Ամբողջ կազմով գործադիրի առաջարկին դեմ արտահայտնեց միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Կառավարության կառուցվածքի վերաբերյալ «Ելք»-ն այլ պատկերացումներ ունի: Ընդդիմադիրներն առաջարկում են կառավարության աշխատակազմի կառավարման պարտականությունները կվերապահել փոխվարչապետին, որոշ նախարարություններ միավորել, օրինակ՝ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, իսկ կառավարությանն առընթեր 8 մարմինները ներառել նախարարությունների կազմում:
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ իրենց առաջարկությունն ընդունվելու արդյունքում 19 նախարարների փոխարեն կլինեն 15-ը, կբարձրանա աշխատանքի արդյունավետությունը, կլինեն լուրջ ֆինանսական տնտեսումներ․ - «Առընթեր մարմինները նույնպես նախարարություններ են: Երկար տարիներ առաջ կարևոր մի քանի մարմիններ, օրինակ՝ Ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը առանձնացվել են Կառավարության կազմից, որպեսզի դուրս լինեն խորհրդարանական վերահսկողությունից»:
Օրինագիծը ներկայացնող Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ Կառավարության համար «Ելք»-ի առաջարկներն ընդունելի չեն: Ազգային ժողովի փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը (ՀՀԿ) նկատեց․ - «Կարծում եմ, այն առաջարկը, որը ներկայացվում է, վաղաժամ է: Ո՛չ սահուն, ո՛չ հանգիստ, ո՛չ էլ հանդարտ անցում չի ապահովվելու: Տասը ամսվա համար միանգամից էդ առաջարկը, որ ներկայացվեց, իմ խոին համոզմամբ, իրականում ուղղված է ավելի շատ կաթվածահար անելու կառավարության գործունեությունը»:
Նախագծի հիմնավորումներում նշված է․ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը վերացնելով՝ Կառավարության կառուցվածը համապատասխանեցվում է Սահմանադրության վերջին փոփոխություններին: Հաջորդ տարվանից նախարարների թիվը Կառավարությունում չի կարող գերազանցել 18-ը:
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Սահմանադրության դրույթը ուժի մեջ է մտնում հաջորդ տարվանից, ու հարց բարձրացրեց, թե ինչու են հիմա նախաձեռնել համապատասխանեցման գործընթացը․ - «Աշխատակազմի ղեկավարի պաշտոնի անվան մոտից «նախարար» բառը հանում եք, մնացած ամեն ինչը թողնում եք նույնը՝ և՛ աշխատավարձը, և՛ նրա տեղակալի աշխատավարձը․․․ Տպավորությունն էն ա, որ էդ «նախարար» բառն է խանգարում: Հիմա ես «նախարար» բառը ո՞ւմ և ինչո՞ւ է խանգարում»:
«2018-ին ուժի մեջ մտնող նորմով այս պահին, բնականաբար, կաշկանդված չենք, սակայն մենք փորձում ենք սահուն անցում ապահովենք, և այսօր ձևավորվող կառավարության կառուցվածքը հավանաբար կպահպանվի նաև 2018 թվականի փոփոխություններով Սահմանադրության համապատասխան դրույթները ուժի մեջ մտնելուց հետո: Ինչո՞ւ է մնացածը պահպանվել, միայն բառը հանվել․․․ Աշխատակազմի ղեկավարի գործառույթները բավականին լայն են, ինքը բավական ծանրաբեռնված է աշխատում, և դա է պատճառը, որ ուղղակի որևիցե պատճառ չկար, որ նրա աշխատավարձը նվազի», - արձագանքեց Արդարադատության փոխնախարարը:
Թեև Կառավարության աշխատակազմի ղեկավարն այլևս նախարար չի լինի, բայց նրա աշխատավարձը, Կառավարության առաջարկով, նույնը կմնա:
Աշխատավարձերի հարցը ընդդիմադիրների դժգոհությունն առաջացրեց: «Ելք»-ից Գևորգ Գորգիսյանը կոչ արեց ԱԺ-ին դեմ քվեարկել կառավարության առաջարկին․ - «Նախագծով աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը ստանալու է նույնքան աշխատավարձ, որքան պատգամավորը: Արդյո՞ք սա արդարացված է, և արդյո՞ք սա կրկին անգամ պատգամավորի դերի նվաստացում չէ»:
Արթուր Հովհաննիսյանի պատասխանը․ - «Չեմ կարծում, որ սա որևիցե մեկի նվաստացում է: Սա ընդամենը Կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի գործունեությամբ պայմանավորված գործակից է: Ստեղ նվաստացման հարց առհասարակ չկա»:
Գորգիսյանն արձագանքեց․ - «Ողջ Ազգային ժողովին ուղղակի կոչ կանեի դեմ քվեարկել այս նախագծին՝ առնվազն նման վերաբերմունքի համար»:
Նիկոլ Փաշինյանն առաջարկի տակ տողատակ տեսավ․ - «Կա երկու սուբյեկտ, որ հավակնում են 2018 թվականից հետո ստանձնել պետական իշխանությունը՝ վարչապետի կարգավիճակով, մեկը Սերժ Սարգսյանն է, մյուսը՝ Կարեն Կարապետյանը: Էս էրկու բևեռների միջև սկսվելու է որոշակի մրցապայքար իշխանությունը ստանձնելու համար: Եվ քանի որ կան մամուլում էլ տեղեկություններ, որ հենց էս փուլում՝ նախարարների նշանակման հարցում, Սերժ Սարգսյանի և Կարեն Կարապետյանի միջև մթնոլորտը էդքան էլ խաղաղ չի եղել, խնդիրը էկել-կենտրոնացել է այս աշխատակազմի ղեկավարի վրա: Եվ քանի որ նախարարի հարցում համաձայնություն հնարավոր չի եղել ձեռք բերել, հակասությունների պոտենցիալ է եղել, որոշել են նախարար բառը հանել և այս փուլում կնքել զինադադար»:
Հրայր Թովմասյանն (ՀՀԿ) արձագանքեց․ - «Եթե խոսում ենք իշխանության փոխանցման մասին, ապա այստեղ էն մեծամասնությունն է, որի ղեկավարը Հանրապետության նախագահն է: Եվ եթե էդպիսի բան լինի, էդպիսի որոշում չի ընդունվի»:
Խորհրդարանի արտահերթ նիստը սկսվեց ընդդիմադիրների դժգոհություններով: Կառավարությունն առաջարկել էր ներկայացված նախագծերը քննարկել հատուկ ընթացակարգով՝ յուրաքանչյուր հարցի քննարկման համար սահմանելով մինչև 90 րոպե ժամանակ:
Ընդդիմադիրներին դուր չեկավ ժամային սահմանափակումը:
Նախաձեռնությունը հիմնավորեց Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը․ - «Հաշվի առնելով նախագծերի ընդունման հրատապությունը՝ խնդիր կա դրանք ժամ առաջ ընդունելու: Եվ դա է պատճառը, որ առաջարկվում է առաջին ընթերցումից հետո նախագծերի երկրորդ ընթերցման քննարկումը իրականացնել 24 ժամվա ընթացքում»:
Էդմոն Մարուքյանն առաջարկեց Կառավարության նախաձեռնության մասին վերաբերմունքն արտահայտել շատ կոնկրետ քայլով՝ դեմ քվեարկությամբ: Պատգամավորի համոզմամբ՝ ժամանակի սահմանափակում դնելը խորհրդարանի նկատմամբ անհարգալից վերաբերմուք է․ - «Եթե առանց հասկանալու պետք ա ընթացք տանք շատ հապճեպ քննարկումներով, դրա հետևանքը շատ վատ ա լինելու: Էլի քննարկումները դուրս են մնալու էս շենքից, և դրսում ունենալու ենք այլ բաներ: Ուզո՞ւմ եք դրսում ունենալ այլ բաներ, հիմա քննարկումները հանեք շենքից: Հիմա դուք քննարկումները հանում եք շենքից»:
Մարուքյանի կոչին հետևեցին միայն «Ելք» դաշինքի պատգամավորները, և հարցերի քննարկման տևողությանը սահմանվեց մինչև 90 րոպե: