Կազանում ընդունվել է համատեղ հայտարարություն

Կազանում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը



Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահները Կազանում ուրբաթ օրը կայացած եռակողմ հանդիպման արդյունքում հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։

Հայտարարության մեջ նախագահներն արձանագրել են, որ «փոխըմբռնում է ձեռք բերվել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը նպաստում է [Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման] Հիմնարար սկզբունքներին հավանություն տալու համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը»։

Փաստաթղթում ասվում է նաեւ, որ հանդիպման մասնակիցները քննարկել են Հիմնարար սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով կատարվող աշխատանքը։

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը երախտագիտություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի առաջնորդներին՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնախնդրի նկատմամբ ցուցաբերվող մշտական ուշադրության համար»։

Նրանք նաեւ բարձր են գնահատել համաձայնությունների ձեռք բերմանը նպաստելու` Դմիտրի Մեդվեդեւի անձնական ջանքերը։

Սա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով թվով 9-րդ հանդիպումն էր։

Միջազգային հորդորներ


Մինչեւ հանդիպումը բանակցային գործընթացի միջնորդները՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները, հանդես էին եկել լավատեսական հայտարարություններով՝ չբացառելով, որ հանդիպման արդյունքում կարող է Մադրիդյան հիմնարար սկզբունքների համաձայնեցման վերաբերյալ փաստաթուղթ ստորագրվել:

Հանդիպման նախօրեին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն, մասնավորապես, ասել էր, թե 2001 թվականից ի վեր, սա կարգավորման գործընթացի «հավանաբար, կարեւորագույն կետն է»:

Անցած օրերին հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ վերջնական համաձայնության գալու անհրաժեշտությունը կարեւորել եւ հակամարտության կողմերին ուղղված հորդորներ էին հղել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Եվրամիության նախագահ Հերման Վան Ռոմպոյը եւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն։

Մինչդեռ, Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերը անցած օրերին շարունակում էին հանդես գալ բանակցային սեղանին դրված Մադրիդյան նորացված սկզբունքների քննադատությամբ։ Ընդդիմադիր Հայ Յեղափոխական Դաշնակցություն եւ «Ժառանգություն» կուսակցությունները անգամ սպառնացել էին բողոքի ցույցեր կազմակերպել, եթե Կազանում փաստաթուղթ ստորագրվի։

Ֆրանսիա - Նախագահ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 22-ը հունիսի, 2011թ.
Հունիսի 22-ին ելույթ ունենալով Ստրասբուրգում` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես անդրադարձել էր Կազանի հանդիպմանը՝ նշելով, որ բանակցային սեղանին դրվածը «իհարկե, հայկական կողմի երազած փաստաթուղթը չէ, բայց հնարավորություն է տալիս ձեռնամուխ լինել մեծ հիմնական պայմանագրի ստորագրմանը»:

Նախագահ Սարգսյանը միաժամանակ քննադատել էր Ադրբեջանին՝ Մադրիդյան սկզբունքները խախտելու եւ միակողմանիորեն մեկնաբանելու համար. - «Ասում են, որ ազգերի ինքնորոշման իրավունքը իրենք ընդունում են, բայց ընդունում են կոնկրետ դեպքում` Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրականացումը Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում: Մենք ասում ենք, որ դա խուզած ինքնորոշման մասին է խոսքը, եւ ազգերի ինքնորոշումը այնպիսին պետք է լինի, որ հնարավորություն տա տվյալ ժողովրդին` ազատորեն տիրապետելու իր ճակատագիրը»:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը օրերս կարծիք էր հայտնել, որ Հայաստանում սկիզբ առած իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ:

«Խաղաքարտին Հայաստանի բախտն է դրած: Նա [Սարգսյանը] 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում», - ասել էր Բագրատյանը։ - «Եթե մի փաստաթուղթ կա, որը վերջին հաշվով անընդունելի է, ապա առաջին անգամն է, որ Սերժ Սարգսյանը կարող է ասել` մեր ժողովրդի համար սա անընդունելի է: Եթե առանց այս երկխոսության ասեր դա, կասեին քո ժողովուրդը 200 հազարով կանգնած է Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, ժողովրդի անունից մի խոսիր»: