Մատչելիության հղումներ

Բագրատյան. «Սարգսյանը Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ»


Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյան
Հայաստանի նախկին վարչապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը, ի տարբերություն Իլհամ Ալիեւի, Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ:

Ինչպես հայտնի է, հունիսի 24-ին Կազանում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր:

«Խաղաքարտին Հայաստանի բախտն է դրած: Սերժ Սարգսյանը այսօր Կազան է գնում որպես դեմոկրատ նախագահ` ի տարբերություն Ալիեւի: Նա 2-3 անգամ բարձր կարող է խոսել Կազանում: ՀԱԿ-ը մեծ բան է տվել [Սարգսյանին], ՀԱԿ-ը դա տվեց իր ռեյտինգի հաշվին: ՀԱԿ-ը փաստորեն երկխոսության մեջ մտավ հետը: Չնայած մենք երեխա՞ ենք, չե՞նք հասկանում, որ մարտի 1-ի համար Սերժ Սարգսյանն էլ է պատասխան տալիս: Մենք չենք հասկանում, թե էս թալանն ինչո՞ւ է սկսվել, չենք հասկանում, թե ով առաջին օլիգարխներին ստեղծե՞ց», - ասաց Բագրատյանը չորեքշաբթի օրը կայացած ասուլիսում:
Ըստ Բագրատյանի` Սերժ Սարգսյանը այժմ «արդեն չունի «մարդասպանի» պիտակը ընդդիմության կողմից». - «Եվ այսօր պաշտոնական համաշխարհային պաբլիսիթիով ինքը երկխոսության մեջ է իր ընդդիմության հետ: Ալիեւ` ոչ… Դա ՀԱԿ-ի շնորհիվ, իհարկե նաեւ` իր շնորհիվ»:

«Ենթադրում եմ, որ ինքը նաեւ դրա կարիքն ուներ, որովհետեւ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, ղարաբաղյան հարցում կարծես թե բանը բանից անցնում է: Ես չգիտեմ այնտեղ ինչ է [կատարվում], բայց այնտեղ շատ դժվար է: Ես չեմ ասում, թե զիջում չի կարելի անել, գուցե ինչ-որ բան պետք է կարողանալ զիջել, բայց դա փոխզիջում չէ: Պատրաստվող առաջին փաստաթուղթը, ըստ ինձ հասած տեղեկության, փաստաթուղթ է զիջման մասին, ոչ թե փոխզիջման», - ասաց Բագրատյանը:

Իսկ կազանյան հանդիպման մասին Բագրատյանը ասաց. - «Եթե մի փաստաթուղթ կա, որը վերջին հաշվով անընդունելի է, ապա առաջին անգամն է, որ Սերժ Սարգսյանը (Քոչարյանն էլ դա չէր կարող անել) կարող է ասել` մեր ժողովրդի համար սա անընդունելի է: Եթե առանց այս երկխոսության ասեր դա, կասեին քո ժողովուրդը 200 հազարով կանգնած է Մատենադարանի մոտ կամ Ազատության հրապարակում, ժողովրդի անունից մի խոսիր»:

Բագրատյանը ասաց, թե ՀԱԿ-ի ներսում վեճ կա իշխանության հետ երկխոսության հարցում. - «Որոշակի քայլ եղել է (Սերժ Սարգսյանի կողմից) Ես հատկապես տպավորված էի, որ քաղբանտարկյալներն ազատվել են: Միանշանակ ասեմ` քաղաքական հարցերում Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյան չէ, բայց դա քիչ է: Ես ողջունում եմ երկխոսությունը: Բայդ ես նաեւ ՀԱԿ-ի ներսում փորձում եմ պահել այս դիրքորոշումը, որ` վերջին հաշվով քաղբանտարկյալներին պարտավոր էին ազատել... Վերջին հաշվով, վերականգնվել է արդարությունը, չի արվել ավելացված արդարություն: Հեղափոխության, կտրուկ փոփոխությունների պատրաստակամությունն ու մահակը իշխանություններ ու Սերժ Սարգսյանը ամեն օր պիտի տեսնեն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG