Մատչելիության հղումներ

Ոստիկանապետը «փիլիսոփայորեն» է մոտենում Պուտինին ակցիաներով դիմավորելու կոչերին


Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ
Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյան, արխիվ

«Ազատության» հետ զրույցում Վլադիմիր Գասպարյանը նաև վստահեցրեց, որ առնչություն չունի Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը:

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «փիլիսոփայորեն» է վերաբերվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բողոքի ակցիաներով դիմավորելու՝ Հայաստանում հնչող կոչերին: Այդ մասին նա հայտարարեց երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում։

Պուտինի Հայաստան այցը սպասվում է հաջորդ շաբաթ: Հայաստանի նախագահի աշխատակազմը այդ մասին դեռ պաշտոնապես չի տեղեկացնում, բայց Շիրակի մարզպետարանը Ռուսաստանի նախագահին սպասում է դեկտեմբերի 2-ին. ակնկալվում է, որ նա վայրէջք կկատարի Գյումրիում, հետո կժամանի Երևան։ Որոշ ակտիվիստներ ու իրավապաշտպաններ բողոքի ակցիաներ են նախաձեռնում ընդդեմ պուտինիզմի․ համոզմունք հայտնելով, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացն իրականացվում է նաև Պուտինի սպառնալիքների քաղաքականության շնորհիվ, նրանք անհրաժեշտ են համարում, որպեսզի Ռուսաստանի նախագահին հայ հասարակությունը ցույց տա իր բացասական վերաբերմունքը:

«Մեր հասարակության համար դա նորություն չէ, որ ցանկացած բան փորձեն ինչ-որ մի ձևով աղաղակել, աղավաղել։ Այնպես որ՝ մոտենում եմ փիլիսոփայորեն դրան», - ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ հավելելով, որ ոստիկանությունը պատրաստ է այդ ակցիաներին. - «Դուք երբևիցե տեսե՞լ եք չպատրաստված ոստիկանություն այս ընթացքում, իհարկե՝ պատրաստ ենք»։

Ոստիկանապետը «կապ չի ունեցել»


Վստահ լինելով, որ համակարգը բարեփոխվում է, Հայաստանի ոստիկանապետը ոչ միայն կրիմինալին ու հանցագործներին է համարում ոստիկանության հակառակորդը, այլև ընդդիմադիր քաղաքական ու հասարակական կազմակերպություններին, որոնք, ըստ նրա, ոստիկանությանը որոշակի գործողությունների մեջ ներքաշելու մարտավարություն են երբեմն առաջ տանում։ Երևանի կենտրոնում նոյեմբերի 5-ի բախումների առնչությամբ Վլադիմիր Գասպարյանը ի սկզբանե համոզմունք էր հայտնել, որ իրավապահները «ոչ օրինաչափ չեն գործել»։ Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանով է հետևում կալանավորվածների գործերի քննությանը և որքանով է տեղյակ եղել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու որոշմանը, ոստիկանապետը պատասխանեց, որ ինքը այդ որոշմանը առնչություն չի ունեցել:

«Ես բժիշկ չեմ, ես որոշումներ չեմ կայացնում: Ես գիտեմ մի բան, որ նախկինում մարտիմեկյան գործով հոգեբուժական, հոգեկան ինչ-որ խնդիրներ են եղել և այդ առումով փորձաքննություն է եղել։ Կարծում եմ, քննիչները, ի նկատի ունենալով դա և նկատի ունենալով որոշակի բաներ, նշանակել են փորձաքննություն», - ասաց Վլադիմիր Գասպարյանը՝ վստահեցնելով․ - «Ոչ, ոստիկանապետը կապ չունի քննության և դրա ընթացքների հետ»:

«Ազատություն» ռադիոկայանի դիտարկմանը, որ որոշ իրավապաշտպաններ իրեն են մեղադրում և իրեն են տեսնում այդ որոշման թիկունքում, ոստիկանապետը հակադարձեց. - «Թող շարունակեն մեղադրել, ես ողջունում եմ իրենց մեղադրանքները։ Թող մեղադրեն, բայց մեղադրելուց առաջ մի թեթև կարդան, տիրապետեն։ Քննությունը վարում են քննիչները, քննիչները պրոցեսուալ անձինք են, իրենք չեն կառավարվում, չեն ղեկավարվում»։

Ինչ վերաբերում է հնչող այն հարցադրումներին, թե արդյոք ինչ-որ կապ չկա՞ իր կողմից բռնության ենթարկվելու մասին՝ Շանթ Հարությունյանի պնդումների և նրան դատահոգեբուժական փորձաքննության ուղարկելու՝ քննիչի որոշման միջև, Վլադիմիր Գասպարյանը հակադարձեց, որ ինքը երևակայություններ մեկնաբանելու ցանկություն չունի։

Օֆշորային սկանդալի մասին


Ոստիկանապետը վերահաստատեց, որ Կիպրոսից ստացած փաստաթղթերի պատճեններն ուղարկել են Փորձաքննությունների ազգային բյուրո՝ առկա ստորագրությունները դատաձեռագրաբանական փորձաքննության ենթարկելու նպատակով։

Ավելի վաղ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել էր, որ ինքը որևէ առնչություն չունի օֆշորային ընկերության հետ, իսկ նրա պատվերով իրականացված հետաքննության արդյունքում կիպրոսյան իրավաբանական մի ընկերություն պարզել էր, որ վարչապետի ստորագրությունը չկա այդ փաստաթղթերում։ «Այդ դեպքում ի՞նչ ստորագրություններ են ուղարկվել փորձաքննության»՝ հարցին, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. - «Մի քանի ստորագրություններ, որոնք պետք է նայեն և հասկանան՝ ի՞նչ ստորագրություններ են։ Իհարկե, եթե մարդը չի ստորագրել, ուրեմն ինչ-որ ստորագրություններ կան, պետք է ճշտել ՝ ո՞ւմն է դա»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG