Մատչելիության հղումներ

Օբաման հեռախոսազրույցներ է ունեցել Սարգսյանի եւ Ալիեւի հետ


Բարաք Օբաման ողջունում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոնում, ապրիլ, 2010թ.
Բարաք Օբաման ողջունում է Սերժ Սարգսյանին Վաշինգտոնում, ապրիլ, 2010թ.
Հինգշաբթի օրը Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման զանգահարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` Կազանում կայանալիք նրանց հանդիպմանը ընդառաջ:

Սպիտակ տան մամուլի քարտուղարի հաղորդագրության համաձայն` հեռախոսազրույցների ընթացքում Օբաման «վերահաստատել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ` նախագահ Նիկոլա Սարկոզիի եւ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ իր մայիսի 26-ի հայտարարությունում արտահայտված ուղերձը, որ եկել է ժամանակը, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը վճռական քայլեր ձեռնարկեն խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

Օբաման, ըստ հաղորդագրության, կոչ է արել երկու երկրների ղեկավարներին «Կազանում նախագահ Մեդվեդեւի հետ հանդիպման ընթացում վերջնական տեսքի բերել եւ սատարել Հիմնարար սկզբունքները»: «Հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո կողմերը կարող են սկսել բանակցությունները ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման Հելսինկյան սկզբունքների հիման վրա վերջնական կարգավորման ուղղությամբ»:

«Նախագահ Օբաման երկու առաջնորդներին ասել է, որ այժմ այս հակամարտությունը կարգավորելու եւ Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ժողովուրդներին իրենց եւ իրենց զավակների համար ավելի լավ ապագա առաջարկելու ժամանակն է: Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել երկու առաջնորդներին եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին տարածաշրջանում անվտանգությունը եւ բարգավաճումն ամրապնդելու իրենց կարեւոր ջանքերում», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Հայաստանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Սերժ Սարգսյանի հետ հեռախոսազրույցում Միացյալ Նահանգների նախագահը նրան շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջնորդության համար:

Հայաստանի նախագահը, նույն աղբյուրի փոխանցմամբ, շնորհակալություն է հայտնել Բարաք Օբամային՝ Մինսկի խմբի շրջանակում հակամարտության կարգավորման գործընթացին հետեւողական աջակցության համար: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները միշտ ձգտել են հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման, եւ եթե Կազանում ադրբեջանական կողմը ցուցաբերի կառուցողական մոտեցում, ապա կարելի է ակնկալել դրական արդյունքներ:

Հաղորդագրության համաձայն, նախագահները քննարկել են նաեւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG