Մատչելիության հղումներ

Ընդդիմությունը պետք է ընդունի մեր որոշում կայացնելու իրավունքը. Արփինե Հովհաննիսյան


Արփինե ՀՈվհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 26-ը մայիսի, 2017թ․
Արփինե ՀՈվհաննիսյանը «Ազատության» տաղավարում, 26-ը մայիսի, 2017թ․

Ես ուրախ եմ խորհրդարան վերադառնալու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար, Հանրապետական կուսակցությունից համամասնական ցուցակով խորհրդարան ընտրված Արփինե Հովհաննիսյանը:

«Ես ուրախ եմ խորհրդարան վերադառնալու համար և ես դա սել եմ իմ նախընտրական ելույթում, որովհետև աշխատել եմ խորհրդարանում տևական ժամանակ, և կարծում եմ, որ հատկապես Սահմանադրական փոփոխություններից հետո խորհրդարան ունի շատ հետաքրքիր կարգավիճակ և լիազորություններ, և այս կարգավիճակով խորհրդարան վերադառնալը հաստատ ինձ համար թե՛ պատիվ է, և թե՛ պատասխանատվություն», - ասաց Հովհաննիսյանը:

«Ազատության» դիտարկմանը, թե շատ էր խոսվում, որ Սահմանադրության փոփոխություններով բարձրացվելու է ընդդիմության դերը, սակայն այս մի քանի օրվա ԱԺ նիստերը ցույց տվեցին, որ ոչինչ չի փոխվել Հանրապետականը շարունակում է մնալ միակ որոշումներ կայացնող կուսակցությունը, և ընդդիմությանը ձայնը ընդհանրապես լսելի չէ: Ավելին, ըստ «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանի, այս երկու-երեք օրվա ԱԺ գործունեությունը ջուրը գցեց Սերժ Սարգսյանի խոսքերը, Հովհաննիսյանն արձագանքեց:

«Ես սկզբունքորեն համաձայն չեմ, որովհետև պետք չէ աղավաղել մեծամասնության ու փոքրամասնության, կամ իշխանության ու ընդդիմության դերակատարումը ըստ, այսպես ասենք, իր դասական մոտեցումների: Տարբեր մոտեցումներ կան, կարելի է նայել Վենետիկի հանձնաժողովում խորհրդատվական զեկույցներ կան, որտեղ խոսվում է ժողովրդավարական հասարակություններում ընդդիմության դերի և իշխանության դերի մասին:Ի՞նչ են ցույց տալիս այդ վերլուծությունները: Սկսենք հետևյալից․ ժողովրդավարական հասարակությունում փոքրամասնությանը պետք է իրավունք վերապահվի լսելի դարձնելու իր ձայնը: Մեծամասնությանը պետք է հնարավորություն ընձեռվի արտահայտելու իր դիրքորոշումը, այն անելիքները, որ ինքը ուրվագծել է, որոշումներ կայացնելու միջոցով անի այդ անելիքները: [Ընդդիմությունը պետք է հարգի մեծամասնության որոշում կայացնելու իրավունքը], իսկ մեծամասնությունն էլ իր հերթին պետք է հարգի փոքրամասնության՝ իր հետ չհամաձայնելու իրավունքը ու հնարավորությունը:

Երբեք մեծամասնությունը որոշումներ կայացնելու իր իրավունքը չի կարող զիջել փոքրամասնությանը և ցույց տալ, որ փոքրամասնության դերակատարությունը բարձրանում է: Դա կեղծ թեզ է, այդ կեղծ թեզը առաջ տանելը նշանակում է ի սկզբանե․․․Ի վերջո, ընտրություններն ինչի՞ն են միտված՝ ձևավորելու մեծամասնություն, որը պետք է որոշում կայացնի:

Հերթով, այն որոշումները, որոնք պատկանում են մեծամասնությանը, իր՝ մեծամասնություն լինելու փաստի ուժով, ընդդիմությունը ցանկանում է իրեն վերցնել: Եվ դա նշանակում է, որ դուք չե՞ք զիջում, դուք նո՞ւյնն եք: Խնդրում եմ, ուսումնասիրեք փաստերը 2008-ից առաջ և 2008-ից հետո, որը արդեն շարունակական միտում ունի, և տեսեք՝ ընդդիմությունը առհասարակ որևէ դերակատարություն ունեցե՞լ է, թե՞ չէ, որևէ քվոտա, տեղեր հատկացված եղե՞լ են, թե՞ չէ: Չի կարելի միանգամից տասը բան ուզել, կամ հեց առաջին քայլափոխից ասել՝ տվեք մեզ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, և մենք կհամարենք, որ դուք իրոք ընդդիմությանը դերակատարություն տվեցիք:

Ընդդիմության դերակատարությունը այլընտրանքային լուծումներ առաջարկել է և մեծամասնության ուղուն սկզբունքորեն հակադրվելը: Դա, իհարկե, չի նշանակում ամեն գնով հակադրվել, բայց դա դասական ժողովրդավարությունն է: Զիջել՝ քաղաքական զիջումների կոնտեքստում, բայց իրավունքների հատկացման տեսանկյունից, դա նշանակում է պարզապես խաչ քաշել ընտրությունների արդյունքների վրա և ասել՝ սիրով ձեզ ենք զիջում որոշում կայացնելու մեր հնարավորությունը», - ասաց պարգամավոր Արփինե Հովհաննիսյանը:

Արփինե Հովհաննիսյանին արդարադատության նախկին նախարարն է: Նա ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, ստանալով պատգամավորական մանդատ, ընտրվել էր Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում։ Արդարադատության նախարարի պաշտոնում նրան կփոխարինի կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG