Հայաստանի արտգործնախարարությունը նախ խաղաղության համաձայնագրի նախագիծն այնքան հասունացած համարեց, որ մեկ ամսում ամբողջացնելու ու ստորագրելու պատրաստակամություն հայտնեց, ապա մեկ այլ հայտարարությամբ չբացառեց, որ Բաքուն ուզում է վիժեցնել խաղաղության պայմանագրի կնքումն ու նոյեմբերից հետո Հայաստանի դեմ նոր ագրեսիա ձեռնարկել։ Այս ամենը երկու շաբաթվա ընթացքում։
Պաշտպանունակությունն ուժեղացնելուց զատ, գնում ենք դիվանագիտական ճանապարհով կնքելու խաղաղության համաձայնագիրը. Թորոսյան
Ընդդիմությունը կարծում է՝ խաղաղությունը միայն խոստում էր։
«Իշխանությունը 6 տարի է՝ մեր հասարակությանը խոստանում է խաղաղություն, դա ամրագրում է իր ծրագրերում՝ կառավարության, նախընտրական, բայց այդ խոստման տակ մենք տեսել ենք միայն պատերազմ, ագրեսիա, տարածքների հանձնում, Արցախի հանձնում», - ասում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Երրորդ տարին խաղաղության դարաշրջանից խոսող իշխանությունը ընդդիմախոսների հարցին ի պատասխան՝ ե՞րբ է հաստատվելու իրենց խոստացած խաղաղությունը, Ադրբեջանի քաղաքական կամքի բացակայությունն է վկայաբերում։ Այսօր էլ վերահաստատեցին՝ Երևանը պատրաստ է կարճ ժամանակում կնքել պայմանագիրը։
«Քանի դեռ որևէ երկու երկիր վերջնական խաղաղություն չեն կնքել և նաև ցույց չեն տվել կամքը դրան հավատարիմ լինելու, միշտ հնարավոր է էսկալացիան։ Դրա համար մենք երկու բան ենք անում՝ նախ մեր պաշտպանունակությունն ենք ուժեղացնում և որը անելու ենք շարունակաբար, և որևէ երկիր մեզ չի կարող ասել, էլ չեմ խոսում այդ ասող երկրի սպառազինությունների ձեռքբերումների՝ սկսած մեր դաշնակիցներից, վերջացրած տարբեր այլ երկրներով՝ Թուրքիայով, Իսրայելով, Պակիստանով։ Այո, ուժեղացնելուց զատ, նաև գնում ենք արտաքին քաղաքական դիվանագիտական ճանապարհով կնքելու վերջապես այդ խաղաղության համաձայնագիրը», - ասաց իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Մեր օրակարգում երբևէ նման թեմա չի եղել. Թորոսյանը՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին
Նոյեմբերից հետո ադրբեջանական հարձակումը չբացառող իշխանական «Քաղաքացիական պայմանագրից» Վիլեն Գաբրիելյանը «Ազատության» հետ զրույցում երեկ նաև հնարավոր դրդապատճառներից էր խոսել՝ «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում զիջումներ կորզելը. - «Ինչ վերաբերում է մտավախությանը, որ COP-ից հետո կարող է դիմել ռազմական ագրեսիայի, դա, կարծում եմ, պարզից էլ պարզ երևում է՝ հարձակվի, որպեսզի մեզանից զիջում կորզի «Զանգեզուրի միջանցքի» կոնտեքստում»։
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ութ ամիս առաջ Գրանադայում Փաշինյան-Շոլց-Մակրոն-Միշել քառակողմ հայտարարությունից հետո Ֆեյսբուքում գրել էր՝ «միջանցքի թեման փակ է»։
Հիմա այդ հարցը փակվա՞ծ է, թե՞ բանակցությունների օրակարգում։
«Մեր օրակարգում երբևէ նման թեմա չի եղել ու չի էլ կարող լինել, ուրիշների օրակարգերին էլ արձագանքը պատշաճ եղել է, որևէ կոմունիկացիա պետք է ապաշրջափակվի միայն այդ երկրի սուվերենության ու իրավազորության ներքո, ինչին մենք միշտ պատրաստ ենք եղել, ավելին՝ նույնիսկ մաքսային կետեր ենք կառավարության որոշումով հիմնել։ <>
Ես տեղյակ չեմ բանակցությունների մանրամասներից, բայց բերի-չբերի {Ադրբեջանը}, պատասխանը լինելու է այն, ինչ որ ես ասացի», - Արսեն Թորոսյանը։
Ադրբեջանն իր առաջ քաշած թեզերից չի հրաժարվում, կարծում է Տիգրան Աբրահամյանը
Ռազմական սպառնալիքը չբացառող Տիգրան Աբրահամյանը կարծում է՝ Ադրբեջանն իր առաջ քաշած թեզերից չի հրաժարվել. - «Որը կստացվի խաղաղ ճանապարհով, ինչպես եղավ 4 գյուղերի դեպքում, կհասնի դրա միջոցով, որը նրան չի հաջողվի, նա փորձելու է բավականին սեղմ ժամկետներով, այդ թվում՝ ուժի կիրառման միջոցով հասնել այդ տարածքների նկատմամբ վերահսկողությանը։ Մի մասը արտահայտվում է «սահմանային ճշգրտումների» անվան տակ ադրբեջանական պահանջների իրացմամբ, երկրորդը միջազգային տրամաբանությունն է, որը կարող է միգուցե այլ տրամաբանություն կամ ձևակերպում ստանալ, բայց իրացվել թուրք-ադրբեջանական պատկերացումների շրջանակներում, երրորդը սահմանադրական փոփոխություններն են»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն երեկ «աբսուրդ» էր որակել, որ ոչ մի սահման չճանաչող Հայաստանը որպես իր տարածք է ներկայացնում 30 տարի անց ադրբեջանական բանակի զբաղեցրած դիրքերն ու օկուպացիայի մեղադրանքներ հնչեցնում։ Այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ պաշտոնական Երևանն էր Բաքվին կոչ արել վերջ դնել ավելի քան 30 հայկական գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային:
Արդյոք Բաքուն պայմանավորվածություններից հրաժարվելու հիմք է ստեղծում։ Սահմանազատման հանձնաժողովները առաջիկա տասն օրվա ընթացքում պետք է ավարտեն համատեղ աշխատանքի կանոնակարգի նախագծի համաձայնեցումը, հենց այնտեղ պետք է ամրագրվի սկզբունքը, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա-Աթայի 1991թ-ի հռչակագրով։
Կանոնակարգի շուրջ աշխատանքներից Արսեն Թորոսյանը տեղեկացված չէր, բայց ասաց. - «Օկուպանտն իրենք են և ոչ թե մենք, և մենք դա կրկնում եմ՝ և՛ հայտարարությունների մակարդակում ենք ցույց տվել, և՛ գետնի վրա։
Ադրբեջանի հայտարարությունները, ըստ էության, դեստրուկտիվ են, և հիմա այդ դեստրուկցիայի սրացման փուլն է, կարծես թե, որը մենք պարբերաբար տեսնում ենք»։
Ընդդիադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը շեշտեց. - «Ցավոք, այս փուլում ստեղծված այդ ռազմական սպառնալիքը չենք կարող որևէ ձևով բացառել, այլ բան է, որ Հայաստանի իշխանությունները միգուցե սա օգտագործեն, որպեսզի նաև «քարտ բլանշ» ստանան նաև երկրի ներսից՝ ամեն գնով գնալու նոր զիջումների, միայն թե պատերազմ չլինի»։