Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին մինչ այս պահը բերման չի ենթարկվել։
Ինչպես պարզաբանում է Քննչական կոմիտեն, Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի հետ առնչություն ունեցող անձինք, որոնց հարկադիր բերման ենթարկելու մասին որոշում էր կայացվել, չեն կարող ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին, քանի որ մայիսի 8-ից բացակայում են Հայաստանից։
Մինչ այս Քննչական կոմիտեից հաստատել էին, որ որոշում է կայացվել նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին հարկադիր բերման ենթարկելու մասին: Տիգրան Խաչատրյանը գործով որպես վկա է անցնում:
Երեկ Սյունիքի մարզպետը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ իր որդին «Հայաստանը չի լքել»:
Հարցաքննության չներկայացող Խաչատրյան կրտսերին որոշվեց բերման ենթարկել Գորիսում մայիսի 2-ին տեղի ունեցած ծեծկռտուքից միայն տասն օր անց։
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի խոսքով՝ այն, որ Սյունիքի մարզպետի որդին բերման չի ենթարկվել, ամենևին էլ ոստիկանության և Քննչական կոմիտեի միջև հակամարտության մասին չի վկայում։
Հայտարարված որոշումն ի կատար ածելու հանձնարարություն չեն ստացել, կարծում է իրավապաշտպանը.- «Տեսնում եմ հստակ հանձնարարականի բացակայություն ՀՀ համար մեկ իշխանավորի կողմից։ Նրանք բոլորը սպասում են, թե ինչ հանձնարարություն է լինելու վերևից։ Եթե կլինի բերման ենթարկելու հանձնարարություն, ապա բերման կենթարկեն։ Կլինի հանձնարարություն բերման ենթարկել, խրախուսել և ազատ արձակել, կբերեն, կխրախուսեն և ազատ կարձակեն։ Լինի հանձնարարական բերել, ձևական պատիժ նշանակել և որոշ ժամանակ հետո ազատ արձակել, կանեն դա»։
Հարությունյանը զուգահեռ անցկացրեց այս հարցում իրավապահների դանդաղկոտության ու նախագահականի դիմացից սևազգեստ կանանց արագորեն հեռացնելու՝ երեկվա միջադեպի միջև: Ոստիկանական դիմադրության հանդիպած զոհված զինծառայողների մայրերը դարպասների մոտ պահանջում էին Սերժ Սարգսյանի հետ հանդիպում։
«Այն, ինչ կարելի է Սուրիկ Խաչատրյաններին և նրանց ընտանիքի անդամներին, չի կարելի մնացած բոլորին։ Եթե նրանց կարելի է նույնիսկ ծանրագույն հանցագործություններ գործել և մնալ անպատիժ կամ խրախուսվել դրանց համար, ապա սովորական քաղաքացին ցանկացած զանցանքի համար կարող է պատժվել։ Օրինակ, այդ կանայք, ենթադրենք զանցանք էին թույլ տվել, և իշխանությունները իրենց ողջ ուժը և եռանդը ներդրեցին օրենքի այդ կետը ապահովելու համար»,- ասաց իրավապաշտպանը։
Օրենքի հավասարությունից խոսող Հանրապետական կուսակցության մի քանի անդամներ այսօր հրաժարվեցին արձագանքել «գորիսյան սագային»՝ ինչո՞ւ իրավապահներին այդպես էլ չի հաջողվում բերման ենթարկել Սուրիկ Խաչատրյանի որդուն։
Լրագրողները արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանից են այսօր հետաքրքրվել՝ Սուրիկ Խաչատրյանին ու որդուն ինչպե՞ս են անընդհատ խուսափում պատժից։ Կոնկրետ գործեր, ասել է նախարար Մանուկյանը, չի ուզում մեկնաբանել, բայց անպատժելիությունը, նրա կարծիքով նույնպես վատ բան է։
Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում տեղի ունեցած դեպքը իրավապահները որակել են խուլիգանություն, քրեական գործն այդ հոդվածով է հարուցվել։ Մինչդեռ գորիսեցի Զաքարյանները պնդում են, որ երկու որդիները ծանր վնասվածքներ են ստացել Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ ծեծկռտուքի ընթացքում։ Հարութ կորցրել է աչքի տեսողությունը,Մուշեղը՝ քթի կոտրվածք ստացել։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեցին Զաքարյանների հարազատները, Հարութին երեկ տեղափոխել են Մոսկվա։ Նրանց պնդմամբ, երիտասարդի վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Թե ո՞ր հիվանդանոցում է Հարութը շարունակում բուժումը, հարազատները հրաժարվում են ասել անվտանգության նկատառումներով։
Քթի կոտրվածք ստացած Մուշեղին վիրահատել են երեկ Երևանում։ Նա, ի տարբերություն աչքը վնասած եղբորը, գործով տուժող չի ճանաչվել։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի խոսքով՝ երիտասարդն այսօր է հարցաքննվել։ Նրա հետ զրույցն, ըստ Տռուզյանի, հետաձգվել է վիրահատության պատճառով։ Գործում դեպքից 12 օր անց մեղադրյալներ չկան։