Մատչելիության հղումներ

Իշխող կուսակցության խոսնակը «չի տիրապետում» Գորիսի գործի մանրամասներին


ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ասուլիսի ժամանակ, արխիվ

Շարմազանովը վստահեցնում է՝ «Հայաստանում կա դատական իշխանություն, որը անկախ է»:

Սյունիքի մարզպետ, բարձրաստիճան հանրապետական Սուրիկ Խաչատրյանի որդու հետ կապված պատմության մանրամասներին իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղյակ չէր:

Հինգշաբթի երեկոյան ավարտված ՀՀԿ-ի գործադիր մարմնի նիստից հետո «Ազատության» հարցին՝ արդյոք չե՞ն պատրաստվում քննարկել այս թեման կուսակցական նիստում, Շարմազանովը պատասխանեց, որ դրա համար կան լիազոր մարմիններ, ու շարունակեց խոսքը՝ հայտարարելով,որ պաշտոնյաների հարազատները պետք է գիտակցեն, թե ինչ պատասխանատու պաշտոն է տրված իրենց ընտանիքի ներկայացուցչին։

«Անկախ նրանից՝ ում որդին է, ում բարեկամն է, ում հարևանն է, եթե մարդը անցնում է օրինականության սահմանը և խախտում է օրենքը, պետք է պատժվի: Եվ էդ իմաստով սա մեր ընդհանուր գնահատականն է», - ասաց իշխող կուսակցության խոսնակը:

«Կոնկրետ Գորիսի հետ կապված դեպքերը՝ ես մանրամասներին չեմ տիրապետում, և պետք է ուղղեք ոչ ինձ այդ հարցերը՝ ես չեմ այն պաշտոնյան, որը էդ հարցին ձեզ կարող է տալ ամբողջական պատասխան», - նշեց Շարմազանովը՝ հավելելով․ - «Բայց կարող եմ ամբողջական պատասխան տալ իմ և մեր կուսակցության փիլիսոփայության հետ էդ հարցի վերաբերյալ․ ցանկացած պաշտոնյայի ընտանիքի ներկայացուցիչ, այդ թվում՝ Էդուարդ Շարմազանովի ընտանիքի յուրաքանչյուր ներկայացուցիչ, պետք է գիտակցի, որ պաշտոնը տրված է, վստահված է իրենց ընտանիքի ներկայացուցչին ոչ թե վայելքի համար, այլ՝ պատասխանատվության համար»:

«Ընդդիմադիր պատգամավորները պնդում են, որ Հանրապետականը օգտագործում է իր լծակները և պաշտպանում է իր ազդեցիկ կուսակցականի որդուն», - «Ազատության» այս հարցադրմանը իշխող կուսակցության խոսնակը արձագանքեց․ - «Ընդդիմադիր պատգամավորները թյուրիմացության մեջ են գցում ձեզ: Հանրապետականը դատական իշխանության ներկայացուցիչ չէ․ Հայաստանում կա դատական իշխանություն, որը անկախ է»:

Հիշեցնենք՝ երեկ երեկոյան Հայաստանի քննչական կոմիտեն, վկայակոչելով Ոստիկանությունից ստացված տեղեկատվությունը, հայտարարեց, որ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ի ծեծկռտուքին առնչություն ունեցող անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու որոշում էր կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ բացակայում են երկրից։ Ավելի վաղ Քննչական կոմիտեն որոշել էր հարկադիր բերման ենթարկել նաև գործով որպես վկա անցնող Տիգրան Խաչատրյանին՝ Սուրիկ Խաչատրյանի որդուն։ Հաղորդագրությունում նշվում է, որ քաղաքացիները երկրից բացակայում են մայիսի 8-ից, մինչդեռ երկու օր առաջ Սյունիքի մարզպետը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ իր որդին «Հայաստանը չի լքել»:

Քննչական կոմիտեն հայտարարում է, որ ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ միջադեպին մասնակից կամ հնարավոր մասնակցություն ունեցած բոլոր անձանց վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG