Գլխավոր Դատախազությունը ցուցում է տվել բերման ենթարկել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի մասնակիցներին ու վկաներին։
Դատախազությունը չի մանրամասնում՝ արդյո՞ք ցուցումը վերաբերում է նաև Տիգրան Խաչատրյանին: Քննչական կոմիտեից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ Տիգրան Խաչատրյանին նախաքննական մարմին ներկայանալու ծանուցագիր է ուղարկվել, սակայն հրաժարվեցին հստակեցնել՝ մարզպետի որդին ներկայացե՞լ է, թե՞ ոչ։ Սոնա Տռուզյանը չպատասխանեց նաև հարցին՝ Տիգրան Խաչատրյանը վկայի՞, թե՞ կասկածյալի կարգավիճակով է հրավիրվել։
Մարզպետի հետ զրուցել այսօր էլ չհաջողվեց։ Սուրիկ Խաչատրյանի աշխատանքային հեռախոսահամարներին, ինչպես անցած շաբաթ, այնպես էլ այսօր՝ պատասխանող չեղավ, իսկ նրա կինը՝ Լորետա Բարսեղյանը, որդու անունը լսելուն պես հրաժարվեց խոսել և անջատեց հեռախոսը:
Այն, որ Տիգրան Խաչատրյանը չի ներկայացել քննչական մարմիններին, այսօր «Ազատության» հետ զրույցում հաստատեց մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը։ Գնդապետ Հովհաննիսյանն անձամբ է խոսել մարզպետի և նրա որդու հետ, ասում է՝ Խաչատրյանները հերքում են իրենց մասնակցությունը վիճաբանությանը, որի արդյունքում տուժող Հարութ Զաքարյանը զրկվել է մեկ աչքի տեսողությունից։
Տուժողի հայրը վստահեցնում է՝ թե՛ ինքը, թե՛ ծեծկռտուքից տուժած որդիները իրավապահներին պատմել են եղելությունն ու հստակ անուններ տվել: Հոր խոսքով, մարզպետի որդու հետ ծեծկռտուքի ժամանակ դաժան ծեծի է ենթարկվել ոչ միայն Հարութը, այլև ավագ որդին՝ Մուշեղ Զաքարյանը։ Այսօր նրան նույնպես տեղափոխել են հիվանդանոց՝ անհրաժեշտ է վիրահատություն: - «Քիթը ջարդված է», - ասում է հայրը, - «Էդ նույն ծեծկռտուքի ժամանակ․․․ դատաբժիշկը նայել է, եզրակացությունները կա: Ինքն էլ հիմա հիվանդանոցում այս պահին անալիզներ է տալիս, որպեսզի շտապ վիրահատեն»:
Քթի կոտրվածքով Մուշեղ Զաքարյանը միջադեպից տասն օր անց դեռ տուժող չի ճանաչվել, միակ տուժողը մեկ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանն է:
Ինչո՞ւ է պարբերաբար անպատիժ մնում Սուրիկ Խաչատրյանի ընտանիքը, ինչո՞ւ մինչ այժմ ձերբակալվածներ չկան, ովքե՞ր են ծեծկռտուքի հիմնական կասկածյալները, այս և գործին վերաբերող տասնյակ այլ հարցերին՝ շաբաթ օրը լրագրողների տեսադաշտում հայտնված Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը խուսափում էր արձագանքել:
Թեև այդ ծեծկռտուքից մեկ աչքի տեսողությունը կորցրած Հարութ Զաքարյանի ծնողները հայտարարում են, որ Սյունիքի մարզպետի որդիներն իրենց շրջապատով վիճաբանում, ծեծում ու վախի մեջ են պահում Գորիսի բնակչությանը, ոստիկանապետ Վովա Գասպարյանը ևս անցած շաբաթավերջին հայտարարեց՝ ոստիկանությունը այս գործով անելիք չունի․ - «Քրեական գործ կա հարուցված և քննություն է գնում: Ի՞նչ պետք է անի ոստիկանությունը»:
Ի դեպ՝ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի գործը տեղափոխվել է Երևան, քրեական գործի նախաքննությունը կշարունակի Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով վարչությունը։