Մատչելիության հղումներ

Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան


Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
Ոստիկանները բերման են ենթարկում Շանթ Հարությունյանին, 5-ը նոյեմբերի, 2013
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ի բախումների հետևանքով կալանավորված Շանթ Հարությունյանը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժարան։ Այս մասին տեղեկացանք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու նպատակով կալանավայրից հոգեբուժական կենտրոն են տեղափոխել երեկ ուշ երեկոյան: Չնայած դատաբժշկական փորձաքննությունները տևում են մինչև 24 օր, բայց դատարանը նոյեմբերի 19-ի իր որոշմամբ Շանթ Հարությունյանի պարագայում սահմանել է փորձաքննության երկամսյա ժամկետ։

Քննիչի հիմնական փաստարկն այն է, որ 2008-ի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ «7-ի գործով» կալանավորված Հարությունյանը այն ժամանակ ազատ է արձակվել հանցագործություն կատարելու պահին անմեղսունակ լինելու հիմքով։ Դա է պատճառը, որ քննչական մարմնի մոտ, ըստ պաշտոնական պարզաբանման, կասկածներ են առաջացել։
Հոգեբուժարան ուղարկելու որոշումը մտահոգել է Շանթ Հարությունյանին, տեղեկացնում է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանից, ով երեկ ավելի վաղ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում հանդիպել էր դեռևս հոգեբուժարան չտեղափոխված Հարությունյանին։

«Դժգոհ է, բնականաբար։ Դա արդեն փաստաբանի գործն է, պետք է բողոքարկվի, եթե կա ոչ հիմնավոր որոշում, կամ եթե գտնում են, որ այն օրենսդրության կոպիտ խախտումով է կայացվել»,- ասաց Երանուհի Թումանյանը։

Օմբուդսմենի գրասենյակի փոխանցմամբ, Հարությունյանը հատկապես մտահոգված է եղել հոգեբուժարանում իր նկատմամբ հնարավոր սադրանքներով, առաջ է քաշել իր անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։

Հանրային պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր առավոտյան հոգեբուժարանում այցելել է Հարությունյանին, փոխանցեց, որ վիճակը բավարար է։

Ընտանիքը դեռ Շանթ Հարությունյանին տեսակցելու հնարավորությունից զրկված է։ Կինը՝ Ռուզաննա Բադալյանը, նույնպես Շանթի դեմ հնարավոր սադրանքների վերաբերյալ մտավախություն հայտնեց «Ազատության» հետ զրույցում՝ պնդելով, որ Շանթը հոգեկան առողջության հետ կապված որևէ խնդիր չունի և երբեք չի ունեցել։

«Նման մտավախություն կարող է լինել, որովհետև նախորդ անգամ այդպիսի սադրանքներ փորձել են իրականացնել, ու հոգեպես առողջ մարդը չի կարող նման պայմաններում շատ զուսպ ու հավասարակշռված մնալ»,- ասաց կինը.- «Օրինակ, մի դեպք պատմեմ. երբ ինքը՝ առողջ մարդը նստած սնվում է, գալիս է աշխատակիցը, փորձում է սադոստայնները հավաքել այն պահին, երբ Շանթը սնվում է։ Շանթն ասում է՝ ի՞նչ ես անում, չես տեսնում, որ սնվում եմ, նա պատասխանում է՝ «է, հա, դու քո հացը կեր»։ Վիրավորել էր այդ կնոջը, հետո բոլորը հավաքվել էին, թե ինչո՞ւ ես մեր աշխատակցին վիրավորում։ Պատկերացրեք, նման բաներ կարող են լինել, սադրանքներով փորձել ցույց տալ, որ ունի խնդիր, բայց ասեք՝ ո՞ր նորմալ մարդը կարող է անտարբերությամբ վերաբերվել, երբ սնվելու պահին գալիս են սարդոստայնները հավաքելու»։

Հարությունյանի կինը նշեց, որ հոգեբուժարան տեղափոխելով՝ նրա հետ ընտանիքի տեսակցությունները գրեթե անհնար են դառնում, ինչպես եղել է 2009-ին։ Չցանկանալով քաղաքական գնահատական տալ այս ամենին՝ Ռուզաննա Բադալյանը միայն կարծիք հայտնեց, որ իր տպավորությամբ՝ Խորհրդային Միությունը վերադառնում է, երբ ոչ ցանկալի մարդկանց մեկուսացնում էին։

Իրավապաշտպաններին մտահոգում է Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխելու փաստը

«Ազատության» զրուցակից իրավապաշտպանները ևս «կասկածելի» էին համարում Շանթ Հարությունյանին հետազոտման նպատակով հոգեբուժարան տեղափոխելը։

«Երբ Շանթը հայտարարեց նստացույցի և հեղափոխություն սկսելու մասին, ես գնացի , Օպերայի հրապարակում նրա հետ հանդիպեցի, խոսեցի։ Նա շատ առողջ մտքեր էր արտահայտում, ես պատասխանատվությամբ եմ ասում»,- ասաց Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը.- «Այստեղ կարող է լինել երկու մոտեցում. կամ իշխանությունները ուզում են ցույց տալ, որ ով այդպիսի քայլեր է անում, հոգեկան հիվանդ է, [և այստեղ շատ վտանգավոր միտում կա, որ մենք վերադառնում ենք խորհրդային տարիների շրջան, երբ այլախոհներին տեղավորում էին հոգեբուժական հիվանդանոցներում], և հաջորդը՝ գուցե այս քայլով իշխանությունները խուսափում են դատական նիստերից։ Որովհետև գուցե դատական նիստերի ժամանակ Շանթը ասի այն ողջ ճշմարտությունը իշխանությունների մասին, ինչ մենք գիտենք , բայց շատերս լռում ենք»։

Հարցին, թե իրենց պրակտիկայում լինո՞ւմ են դեպքեր, երբ առողջ մարդկանց տանում են հոգեբուժարան, Իշխանյանը պատասխանեց.- «Այդպիսի դեպքեր եղել են մեր պրակտիկայում ոչ քաղաքական, բայց քաղաքական դրդապատճառներով ես Խորհրդային Mիությունից հետո չեմ հիշում այդպիսի բան։ Ի դեպ, ասեմ, որ այդպիսի միտումներ կան արդեն մի շարք հետխորհրդային երկրներում՝ Բելառուսում, Ռուսաստանում, Ղազախստանում»։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը Շանթ Հարությունյանի շուրջ իրադարձությունների թիկունքում տեսնում էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

«Շանթին հակառակ իր կամքի հոգեբուժարան տեղափոխելը բռնության դրսևորում է։ Ոստիկանապետը բռնության բոլոր միջոցները կիրառեց Շանթի նկատմամբ. այցելեց հենց ձերբակալված ժամանակ, բռնության ենթարկեց, նրա տեղակալը հայհոյանքներ տվեց, նույն գիշերը նրա 14-ամյա անչափահաս որդուն բռնությունների ենթարկեցին և պահեցին մի ամբողջ գիշեր, և շարունակությունն այն է, որ երկու ամիս դեռ պետք է նրան հոգեբուժարանում պահեն ՝չգիտեմ որ օրենքով և ինչպես»,- «Ազատությանն» ասաց Ալեքսանյանը.- «Ոստիկանապետը միանձնյա որոշումներ է կայացնում, և նրան շատ օգնեց Հրայր Թովմասյանը , ով ի դեպ, իր պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին վճռական քայլն է արել՝ արգելելով պատգամավորներին այցելել մեկուսարան»։

Հիշեցնենք, և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն է հերքել ոստիկանության Կենտրոնի բաժնում Շանթ Հարությունյանին հարվածելու մասին պնդումները, և Հատուկ քննչական ծառայությունը։
XS
SM
MD
LG