Մատչելիության հղումներ

Կառավարության կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունենա


Կառավարության կազմում էական փոփոխություններ տեղի չեն ունենա, հինգշաբթի երեկոյան հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Կուսակցությունը որոշել է հնարավորություն տալ Կառավարությանը այս կազմով՝ առանց էական փոփոխությունների, Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, շարունակել աշխատանքները», - իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խոսնակը։ - «Մենք, ընդհանուր առմամբ, այս փուլում դրական ենք գնահատում վարչապետ Կարապետյանի կաբինետի աշխատանքները», - հավելեց նա։

Էդուարդ Շարմազանովը մանրամասնեց, որ նոր նախարար կլինի միայն Դավիթ Հարությունյանը, ով նախկինում զբաղեցնում էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը։ - «Արդարադատության նախարարը կլինի Դավիթ Հարությունյանը։ Մնացած բոլոր նախարարները՝ այդ թվում Հայ հեղափոխական դաշնակցության մեր գործընկրները կվերանշանակվեն», - մանրամասնեց ՀՀԿ խոսնակը։

Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարի պաշտոնում կփոխարինի Արփինե Հովհաննիսյանին, ով ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ստանալով պատգամավորական մանդատ, ընտրվել էր Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։

Հիշեցնենք՝ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցրել է նաև 1998-2007 թվականներին:

Հինգշաբթի երեկոյան Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր ստորագրեց՝ վերանշանակելով նախարարների զգալի մասին։ Ակնկալվում է, որ շուտով կհրապարակվեն նաև մյուս նախարարների վերանշանակման մասին հրամանագրերը։

Շարմազանովը չբացառեց 2018թ․-ին վարչապետի փոփոխությունը

Պատասխանելով «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է 2018թ․-ին, երբ ավարտվի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, ՀՀԿ-ն նոր վարչապետ առաջադրի՝ խորհրդարանի հանրապետական փոխխոսնակը չբացառեց նման տարբերակը․ - «Մենք այս պահին ապրում ենք 2017 թվականի մայիսին, և մենք այս պահին խոսում ենք մայիսյան կառավարության մասին։ Թե ինչ կլինի 2018 թվականի ապրիլից հետո՝ կապրենք՝ կտեսնենք»։

Անդրադառնալով լրատվամիջոցների էջերից վերջերս չիջնող քննարկմանը, թե հակասություններ են առաջացել մի կողմից նախագահ Սերժ Սարգսյանի, իսկ մյուս կողմից վարչապետ Կարեն Կարապետյանի և ռուսահայ մեծահարուստ Սամվել Կարապետյանի ու նրա եղբոր՝ Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի միջև՝ Շարմազանովը նշեց․ - «Պատգամավոր Կարեն Կարապետյանը ներկա է եղել գործադիր մարմնի նիստին այսօր։ Ինչ վերաբերում է թվացյալ և շինծու հակասություններին՝ մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն։ Մեր կուսակցությունը մեկ քաղաքական թիմ է, մեր կուսակցության մեջ չկան թիմեր։ Այդ քաղաքական թիմի ղեկավարը Սերժ Սարգսյանն է, վարչապետ Կարեն Կարապետյանը մեր կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի առաջին տեղակալն է»։

XS
SM
MD
LG