Իշխանության արձագանքը. Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են խաղաղության գործընթացը տապալել, որ դիմեն ագրեսիայի
«Ադրբեջանի կողմից տարածված կեղծ լուրերն առ այն, որ Հայաստանը մի քանի անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, պնդում են այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են խաղաղության գործընթացը տապալել, որպեսզի COP 29-ից հետո կրկին դիմեն ռազմական ագրեսիայի»,- «Ազատության» հետ զրույցում նշեց խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը։
Իշխանական պատգամավորի համոզմամբ՝ COP 29 -ի պատճառով Ադրբեջանի իշխանություններն այժմ միջազգային հանրության ճնշման տակ են, և մինչև այդ համաժողովը ինչ -որ ագրեսիա իրականացնել նշանակում է կասկածի տակ դնել այդ միջոցառման անցկացումը Բաքվում։
Նախորդ շաբաթ Բաքուն մի քանի անգամ մեղադրեց հայկական կողմին «կրակ բացելու մեջ», Հայաստանի ռազմական գերատեսչությունը դա հերքեց։ ԵՄ դիտորդները ևս արձանագրել էին, որ սահմանին որևէ արտառոց շարժում կամ միջադեպ չեն նկատել։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ խնդիր է լուծելու Բաքուն՝ նոյեմբերից հետո ռազմական ագրեսիա իրականացնելով, Պաշտպանության հանձնաժողովի իշխանական անդամն ասաց, որ նպատակները կարող են տարբեր լինել, չբացառելով նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցում զիջումներ կորզելու տարբերակը։
«Հարձակվի, որպեսզի մեզանից զիջում կորզի այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» կոնտեքստում։ Ես կարծում եմ՝ այդ հարցը իրենց օրակարգից երբևիցե դուրս չի էլ եկել։ Այնպես չէ , որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է միայն Ադրբեջանին, տարածաշրջանում բազմաթիվ երկրներ ունեն տարբեր շահեր, և ըստ էության դա միայն Ադրբեջանի ցանկցությունը չէ» ,-ասաց Վիլեն Գաբրիելյանը։
Պաշտոնական Երևանն այսօր հայտարարության մեջ ընդգծել է՝ կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի։ Արտգործնախարարությունն այսօր այսպես արձագանքեց Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքին, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է Հարավային Կովկասում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։
Բաքուն երեկ դարձյալ կոշտ էր արձագանքել Փարիզից հաուբիցներ գնելու գործարքին։
Ընդդիմության արձագանքը. Հավանական ենք համարում, որ Ադրբեջանը փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ
«Այո, մենք շատ հավանական ենք համարում, որ COP 29 -ից հետո Ադրբեջանը հերթական անգամ փորձի ռազմական ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ և դարձյալ կենսական նշանակության տարածքներ օկուպացնի, ինչը Հայաստանը էլի ավելի մեծ կախվածության տակ կդնի Ադրբեջանից» ,- «Ազատության» հետ զրույցում ԱԳՆ այսօր տարածած հայտարարությանն ի պատասխան՝ նշեց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորը շեշտեց, թե նման մտահոգություն իրենք հայտնել էին մինչև ԱԳՆ-ի մատնանշած «անհայտ կենտրոնների վերլուծությունները»։
Արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր շեշտել էր՝ ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Բաքվի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու «մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը»՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:
«Այս խորապատկերը մեզ համար առնվազն անհասկանալի է, իսկ իրականում դատապարտելի է Հայաստանի իշխանությունների վարքագիծը, ովքեր շարունակում են ծնկաչոք ընդունել Ադրբեջանի բոլոր պահանջները և փորձում են Հայաստանի ժողովրդին դրանք ներկայացնել որպես Հայաստանի շահերից բխող», - ասաց Արթուր Խաչատրյանը։
Ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ՝ Ադրբեջանը ցանկանում է պատերազմ սանձազերծել, որպեսզի Հայաստանի իշխանությունների, նաև ժողովրդի մի մասի «աչքը վերջնականապես վախեցնի և վերջնականապես ոչնչացնի Հայաստանի պաշտպանվելու պոտենցիալը»։