Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Գորիսի աղմկահարույց ծեծկռտուքի մասնակից Տիգրան Խաչատրյանը այսօր երեկոյան ինքնակամ ներկայացել է Գորիսի ոստիկանության բաժին՝ հարցաքննության, այս մասին քիչ առաջ հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեն։
Առայժմ հայտնի չէ նրան մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ:
Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, որ «իրականացվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարված հանցագործության հանգամանքները պարզելու համար»։
Օրեր առաջ Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ իրավապահները չեն կարող ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին բերման ենթարկել, «քանի որ նրանք մայիսի 8-ից բացակայում են երկրից»։
Մայիսի 2-ին «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած վիճաբանությունից ու ծեծկռտուքից հետո 32 տարեկան Հարութ Զաքարյանը կորցրել է մեկ աչքի տեսողությունը, մյուս եղբայրը՝ քթի վիրահատություն է տարել։ Դեպքից երկու օր անց քրեական գործ է հարուցվել խուլիգանության փաստով, սակայն մինչ օրս պաշտոնապես չի հաղորդվում այս գործով բերման ենթարկվածների կամ մեղադրյալների մասին։
Տիգրան Խաչատրյանը Գորիսում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի գործով անցնում էր որպես վկա, մոտ տասն օր առաջ նա Ոստիկանություն ներկայանալու ծանուցում էր ստացել, սակայն մինչ օրս չէր ներկայացել։