Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը նոր ընտրություններ է պահանջում, վարչապետն ի պատասխան բանտով սպառնում «72-ամյա կնոջը»


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկրի կառավարությանը մեկ շաբաթ ժամանակ է տվել նոր խորհրդարանական ընտրություններ նշանակելու համար։

Երկրում չորրորդ շաբաթը շարունակվող բողոքի ցույցերին աջակցող Վրաստանի նախագահը երեկ հերթական հավաքի ընթացքում ազդարարեց բողոքի ակցիաների «նոր փուլի» մասին՝ պնդելով, որ երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամը կարող է հանգուցալուծվել բացառապես նոր ընտրությունների նշանակման միջոցով։ Հեռացող նախագահը միաժամանակ չհստակեցրեց՝ ինչ քայլերի է դիմելու ընդդիմությունը, եթե կառավարությունը հրաժարվի նոր ընտրություններ նշանակել։

Նախագահ Զուրաբիշվիլիի վերջնագիրը իշխող ուժին
please wait

No media source currently available

0:00 0:00:35 0:00

Սալոմե Զուրաբիշվիլին, որը վրացական ընդդիմության հետ միասին չի ճանաչում «Վրացական երազանքի» հերթական հաղթանակն ապահոված հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները, երեկ կոչ արեց իշխող ուժի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին և իշխող մեծամասնության մյուս առաջնորդներին բանակցություններ սկսել նոր ընտրությունների թվականի շուրջ։

«Թող Իվանիշվիլին գա պալատ, քանի որ նա է ամեն ինչ կառավարում, և ես պատրաստ եմ նստել ու իր հետ միասին մտածել, թե ինչպես պետք է նշանակվեն ընտրությունները։ Բայց ընտրությունների թվականը պետք է համաձայնեցվի մինչև 29-ը։ Մինչև 29-ը մենք բոլորս հրաշալի հնարավորություն ունենք այս երկիրն առաջ մղելու, ամբողջ աշխարհին ցույց տալու ժողովրդավարության, հաշտության, առաջընթացի օրինակ։ Սպասում եմ պատասխանի։ Այստեղ ամեն ինչ պարզ է։ Ընտրությունները չեն կայացել։ Դրանք ոչ միայն չեն կայացել, այլև որևէ մեկի կողմից չեն ճանաչվել», - ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլին պաշտոնավարումն ավարտում է դեկտեմբերի 29-ին ՝ հենց մեկ շաբաթից։ Նախագահի պաշտոնում նրան կփոխարինի նախկին ֆուտբոլիստ և պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլին։ Գործող նախագահը, սակայն, տևական ժամանակ է՝ հայտարարում է, թե մտադիր չէ լքել իր նստավայրը՝ պնդելով, որ նախագահական ինստիտուտը երկրում այս պահին գործող միակ լեգիտիմ կառույցն է։

«Ես կամ և կլինեմ Գերագույն գլխավոր հրամանատարը: Ես կամ և հավատարիմ կմնամ այն ժողովրդին, որն այստեղ կանգնած է։ Բայց ոչ միայն այս ժողովրդին, թող ոչ ոք չմտածի, որ ես բոլորի նախագահը չեմ։ Ես բոլորի նախագահն եմ և կշարունակեմ լինել», - ասել է նա։

Իշխանությունների կոշտ արձագանքը չուշացավ

Երեկ վարչապետ Իրակլի Կոբախիձեն նախ հայտարարեց, որ նոր քվեարկություն կազմակերպելու մտադրություն չունեն, քանի որ իրենց հաղթանակն ապահոված նախորդ ընտրությունները լեգիտիմ էին։ Բացի այդ՝ կառավարության ղեկավարը նախագահի քրեական հետապնդմամբ սպառնաց, եթե վերջինս գերազանցի իր լիազորությունները և հրաժարվի լքել նախագահական պալատը։

Վրաստանի վարչապետը նախագահին սպառնում է բանտարկությամբ
please wait

No media source currently available

0:00 0:00:47 0:00

Վարչապետի խոսքով՝ ոչ ոք ցանկություն չունի 72-ամյա նախագահին բանտ ուղարկել և ինքը հույս ունի, որ Սալոմե Զուրաբիշվիլին, ինչպես ձևակերպել է, «խելամիտ կգտնվի»։

«Զուրաբիշվիլիին մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել իր պաշտոնում։ Ճիշտ է՝ որոշ եվրոպական քաղաքական գործիչներ և պաշտոնական անձինք ասում են, որ շատ բան կարող է տեղի ունենալ մինչև դեկտեմբերի 29-ը, բայց ես վստահեցնում եմ, ոչինչ էլ տեղի չի ունենա, ռադիկալ ընդդիմությունը չի կարող հաղթել։ 29-ին նա ստիպված կլինի լքել իր պաշտոնը։ Տեսնենք, թե որտեղ է նա շարունակելու ապրել՝ ճաղերի ետևո՞ւմ, թե՞ազատության մեջ։ Ես կարծում եմ, որ նա բավարար հիմքեր ունի չխախտելու Քրեական օրենսգիրքը։ Ոչ ոք չէր ցանկանա 72-ամյա կնոջը բանտ ուղարկել, բայց իր գործողություններով ինքն իրեն, ինչպես նաև իր աշխատակիցներին և նախագահական աշխատակազմի ներկայացուցիչներին է վատ դրության մեջ դնում», - հայտարարել է Կոբախիձեն:

Վրաստանում ամիսներ տևած ներքաղաքական ճգնաժամն էլ ավելի սրվեց, երբ վերընտրված իշխող մեծամասնությունն անցած ամիս հայտարարեց Եվրամիության անդամակցության շուրջ բանակցությունները մինչև 2028 թվականը կասեցնելու որոշման մասին։ Մինչ այդ Վրաստանը եվրաինտեգրման նպատակը Սահմանադրությամբ էր ամրագրել և Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստացել ուղիղ մեկ տարի առաջ։

Կառավարության աղմկահարույց որոշումը երկրով մեկ զանգվածային ցույցեր հարուցեց, իշխանությունը բողոքի ակցիաներին արձագանքում էր կոշտ միջոցներով՝ ցուցարարների դեմ կիրառելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ։

Ակցիայի մասնակիցները, ինչպես նաև բազմաթիվ լրագրողներ այս ընթացքում ահազանգել են իրենց դեմ ոստիկանական բռնությունների, անհամաչափ ուժի կիրառման մասին։ Բողոքի ակցիաների ընթացքում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել, ավելի քան 30 անձի, այդ թվում՝ ընդդիմադիր առաջնորդների դեմ քրեական գործեր են հարուցվել։

Ի պատասխան Թբիլիսիի միջազգային գործընկերները՝ մասնավորապես Վաշինգտոնը պատժամիջոցներ սահմանեց մի խումբ վրաց պաշտոնյաների նկատմամբ, Եվրամիությանն առ այժմ չի հաջողվում հետևել Վաշինգտոնի այդ օրինակին Սլովակիայի և Հունգարիայի դիմադրության պատճառով։ Անցած շաբաթ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, դժգոհեց Եվրոպայից, պնդեց, որ Թբիլիսիի արևմտյան դաշնակիցները բավարար քայլեր չեն ձեռնարկում Վրաստանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ։

XS
SM
MD
LG