Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը երկարացվեց

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց քննիչի միջնորդությունը և երկու ամսով երկարացրեց Շանթ Հարությունյանի կալանքի ժամկետը:

Չորրորդ օրը հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանի կինը, մինչդեռ, հայտարարում է ամուսնու առողջական վիճակի ծայրահեղ վատացման մասին՝ պնդելով, որ նրա կյանքին վտանգ է սպառնում:

Ռուզան Բադալյանը հիշեցնում է, որ այսօր տարվա վերջին աշխատանքային օրն է, և մինչև հունվարի 8-ը այլևս հնարավորություն չեն ունենալու կալանավայրից տեղեկություններ ստանալ․ - «Վատառողջ է: Առանց սնունդի ընդունում է դեղամիջոցներ, շատ ծխում է: Արդեն վտանգված է նրա առողջությունը: Ես մտավախություն ունեմ նրա կյանքի համար»:

Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձից մինչև օրս՝ մոտ երկու ամիս, նրան տեսակցելու իրավուքն ունի միայն փաստաբանը: Նրա կնոջ խոսքով՝ սա ավելի հիմնավոր է դարձնում Շանթի մտավախություններն իր անվտանգության վերաբերյալ:

Ռուզան Բադալյանն այս արգելքը նաև ընտանիքի նկատմամբ հալածանք է որակում, հոգեբանական ճնշում, որ հիշեցնում են սովետական իշխանությունների մեթոդները՝ ամիսներով մեկուսացնել քաղբանտարկյալներին:

Այս գործով կալանավորված Վահե Մկրտչյանի կինը՝ Մարգարիտա Ստեփանյանը տարակուսած է․ նույնիսկ վտանգավոր հանցագործները տեսակցության իրավունք ունեն, ինչո՞ւ ինքը չի կարող ամուսնուն գոնե զանգահարել։

«Երբ Վահիկը 24 տարեկանում զենքը ձեռքին գնում էր սահմանները պաշտպանելու, ոչ ոք չէր բռնում ու կալանավորում, թե այս անչափահաս երեխան ուր է գնում: Ազատության համար տենչող մարդկանց ազատությունը այսօր սահմանափակված է, դեռ քիչ է՝ մի հատ էլ ընտանիքների հետ չկա տեսակցություն»:

14 կալանավորվածների հարազատները պահանջում են անհապաղ վերացնել տեսակցությունների այս արգելքը՝ հակառակ դեպքում նրանք մտադիր են տարին սկսկել բողոքի ակցիաներով:

«Միթե պարզ չէ, որ սա մանրոգի, փոքրոգի, ճղճիմ հաշվեհարդար է այն բոլոր քաղաքացիների նկատմամբ, ովքեր փորձում են իրենց ձայնը բարձրացնել այս իշխանությունների դեմ», - ասաց Մարգարիտա Ստեփանյանը:

«Եթե մարդը պայքարում է իր իրավունքների համար, նշանակում է նրան պետք է ձերբակալե՞լ: Նրանք ստեղծում են այնպիսի պայմաններ, որ մարդը լքի իր երկիրը, իսկ եթե ես չեմ ուզում լքել, նշանակում է պետք է հնազանդվեն պետություն ամեն մի անօրինականությա՞նը», - ասաց կալավորածներից մեկի կինը: