Երևանում այսօր կայացել է Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ նիստը, որն ամերիկյան կողմից գլխավորել է փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենը։ Տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ, նիստի օրակարգն է։
«Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Ըստ Վաշինգտնի՝ հայ-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին ավելի են խորացել ու զարգացել. - «Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովը կարտացոլի մեր հարաբերությունների խորությունը»։
Օ՛Բրայենը վերահաստատել է, որ Վաշինգտոնն աջակցում է Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատման ջանքերին:
«Մենք աշխատում ենք նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Եվ մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին», - նշեց Օ՛Բրայենը։
Հայաստանի արտգործնախարարն իր հերթին շեշտել է՝ Միացյալ Նահանգները մեծ ներուժ ունի նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը. Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանազատմանը՝ Ալմա-Աթայի հռչակագրով։
Ըստ Արարատ Միրզոյանի՝ խաղաղության պայմանագիրը վերջնականացնելու իրական ու պատմական հնարավորություն կա։ Նա, սակայն, չմանրամասնեց ո՞րն է այդ համոզման հիմքը։
«Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ», - ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարարը:
Բաքուն մինչդեռ շարունակում է պարբերաբար պահանջել անցում Սյունիքով դեպի Նախիջևան՝ առանց մաքսային ու սահմանային ստուգումների, տարածքային պահանջներ է տեսնում Հայաստանի Սահմանադրությունում ու պնդում, թե առանց մայր օրենքի փոփոխության խաղաղության պայմանագիրն անհնար է։ Խաղաղության պայմանագրի վերջին՝ 9-րդ լրամշակված խմբագրումը Երևանը վերջերս է ուղարկել Բաքվին։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում Բաքուն դրական դինամիկա է նկատում»
Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նիստի ընթացքում պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Երևանը շարունակում են աշխատել պաշտպանության, անվտանգության հարցերում։ Օ՛Բրայենը հիշեցրել է, որ անցած տարի Միացյալ Նահանգները Հայաստանի հետ համատեղ՝ «Արծիվ» զորավարժությունն անցկացրին։ Այդ նպատակով սեպտեմբերին ամերիկացի բարձրաստիճան զինվորականներ էին ժամանել Երևան։
Հայաստանի արտգործնախարարն էլ իր խոսքում շեշտել է անցած աշնանն անցկացված հայ-ամերիկյան զորավարժությունների կարևորությունը։
Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության նախորդ նիստը 2022 թվականին Միացյալ Նահանգներում էր անցկացվել։ Կողմերը վերահաստատել էին իրենց հանձնառությունը՝ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները բոլոր ուղղություններով։