Մատչելիության հղումներ

Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում. Միրզոյան


Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լիտվայի պաշտոնակից Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ ասուլիսում հայտարարել է, թե Երևանը շատ կառուցողական առաջարկներ է ուղարկել Բաքվին, սակայն դեռ պատասխան չի ստացել:

«Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել ադրբեջանական կողմին և պատրաստ ենք ավարտին հասցնել, կնքել խաղաղության պայմանագիրն առաջիկա ամիսներին, ինչպես արդեն առաջարկել ենք։ Ցավոք, ադրբեջանական կողմից դեռ արձագանք չկա։ Ավելին, Ադրբեջանն առաջ է քաշում նոր թեմաներ, որոնք առնվազն հարցեր են առաջացնում՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հարցում անկեղծության վերաբերյալ», - ասել է Միրզոյանը։

Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը հիշեցրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են սահմանագծում՝ հիմնված 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի վրա:

«Հիմա շատ կարևոր է ապահովել այդ գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ Դա կենսական է` ապահովելու սահմանին թափանցիկություն և խուսափելու ապագայում որևէ սադրանքից։ Առավել կարևոր է ավարտին հասցնել խաղաղության պայմանագիրը», - Վիլնյուսում հայտարարել է Արարատ Միրզոյանը։

ՀՀ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել է, թե հայկական կողմը պատրաստակամ է կառուցողական և ինտենսիվ աշխատել՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու ուղղությամբ:

Երևանն ու Բաքուն երկու տարում խաղաղության պայմանագրի նախագծի 9 խմբագրություն են փոխանակել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո ասել է, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։ Սակայն Բայրամովի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտեց՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG