Հիշեցնենք, այս պաշտոնը մինչև անցած շաբաթ զբաղեցնում էր Դավիթ Հարությունյանը, ով նախագահի հրամանագրով նշանակվեց Արդարադատության նախարար: Դավիթ Հարությունյանից առաջ՝ 2013-14 թվականներին, այս պաշտոնը զբաղեցնում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:
Շուրջ 4 տարի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնն արդարացնող իշխող Հանրապետականն այժմ որոշել է այն կրկին վերացնել:
Ի պատասխան «Ազատության» հարցին, թե որքանով է այս քաղաքականությունը բխում պետության շահերից, երբ իշխող Հանրապետականը կոնկրետ անձի կամ անձանց համար պաշտոններ է ստեղծում, իսկ հետո, երբ այլևս դրա անհրաժեշտությունը չի լինում, վերացնում է դրանք, Ազգային ժողովի պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը հորդորեց «մութ սենյակում սև կատու չփնտրել»․ պարզապես ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը այդ պաշտոնի անհրաժեշտությունը չի տեսնում:
Այս պաշտոնը, հիշեցնենք, 2013-ին ստեղծել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ հիմնավորելով, թե քանի որ գտնվում են փոփոխությունների ժամանակաշրջանում, ապա անհրաժեշտություն է առաջանում կոորդինացնել մի քանի գերատեսչությունների բարեփոխումները:
«Յուրաքանչյուր փուլում կառավարությունը ինքն է որոշում, թե դերերի ինչպիսի վերաբաշխում ունենալ, և յուրաքանչյուր պաշտոնատար անձին ինչպիսի դերակատարում վերապահել: Եվ այստեղ մութ սենյակում սև կատու փնտրելու անհրաժեշտություն չկա: Կառավարությունը, այո, այդ փուլում գտել է, որ տվյալ պաշտոնատար անձին նաև քաղաքական դերակատարում է վերապահում, որպեսզի նա մասնակցություն ունենա որոշակի քաղաքականության մշակմանը: Մյուս դեպքում վարչապետը որոշում է, որ իրականում էդտեղ տիրույթը վարչապետի և աշխատակազմի ղեկավար-նախարարի միջև է բաժանվում, մյուս դեպքում վարչապետը որոշում է, որ այդ գործառույթները ինքը կստանձնի և կառավարության առջև ինքը պատասխանատվություն կկրի: Այլևս քաղաքական որոշումներ, ծրագրեր և այլն, և այլն, այն, ինչ որ կանոնադրությամբ նախատեսված է, դուք այլևս չեք տեսնելու»:
Նշենք, որ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց կառավարության այս առաջարկին: Վաղը խորհրդարանն արտահերթ նիստում կքննարկի կառավարության կազմում կառուցվածքային փոփոխություններ կատարելու հարցը:
Ի դեպ ուշագրավ է, որ թեև կառավարությունն առաջարկում է նախարարի պաշտոնը հանել, բայց նախատեսում է կառավարության աշխատակազմի ղեկավարին տալ այնքան աշխատավարձ, որքան ստանում է նախարարը:
Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը պատաճառաբանեց, թե աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ծանրաբեռված աշխատանք է ենթադրում:
Ի դեպ, կարելի է ասել, որ որպես փոխզիջում կառավարությունը առաջարկում է բարձրացնել նաև Ազգային ժողովի նախագահի աշխատակազմի ղեկավարի աշխատավարձը:
Արդարադատության փոխանախարարը նշեց․ - «Հայաստանի Հանրապետության բյուջեով նախատեսված չէ ձեր առաջարկով պայմանավորված այդ ֆինանսական բեռը, սակայն նա այնքան փոքր է, խոսքը գնում է ամսեկան 132 հազար դրամի մասին, որ, կարծում եմ, մենք այդտեղ խնդիր չենք տեսնի: Եվ կիսում ենք ձեր դիրքորոշումը․ կարող է գործակիցը նույն լինել և՛ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի համար, և՛ կառավարության աշխատակազմի ղեկավարի համար»:
Հավելենք, որ ներկայիս կառավարությունը գործելու է մինչև 2018 թվականի ապրիլը, երբ ավարտվի Սերժ Սարգսյանի լիազորությունները: Դրանից հետո կառավարությունը հրաժարական է տալու, խորհրդարանը ընտրելու է նոր վարչապետ, և ձևավորվելու է նոր կառավարություն:
Ի դեպ գործադիրի կազմում էական փոփոխություններ տեղի կունենան հենց այդ ժամանակ: Ինչպես «Ազատության» հետ զրույցում նշեց պետաիրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի Հրայր Թովմասյանը, կարող է լինել 3 փոխվարչապետի պաշտոն: Կփոխվեն նաև կառավարության առընթեր 8 մարմինների կարգավիճակն ու գործառույթները․ դրանք կգործեն կա՛մ վարչապետի, կա՛մ կոնկրետ նախարարության ենթակայության ներքո: