Մատչելիության հղումներ

ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ


ՀՔԾ-ն քրեական գործ չի հարուցի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի դեմ
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրության կապակցությամբ՝ հիմնավորելով, որ Փաշինյանի նկարագրած հանցագործության դեպքը բացակայում է։

Պատգամավորի գրությունը վերաբերում էր Մաշտոցի պողոտայի բախումների ժամանակ ձերբակալված Շանթ Հարությունյանի ու Վարդան Վարդանյանի նկատմամբ անձամբ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության ահազանգին. ըստ այդ գրության՝ Ձերբակալվածների պահման վայրում նոյեմբերի 6-ին Փաշինյանի հետ հանդիպմանն ժամանակ Շանթ Հարությունյանը հայտնել է, որ Վլադիմիր Գասպարյանն ու ոստիկանապետի տեղակալ Հունան Պողոսյանը իրեն հարվածել են, Պողոսյանը սպառնալիքներ ու հայհոյանքներ է հնչեցրել իր հասցեին, մի քանի ոստիկաններ բռնել են իր ձեռքերը։ Ազատամարտիկ Վարդան Վարդանյանն էլ Վլադիմիր Գասպարյանի կողմից բռնության մասին է պատմել։

ՀՔԾ-ն պաշտոնապես պարզաբանում է, որ այդ տեղեկատվությունը չի հաստատվել իրենց կատարված «ստուգողական գործողությունների արդյունքում», ինչի պատճառով էլ քրեական գործի հարուցումը մերժվում է։

Ըստ ՀՔԾ-ի պարզաբանման, նյութերի նախապատրաստման ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվել է բացատրություն տալ, չի պատասխանել հարցերին՝ հիմնավորելով, որ իրեն ձերբակալել են Մոսկվայի ԿԳԲ-ի պատվերով՝ քաղաքական հաշվեհարդար իրականացնելու համար։ Վարդան Վարդանյանը ևս հարցերին չի պատասխանել։ Իսկ հայտնաբերված մարմնական վնասվածքների վերաբերյալ ձերբակալվածները դատաբժշկական փորձաքննությունների ընթացքում, ըստ ՀՔԾ-ի, ասել են, թե դրանք ստացել են «Մաշտոցի պողոտայում քաշքշուկի ընթացքում»:

Շանթ Հարությունյանի նախկին պաշտպան Գարիկ Մալխասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ Հարությունյանը քննչական մարմնին բացատրություն չի տվել, բայց չասաց, թե արդյոք նա իր նկատմամբ բռնությունների վերաբերյալ ահազանգել է։

«Դա փաստաբանական գաղտնիքի շրջանակներում է, առանց իր թույլտվության մեր առանձնազրույցները հրապարակելու իրավունք ես չունեմ, մանավանդ, որ այլևս նրա փաստաբանը չեմ»,- ասաց Մալխասյանը։

«ՀՔԾ-ն նաև պարզաբանում է, որ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի մասնակցությամբ տարբեր ժամանակ կատարված մի շարք դատավարական գործողություններին մասնակցած ընթերակաները բացառել են ոստիկանության Կենտրոնի բաժնում ՀՀ ոստիկանապետի ու նրա տեղակալի շփումը Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի հետ, ինչպես նաև վերջիններիս նկատմամբ բռնություն կամ ապօրինի այլ ներգործություն կիրառվելու հանգամանքը»,- նշում է ՀՔԾ-ն, հավելելով, որ Վլադիմիր Գասպարյանն ու Հունան Պողոսյանը ևս հերքել են բռնությունների հնարավորությունը։

Որպես քրեական գործի հարուցումը մերժելու հիմք՝ ծառայությունը վկայակոչել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ու Ձերբակալման անձանց պահման վայրում դիտորդական առաքելություն իրականացնող խմբի ներկայացուցիչների հայտարարությունները, որ Շանթ Հարությունյանից ՝ բռնության ենթարկվելու վերաբերյալ որևէ բողոք չեն ստացել։

Օմբուդսմենի խորհրդական Երանուհի Թումանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ևս այսօր ասաց, որ մի քանի անգամ Շանթ Հարությունյանին հանդիպել են, բայց նա բռնությունների մասին չի ահազանգել։

«Մենք այդ օրը տեսակցել ենք ոչ միայն Շանթ Հարությունյանին, այլ բոլոր 20 անձանց, որոնք այդ պահին գտնվում էին ձերբակալվածների և կալանավորվածների պահման վայրում, հետագայում նաև այցելել ենք «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, երբ արդեն 14-ին կալանավորել էին, այդ օրերին Շանթ Հարությունյանը չի ներկայացրել բողոք ծեծի կամ բռնության առնչությամբ, ակնհայտ բռնության հետքեր նրա վրա չեն եղել։ Եվ քանի որ չունենք կոնկրետ դիմում-բողոք այդ հարցի կապակցությամբ, բնականաբար, չենք կարող գնահատական տալ»,- նշեց Թումանյանը.- «Այսօր կրկին այցելել ենք Շանթ Հարությունյանին, ընդհանուր հավասարակշռված էր իր վիճակը, որևիցէ բողոք պահման պայմանների հետ կապված չի ներկայացրել։ Ակնհայտ որևէ բռնության հետք էլ չենք նկատել»։

Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ, «չհիմնավորված» որակելով ՀՔԾ-ի մերժումը։ Պատգամավորը համարում է, որ նոյեմբերի 5-ի գործով կալանավորված անձանց տեսակցությունների վրա դրված արգելքը հենց նպատակ ունի խոչընդոտել իր գրության մեջ հիշատակված հայտարարությունների օբյեկտիվ նախաքննության ընթացքը, և այս փուլում ծառայել է իր նպատակին: Վնասվածքները Մաշտոցի պողոտայում ստանալու մասին պնդումներին ի պատասխան, պատգամավորը տարակուսած է, թե ինչո՞ւ պետք է բացատրություն տալուց հրաժարվող կալանավորվածները հանդես գային իրավապահ մարմիններին խիստ ձեռնտու հայտարարություններով: Ինչ վերաբերում է օբմուդսմենի գրասենյակի պնդումներին, Փաշինյանը հայտարարում է, որ ինքը մեկ տարի, 11 ամիս գտնվել է ազատազրկման վայրերում՝ քաղբանտարկյալի կարգավիճակով, բազմիցս հանրությանն ահազանգել է ապօրինությունների մասին, բայց ոչ մի անգամ որևէ տեղեկություն չի հայտնել օմբուդսմենի գրասենյակի ներկայացուցիչներին, որովհետև համարել է, որ իր իրավիճակում գտնվող մարդը չի կարող վստահել այդ մարմնի ներկայացուցիչներին:

Այս առիթով Փաշինյանի համար անհասկանալի է, թե ինչո՞ւ ՀՔԾ-ն ոչ մի հիշատակում չի արել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հայտարարության մասին։ Սաքունցը հայտարարել էր, որ Շանթ Հարությունյանը իրեն նույնպես հայտնել է անձամբ ՀՀ ոստիկանության պետի և նրա տեղակալի կողմից բռնության ենթարկվելու մասին:

Արթուր Սաքունցը այսօր «Ազատության» հետ զրույցում վերահաստատեց իր այդ պնդումները, և փոխանցեց, որ ինքը ևս հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, պատրաստ է բացատրություն տալ.- «ՀՔԾ-ն նրա համար է, որ քննի պաշտոնատար անձանց հանցագործությունները, բայց ակնհայտորեն զբաղվում է անգործությամբ և հանցագործությունների կոծկմամբ»,- ասաց իրավապաշտպանը։

ՀՔԾ-ի այսօրվա որոշումը քրեական գործի հարուցումը մերժելու վերաբերյալ հաջորդեց դատարանի երեկվա վճռին, որով դատարանը թույլատրեց Շանթ Հարությունյանին ուղարկել հոգեբուժարան՝ դատահոգեբուժական փորձաքննության։ Այս հեռանկարը վրդովեցրել է և ընտանիքին, և համախոհներին, ովքեր պնդում են, թե «ճիշտ խոսող մարդուն ուզում են հիվանդ ներկայացնել», ինչպես Սովետական Միության ժամանակներում էին վարվում։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Շանթ Հարությունյանը ևս դժգոհ է այդ որոշումից.- «Այսօր շատ հպանցիկ այդ թեմայի շուրջ խոսեցինք, բայց դժգոհ է, բնականաբար։ Դա արդեն փաստաբանի գործն է, պետք է բողոքարկվի, եթե կա ոչ հիմնավոր որոշում, կամ եթե գտնում են, որ այն օրենսդրության կոպիտ խախտումով է կայացվել»,- ասաց Երանուհի Թումանյանը։

Շանթ Հարությունյանի շահերի պաշտպան Ինեսա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ բողոքարկելու վերաբերյալ որոշում կկայացնի վաղը՝ Հարությունյանին այցելելուց և խորհրդակցելուց հետո։
XS
SM
MD
LG