Մատչելիության հղումներ

Նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու կարիք Հայաստանում չկա․ Հայկ Գևորգյան


Տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի կարծիքով՝ «նոր հակակոռուպցիոն մարմիններ ստեղծելու որևէ կարիք Հայաստանում չկա բացարձակապես»: Այդ մասին նա ասաց «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ՝ պարզաբանելով․ - «Որովհետև եղած ստանդարտ իրավապահ մարմինները, որոնք մեզ բոլորիս հայտնի են, ասենք՝ Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն, Դատախազություն, լիուլի բավարար լիազորություններ ունեն Հայաստանում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար տանելու համար»:

«Այլ խնդիր է, որ նրանք, եթե անկեղծ լինենք, ընդհանրապես չեն պայքարում կոռուպցիայի դեմ: Մեկ-երկու ձերբակալություններ՝ դրանք որևէ կերպ չեն ազդում կոռուպցիայի ընդհանուր մակարդակի նվազման վրա, իհարկե: Եվ նոր մարմինը չեմ կարծում, որ ինչ-որ արմատական փոփոխություններ կկարողանա իրականացնել, եթե նույնիսկ ցանկանա», - ընդգծեց Գևորգյանը:

Վերջին օրերին, հիշեցնենք, լայն քննարկման առարկա է դարձել Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի հիման վրա ստեղծվելիք հակակոռուպցիոն մարմինը, որին 2018 թվականից նախատեսվում է ինքնավար կարգավիճակ տալ: Քաղաքացիական հասարակությունը, մասնավորապես, վստահ չէ, որ այդ նոր կառույցը անկախ է գործելու:

Հայկ Գևորգյանի համոզմամբ, «կոռուպցիայի հիմքը Հայաստանում զուտ քաղաքական բնույթ ունի՝ դա գործող իշխանության գործունեության արգասիք է ընդամենը, ու հիմա այդ գործող իշխանությունը պիտի ձևավորի այդ մարմինը, որը պիտի պայքարի կոռուպցիայի դեմ»:

«Ես չեմ կարծում, որ այդտեղ կկարողանան ինչ-որ լուրջ հաջողություններ գրանցել: Գուցե սկզբնական շրջանում ինչ-որ ցուցադրական բաներ կլինեն, ինչ-որ ներկայացումներ, բայց կոռուպցիայի բուն արմատին, բնականաբար, որևէ մարմին այսօր Հայաստանում չի կարող հասնել, որովհետև մարմինները ձևավորում է հենց իշխանությունը՝ այն իշխանությունը, որը հենց ձևավորում է այս կոռուպցիոն համակարգը», - ասաց մեկնաբանը և շարունակեց․ - «Ինչի մասին է խոսքը, եթե մենք ունենք Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն, Ոստիկանություն, չգիտեմ, քննչական մարմին, Հատուկ քննչական ծառայություն, և այլն, և այլն: Այդ բազմազաբնությունը այդ մարմինների որևէ կերպ չի հանգեցրել կոռուպցիայի էական նվազման Հայաստանում»:

«Սա կլինի հերթական մի մարմին, որի մասին, ասենք, մի քանի ամիս, մի քանի տարի հետո մենք կմոռանանք», - վստահ է Հայկ Գևորգյանը:

Հարցազրույցը ամբողջությամբ դիտեք այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG