Վրաստանի խորհրդարանում սկսվել է նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը, ում լեգիտիմությունը չեն ճանաչում երկրի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը։
Սալոմե Զուրաբիշվիլին իր հերթին քիչ առաջ հաստատել է, որ կլքի նախագահական նստավայրը։
Նա ելույթ է ունեցել Օրբելիանիի նախագահական նստավայրի առջև, որտեղ քաղաքացիներ են հավաքվել։
Զուրաբիշվիլին, որ այստեղ է գիշերել, ավելի վաղ մի քանի անգամ հայտարարել էր, որ չի հեռանալու։ Ընդդիմադիր կուսակցությունները շեշտել են, որ կշարունակեն նրան համարել օրինական նախագահ նույնիսկ Կավելաշվիլիի երդմնակալությունից հետո։ Իսկ իշխող «Վրացական երազանքը» բանտով էր սպառնացել Զուրաբիշվիլիին։
Սահմանադրության համաձայն՝ գործող նախագահի լիազորությունները դադարեցվում են պետության նոր ղեկավարի երդմնակալությունից հետո։