Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանի աջակցիները պահանջում են վերացնել տեսակցության արգելքը


Շանթ Հարությունյանի աջակցիները պահանջում են վերացնել տեսակցությունների արգելքը
please wait

No media source currently available

0:00 0:03:00 0:00
Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի ու ընկերների` այսօր գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիները Գևորգ Կոստանյանից պահանջում էին գործողություններ ձեռնարկել՝ վերացնելով քննիչի կողմից սահմանված տեսակցության արգելքը։

Մաշտոցի պողոտայում նոյեմբերի 5-ի իրադարձություններից հետո կալանավորված Շանթ Հարությունյանի ու նրա 14 համախոհների հետ հարազատները քննիչի որոշմամբ տեսակցել չեն կարող։

Ակցիայի սկզբում իրավապաշտպան Արթուր Սաքունցը բանավեճի մեջ մտավ դատախազության շենքը հսկող ոստիկանների հետ։ Նրանք պահանջում էին անցնել մայթն ու ավելի հեռվում շարունակել ակցիան։ Սաքունցը հակադարձելով ընդդիմանում էր՝ վկայակոչելով «Հավաքների ազատության մասին» օրենքը։

Այս գործով կալանավորված Ավետիս Ավետիսյանի մայրը՝ Լուսյա Մարտիրոսյանը, որդուց մեկ ամսից ավելի է լուր չունի։ Իսկ Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը պատմում էր, որ որևէ լուր ամուսնու մասին քննչական մարմինը չի հայտնում։ Սա մարդկային չէ, ասում է նա։

«Ոչնչից տեղյակ չենք, ոչ երբ կլինի եզրակացությունը, ինչպիսին կլինի։ Շանթը բողոք է ներկայացրել տեսակցության արգելքը վերացնելու մասին, բայց դեռ ոչ մի պատասխան չեն տվել»,- ասաց Բադալյանը։

Բողոքի ակցիային մասնակցում էին նաև քաղաքացիներ, ովքեր ծանոթ չլինելով կալանավորվածների հետ, իրենց բողոքն են բարձրացնում քննչական մարմնի որոշման դեմ։ Նրանցից է Ֆելիքս Հայրապետյանը, ով անտեսելով սառնամանիքը՝ մեկ ժամ պաստառը վեր պահած կանգնած էր գլխավոր դատախազության շենքի առջև։

«Անձամբ չեմ ճանաչում, բայց այն, ինչ որ տեսել եմ ու լսել եմ, դարձրել է ինձ նրանց համակիրը։ Ուղղակի եկել եմ ասեմ, որ նորմալ երկրում, ինչպիսին մեր երկիրը պետք է լինի, պետք է մարդուն թույլատրեն իր հարազատների հետ հանդիպել»,- ասաց Հայրապետյանը։

Սաքունցը գլխավոր դատախազ Կոստանյանին հասցեագրված մի նամակ էր պատրաստել, որտեղ անդրադառնում էր տեսակցության արգելքին։ Նա վկայակոչում է «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որտեղ մերձավորների հետ տեսակցությունները արգելվում են քննության շահերից ելնելով։ Մինչդեռ այս դեպքում հանդիպումները չեն կարող ազդել քննության վրա, ասում է նա։

«Սա իրապես անմարդկային վերաբերմունք է, և մենք համարում ենք, որ սա պատժիչ գործողություն է։ Այս պահին տեսակցության արգելումը նպատակ ունի ամբողջությամբ մեկուսացնել Շանթ Հարությունյանին և մյուսներին նույնիսկ իրենց հարազատներից»,- ասաց իրավապաշտպանը։

Ակցիայի մասնակիցները ստորագրելով նամակի տակ՝ այն դատախազություն հանձնեցին։

Հարությունյանի փաստաբան Ինեսա Պետրոսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ դեռևս չի ստացել Հարությունյանի դատահոգեբուժական փորձաքննության արդյունքները։ Տեսակցությունների արգելքի վերացման համար Հարությունյանը վարույթն իրականացնող մարմնին նամակ է գրել, պատասխան դեռ չի ստացել։

Շանթ Հարությունյանը կալանավորված է նոյեմբերի 5-ից, երբ «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո փորձեց մի քանի տասնյակ աջակիցների հետ երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ էլ սկսվեց ծեծկռտուք, գործի դրվեցին պայթուցիկներ։ Հարությունյանն ու ընկերները մեղադրվում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
XS
SM
MD
LG