Վրաստանը պետք է վերականգնի տարածքային ամբողջականությունը բացառապես խաղաղ ճանապարհով, հայտարարել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին, որի լեգիտիմությունը չի ճանաչում հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և երկրի որոշ միջազգային գործընկերներ։
«Մեր ցավալի թեման մեր Աբխազիան և Օսիան են, մեր ցավը, որը շարունակվում է արդեն երեք տասնամյակ։ Մեր տարածքային ամբողջականության, կորցրած տարածքների, օկուպացիոն գծերով բաժանված բնակչության խնդիրը, իհարկե, մենք պետք է ամեն ինչ անենք դիվանագիտական և բացառապես խաղաղ ճանապարհով մեր երկրի միավորմանը հասնելու համար։ Կարծում եմ, որ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցիչները կգործադրեն բոլոր ջանքերը՝ համատեղ օրակարգում դեօկուպացիայի հարցի հաջող առաջխաղացման համար»,- արտերկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ ամենամյա հանդիպմանը ասել է նա։
Կավելաշվիլին նշել է «Վրաստանի անվտանգության ապահովման, եվրոպական և եվրատլանտյան կառույցներին ինտեգրման գործընթացի, ինչպես նաև երկրի և ժողովրդի համար խաղաղության, կայունության և տնտեսական բարեկեցության իրականացման կարևորությունը»:
Վրաստանի խորհրդարանում դեկտեմբերի 29-ին տեղի ունեցավ նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի երդմնակալության արարողությունը:
2008-ին ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը։ Թբիլիսին գտնում է, որ Ռուսաստանը օկուպացրել է իր տարածքները։ Միջազգային հանրությունը Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս է համարում՝ պաշտպանելով Վրաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։