որևէ առաջընթաց չեք ապահովել, որևէ բան չի փոխվել՝ բացի խոսելը բան չեք արել»: Դուրս է գալիս՝ էդ մարդուն օգտագործեցին՝ ձայն հավաքեցին և հետո ասելու են՝ «դե լավ, չստացվեց, լավ չես աշխատում, հիմա քեզ պետք է ազատենք», դրանից հետո քննարկեն, տեսնեն՝ իրենց մեջից ով կարող է լինել վարչապետ»:

Ավելին, ըստ Մարուքյանի, «նաև նախագահի ելույթը, Սերժ Սարգսյանի ելույթը խորհրդարանի՝ դա, ես կարծում եմ, երկար ձևավորված ապագա քաղաքականության մասին ելույթ էր, որը գնացող նախագահի ելույթ չէր, իմ պատկերացումը դրա մասին չէ, այսինքն՝ ես չեմ տեսնում էդտեղ գնացող նախագահի»: «Կարող են ասել՝ «գիտե՞ք, գնացող նախագահն ասում է՝ ա՛յ էս բաները էսպես պետք է լինի», բայց ոճը այդպիսին չէր: Այսինքն՝ խոսում էր էն կոնտեքստում, որ «պետք է դա արվի, և պետք է դա մենք անենք», և եթե «դա պետք է մենք անենք», ուրեմն՝ էլի մի հինգ տարի պետք է էդ պաշտոնները զբաղեցնեն էդ մարդիկ», - շեշտեց ընդդիմադիր պատգամավորը:

«Այսինքն, Դուք հավանական եք համարում, որ 2018-ի ապրիլից հետո երբ նա վայր դնի նախագահի լիազորությունները, հետո արդեն նրան կարող ենք տեսնել՝ Սերժ Սարգսյանին, վարչապետի պաշտոնում», - այս դիտարկմանն էլ Էդմոն Մարուքյանը արձագանքեց. - «Մենք երբեք դա չենք բացառել: Ես, ըստ էության, կարող է հիմա կարողանամ բացառել, որ Կարեն Կարապետյանը կլինի վարչապետ, բայց որ մնացածները կարող են լինել վարչապետ, չեմ բացառում՝ ոչ Սերժ Սարգսյանը, ոչ էլ, չգիտեմ...»:

Հիշեցնենք, 2015 թվականի սահմանադրական հանրաքվեից առաջ Սերժ Սարգսյանը վստահեցրել էր, որ այլևս երբեք չի առաջադրվի նախագահի պաշտոնում, նաև չի հավակնի վարչապետի պաշտոնին։ Այս տարվա ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ էլ Հայաստանի նախագահը, ով իշխող Հանրապետական կուսակցության առաջնորդն է, հայտարարել էր. - «Եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG