Մատչելիության հղումներ

Զուրաբիշվիլին իրեն է համարում լեգիտիմ նախագահ և մտադիր է մասնակցել Թրամփի երդմնակալությանը


Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում, արխիվ
Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնում, արխիվ

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով չի ճանաչում երկրի նորընտիր նախագահի լեգիտիմությունը և իրեն է համարում լեգիտիմ նախագահ, հայտարարել է, որ մտադիր է մասնակցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանն ու ավելին՝ նախատեսում է բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել Միացյալ Նահանգերում։ Զուրաբիշվիլին Թրամփի երդմնակալության արարողությանը կմասնակցի Հարավային Կարոլինայի հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի հրավերով։ Հրավերի մասին X սոցցանցում գրել էր կոնգրեսականը, ով կիսում է Զուրաբիշվիլիի տեսակետը նրա լեգիտիմության մասին։

Վրաստանի իշխանությունները Թրամփի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեն ստացել ու այս պարագայում դժվար թե ստանան, ավելի վաղ Միացյալ Նահանգները հայտարարել էր վրացի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների և Վրաստանին ուղղվող աջակցությունը դադարեցնելու մասին։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, երեկ Փարիզում իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով Վրաստանին, նշել է, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան ու եվրոպական շատ երկրներ միասնական դիրքորոշում ունեն Վրաստանի կառավարության ցավալի գործողությունների վերաբերյալ, որ նկատում են Վրաստանի հետքայլը ժողովրդավարական սկզբունքներից, և դա խորը մտահոգություն է հարուցում։

Ըստ Բլինքենի՝ դա ոչ միայն պարզապես ժողովրդավարական սկզբունքներից հետքայլ է, այլ նաև հետքայլ է Վրաստանի ժողովրդի մեծամասնության ձգտումներից ու Եվրոպային ավելի մոտ ապագա կառուցելու հույսերից։

Բլինքենը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է կիրառել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդ Իվանիշվիլիի, ինչպես նաև կառավարության այլ անդամների նկատմամբ և դադարեցրել է ամերիկյան օգնությունը Վրաստանի կառավարությանը։

Միևնույն ժամանակ, Fox News-ի տեղեկություններով, Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների օրենսդիրները պետք է առաջիկայում ներկայացնեն օրինագիծ, որն արգելում է ճանաչել «Վրացական երազանք»-ի կառավարությանը: Նշվում է, որ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը, ով հենց Զուրաբիշվիլիին հրավիրել է Թրամփի երդմնակալությանը, և դեմոկրատական պատգամավոր Սթիվ Քոհենը պատրաստվում են ներկայացնել մի փաստաթուղթ, որը վերնագրված է «Վրացական մղձավանջի չճանաչման ակտ»։ Այդ նախագիծն արգելում է հարաբերություններ հաստատել կամ կարգավորել Վրաստանում ցանկացած կառավարության հետ, որը ղեկավարում են Բիձինա Իվանիշվիլին կամ նրա հետ կապված անձինք՝ «Իվանիշվիլիի ռեժիմի կողմից վրաց ժողովրդի դեմ շարունակվող հանցագործությունների պատճառով»։

Վրաստանի կառավարությունից այս տեղեկությանը դեռ արձագանք չկա․ նախագիծը դեռ պաշտոնապես չի ներկայացվել, բայց «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհուրդը չորեքշաբթի օրը հայտարարություն է տարածել՝ դավադրապաշտական տեսությունների վրա հիմնվելով, որում ասվում է, որ վերջերս կիրառված պատժամիջոցները «հակավրացական քայլեր են»՝ կազմակերպված «գլոբալ պատերազմի կուսակցության» և «խորքային պետության» կողմից։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG