Մատչելիության հղումներ

Բրադկե. «Բանակցային գործընթացի շատ կարեւոր կետում ենք»


Ռոբերտ Բրադկե
Ռոբերտ Բրադկե
«Մենք, ակնհայտորեն, բանակցային գործընթացի մի շատ կարեւոր կետում ենք» - հայտարարել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռաբերտ Բրադկեն հինգշաբթի օրը Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը կայացած ճեպազրույցում:

Անդրադառնալով հաջորդ օրը Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, Բրադկեն ասել է. - «Իմ տեսանկյունից, սա, հավանաբար, կարեւորագույն կետն է գործընթացում 2001 թվականից ի վեր, երբ Քի Ուեսթում ջանքեր էին գործադրվում խաղաղ համաձայնության հասնելու համար»:

Նա հիշատակել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների Դովիլի հայտարարությունը, որում Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պատրաստակամություն են հայտնել վճռական քայլ կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծման ուղղությամբ եւ կոչ արել կողմերին` վերջնական տեսքի բերել Հիմնարար սկզբունքները Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ:

«Հիմնարար սկզբունքները, պետք է ասեմ, խաղաղ համաձայնագիր չեն: Դրանք շրջանակային փաստաթուղթ են: Դրանք հինգեւկես էջ զբաղեցնող 14 կետից բաղկացած ուղեցույց են կողմերի համար, թե ինչպես բանակցել կարգավորման հասնելու համար: Դրանք հրահանգներ են նախարարների համար, թե ինչպես մշակել վերջնական խաղաղ կարգավորմանը առնչվող կարեւորագույն հարցերը», - մանրամասնել է ամերիկացի համանախագահը` նշելով, որ փաստաթղթի շուրջ բանակցությունները երկար են ընթացել, առավել ինտենսիվորեն` 2007 թվականի վերջից:

«Համանախագահները` Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան, այդ թվում` իմ նախորդը, դրա վրա տարիներով աշխատել են` փորձելով մոտեցնել այն կողմերի համար ընդունելի ձեւակերպումներին: Այժմ մենք հասել ենք [այդ] փուլին, եւ ես մեկ անգամ եւս հղում եմ անում Դովիլի հայտարարությանը, որտեղ համանախագահ երկրների երեք նախագահները ասել են, թե հավատում են, որ սեղանի վրա եղած ներկայիս տարբերակը արդարացի եւ հավասարակշռված փաստաթուղթ է: Դա հնարավորություն կտա կողմերին առաջ շարժվել եւ բանակցել վերջնական պայմանագրի շուրջ», - ասել է Բրադկեն` կրկին ընդգծելով. - «Հետեւաբար, կրկնեմ, մենք բավական կարեւոր կետում ենք»:

Նա շեշտել է, որ թեեւ Կազանի հանդիպումը հյուրընկալում է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Միացյալ Նահանգները նույնպես շատ ակտիվ է բանակցային գործընթացում: Բրադկեն հիշեցրել է Բարաք Օբամայի հանդիպումները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, այս տարի Դովիլում, անցած տարի Մուսկոկայում եւ նախանցած տարի Ակվիլայում համանախագահ երեք երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությունները:

Ամերիկացի միջնորդը նշել է նաեւ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլիթոնի ակտիվ ներգրավվածությունը գործընթացում` հիշատակելով անցած տարի նրա Հայաստան եւ Ադրբեջան կատարած այցերը, պարբերական հանդիպումները երկու երկրների ղեկավարների, արտգործնախարարների հետ:

«Մեր ընդհանուր շահն այն է, որ պատերազմ չլինի: Մենք համամիտ ենք ֆրանսիացիների եւ ռուսների հետ, որ, իրոք, խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա», - հայտարարել է Ռոբերտ Բրադկեն` ամփոփելով. - «Ահա այստեղ ենք մենք, եւ հարցը հետեւյալն է` ունե՞ն կողմերը քաղաքական կամք` որոշում կայացնելու, սկզբունքները ընդունելու, ապա անցնելու հաջորդ փուլին, որը սկզբունքները վերջնական խաղաղ կարգավորման դետալների վերածելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG