Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախագահը պնդում է, թե զիջելու բան չունի


Կազանի բանակցություններից առաջ Եվրոնյուզին հարցազրույց է տվել Իլհամ Ալիեը, ով, ներկայացրել է Բաքվի ակնկալիքները եռակողմ հանդիպումից։

Ադրբեջանի նախագահն ասել է, թե ի պատասխան հայկական ուժերի դուրս բերմանը իր երկիրը տալու որեւէ բան չունի, քանի որ Լեռնային Ղարաբաղը, Ալիեւի պնդմամբ, Ադրբեջանի պատմական տարածքն է եւ միջազգային համայնքի տեսակետից էլ գտնվում է Ադրբեջանի կազմում։

«Մենք այս ագրեսիայի զոհերն ենք, ուստի, մեր հասարակության տրամադրությունը տարբերվում է հայկական հասարակության տրամադրությունից։ Հենց այդ պատճառով էլ, երբ մենք լսում ենք նախագահ Ժոզե Մանուել Բարոզուից, աշխարհի առաջատար երկրների ղեկավարներից, որ ստատուս քվոն պետք է փոխել, այդ գնահատականը ոգեշնչող ենք համարում, ստատուս քվոյի փոփոխությունը նշանակում է իրավիճակի փոփոխություն եւ օկուպացիայի դադարեցում», - ասել է Ալիեւը։

Նրա փոխանցմամբ, Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղին տալ ընդարձակ ինքնորոշում, այդպիսի դրական օրինակներ կան Եվրոպայում, մասնավորապես, Իտալիայում եւ Ավստրիայում։

«Խոսելով մադրիդյան սկզբունքների մասին` պետք է ասեմ, որ Ադրբեջանը դեռ մի երկու տարի առաջ հայտարարել է, որ ընդունում է դրանք որպես բանակցությունների հիմք։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը նույնը կանի։ Եթե ընդունվեն սկզբունքները, որոնք մի կողմից վերականգնելու են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ միաժամանակ ինքնորոշման բարձր աստիճան են շնորհելու Լեռնային Ղարաբաղի ժողովրդին` դա կլինի դեպի խաղաղություն տանող ճանապարհը»,- ասել է Ալիեւը։

«Եվրոնյուզ»-ի թղթակից Սերջիո Կանտոնեի հետ հունիսի 22-ին կայացած զրույցում նա հերթական անգամ խոսել է Ադրբեջանի տնտեսության հզորության, պետական եւ ռազմական բյուջեի մասին։

Նա հավաստիացրել է, թե Ադրբեջանը պատրաստ է մեծ միջոցներ հատկացնել Ղարաբաղի տնտեսական եւ սոցիալական հարցերը կարգավորելու համար։ Նա ասել է, թե հրադարաը շատ փխրուն է, աշխարհը գիտակցում է, որ հակամարտությունը սառեցված չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG