Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի հետ ձերբակալված ուսուցիչն ազատ չարձակվեց


Վերաքննիչ դատարանը հրաժարվեց ազատ արձակել Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված ուսուցիչ Սևակ Մնացականյանին, ով մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

25-ամյա երիտասարդը այդ գործով եզակի կալանավորվածներից է, ով ունի փաստաբան և ում բողոքը հասել է Վերաքննիչ դատարան։ Սևակ Մնացականյանի ընտանիքը նախօրեին նույնիսկ չէր կասկածում, որ դատարանը կփոխի նրա խափանման միջոցը, տարակուսելով՝ «բայց ի՞նչ է արել, որ բանտում պահեն»։

Նա մեղադրվում է ոստիկանին հրելու մեջ, մեղքը հաստատվելու դեպքում Սևակ Մնացականյանին սպառնում է մինչև 5 տարվա ազատազրկում։ Նրա մայրը՝ Նորա Զաքևոսյանը, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց, որ միջադեպի վայրում որդին հայտնվել է պատահաբար, ընկերոջ հետ այդ տարածքում են պայմանավորված եղել, որ գնան պարապմունքի։ Տեղ հասնելով, նկատել է խառնաշփոթ ու գետնին ընկած ընկերոջը՝ նույն գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանին:

«Որ տեսնում է Ավետիսին գցել են գետնին (Ավետիսն էլ երկու ամիս առաջ աչքերի վիրահատություն էր տարել), ուղղակի վազում է, որ օգնի, բարձրացնի ընկերոջը, այդքան բան։ Հիմա ասում են՝ դու խանգարել ես ոստիկանի գործունեությանը, բայց եթե ընկածը ոստիկան լիներ, ինքն էլի կմոտենար ու կբարձրացներ»,- ասաց մայրը։

Երկուսին էլ անմիջապես բերման են ենթարկել, հետո կալանավորել։ Սևակ Մնացականյանի փաստաբան Անդրանիկ Աբաջյանը փոխանցեց, որ որևէ դրվագ չկա ոստիկանին նույնիսկ դիմադրություն ցույց տալու մասին, իսկ դատարանը հաշվի չի առել, որ խառը իրավիճակում հրմշտոց կարող է լինել։

«Այդ օրվա երթի ընթացքում բոլոր ձերբակալվածների միջև հավասարության նշան է դրված՝ անկախ արարքից։ Բա ո՞նց կարող էր գետնին գցած ընկերոջը տեսներ ու չփորձեր բարձրացնել», - վրդովված էր Նորա Զաքևոսյանը, ում ի դեպ չէր հետաքրքրում ոչ Շանթ Հարությունյանը, ոչ էլ նրա ճակատագիրը։ Ասաց՝ Շանթին որդին մինչև ոստիկանություն բերման ենթարկվելը չի էլ ճանաչել:

«Շանթին ինքը չի ճանաչել, նույնիսկ, երբ մտնելիս են եղել հարցաքննության, Շանթը մոտեցել է, ասել է՝ «դե դու իմ անունը գիտես, արի ծանոթանանք, տղա ջան, քո անունը ոնց է»։ Այդտեղ ոստիկաններ էլ են եղել, բնականաբար լսած կլինեն», - պատմում է նա:

Կալանավորվածը կրտսեր որդու անունը Շանթ է դրել


Ի տարբերություն «Հայ ասպետ» հիմնադրամում ու դպրոցում սպորտ դասավանդած Սևակ Մնացականյանի, այդ նույն մեղադրանքով կալանավորված 43-ամա Ալեք Պողոսյանը Շանթ Հարությունյանի մտերիմներից է․ այնքան մտերիմ, որ կրտսեր որդու անունը Շանթ է դրել ընկերոջ պատվին։ Մասնակցել է նստացույցին, միջադեպի օրն էլ Շանթ Հարությունյանի հետևում կանգնած է եղել:

«Բա անարդարություններից ո՞վ չի վրդովվում», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հարցնում էր կալանավորվածի մայրը՝ Նելիկ Ալավերդյանը, ում համար անընդունելի էր Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելը,- «Ճիշտ խոսողի գլխարկը ծակ է, այդպիսի մի ասացվածք կա չէ՞, ճիշտ խոսողի փափախը ծակ է։ Հիմա ճիշտ խոսում է էդ մարդը, ասում են՝ հոգեբուժարանի կարիք ունի, ճիշտ խոսողներին ո՞վ է հարգում, ընդունում ու սիրում, ոչ ոք, ուր մնաց՝ կառավարությունը սիրի։ Իհարկե, անարդարությունը բոլորին է տհաճ, ուղղակի որոշ մարդիկ չեն համարձակվում ասել»։

Ալեք Պողոսյանն էլ պատմություն է դասավանդել դպրոցում, եղել է Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի գյուղապետը, հինգ երեխա ունի, աշխատանքը կորցնելուց հետո սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքը գոյատևել է բազմազավակության 50 հազար դրամ նպաստով։ Ղարաբաղյան պատերազմի մասնակից է.

«Ուսումը թողել է կիսատ, գնացել Ղարաբաղ։ Ախպերս եկավ, ինձ վրա բարկացավ՝ «գիտե՞ս տղադ որտեղ ա, Ղարաբաղում հրացանը վերցրած կռիվ ա անում, չի ասում ՝ ես պիտի դասի գնամ սովորեմ»... ի՞նչ անեմ, մարդու գաղափարը դա էր՝ հայրենիքին, կողքինին պաշտպանի, իր երեխուց կկտրի, մենակ թե ընկերոջը, բարեկամին, հարևանին լավ լինի։ Շանթն էլ ընկերն էր, բնականաբար, չէր դավաճանի, այդպես չէր լինի»,- ասաց Ալեք Պողոսյանի մայրը, ով տեսել էր միջադեպի կադրերը և պնդում էր, որ ոստիկանին հարվածելու որևէ դրվագ չկա այնտեղ:

«Չէ, չէ, չէ, երբեք: Հենց այնպես բռնեցին տարան։ Ուղղակի փայտը ձեռքին էր, փայտը ձեռքին կանգնած էր, ձեռքից վերցրին փայտը ու իրեն էլ ձեռքերից բռնած տարան խցկեցին մեքենան։ Շանթի հետևում կանգնած էր, դա բավական էր, պատճառ էր, որ բռնեն տանեն, իրենց առիթ էր պետք, առիթը բաց չթողեցին», - ասում է նա:

«Ոստիկա՞ն, նա իսկի իր երեխաներին չի ծեծում, ո՞ւր մնաց՝ ոստիկան»,- ասում էին հարևանները։

Ալեք Պողոսյանի կալանավորման որոշումը չի բողոքարկվել, անապահով ընտանիքը չգիտեր որևէ հանրային պաշտպան նրան պաշտպանում է թե՝ ոչ:

Նոյեմբերի 5-ի բախումներում ձերբակալված 14 հոգուց, Սևակ Մնացականյանից բացի առայժմ միայն մեկը՝ Տիգրան Պետրոսյանն է բողոքարկել իրեն կալանավորելու վճիռը։ Մեծ մասը կամ դեռ փաստաբան չունեն, կամ ընտանիքները տեղեկություն չունեն նրանց մասին։ Տեսակցությունների վրա դեռ արգելանք է դրված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG