Մատչելիության հղումներ

Երևանը Ադրբեջանի մոտ նոր ագրեսիայի մտադրություն է տեսնում, Բաքուն պահանջում է փոխել Սահմանադրությունը


Ադրբեջանի և Հայաստանի դրոշները
Ադրբեջանի և Հայաստանի դրոշները

Ըստ Երևանի՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու, խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի

Պաշտոնական Երևանը կարծում է՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր ագրեսիա սկսելու ու խաղաղության պայմանագրի կնքումը վիժեցնելու մտադրություն ունի։ Բաքուն իր հերթին դարձյալ պահանջում է Հայաստանի սահմանադրությունը փոխել՝ դա համարելով խաղաղության գլխավոր նախապայման։

Արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեղադրանքին, թե «Հայաստանի ղեկավարությունը կրելու է տարածաշրջանում իրավիճակի սրման և պատերազմի նոր օջախի առաջացման ողջ պատասխանատվությունը»։ Բաքուն երեկ կոշտ էր արձագանքել «Սեզար» հաուբիցներ գնելու հայ-ֆրանսիական գործարքին։

Հայաստանի արտաքին գերատեսչությունը շեշտել է՝ մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է:

«Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտածելու տեղիք է տալիս և գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը՝ 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29 գագաթնաժողովից հետո Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

«Սեզար»-ների գնման գործարքի հայտարարությունից հետո Բաքուն երեկ Երևանին ու Փարիզին մեղադրել էր քաղաքական անպատասխանատվության համար։

«Հայաստանին վերազինումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ Ֆրանսիայի կողմից և Հայաստանի ղեկավարության ռևանշիստական քաղաքականությանը սատարելը ճանապարհ է դեպի նոր պատերազմ՝ հավասար քաղաքական անպատասխանատվության», - հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն։

Ադրբեջանը կրկին Հայաստանի սահմանադրության հարցն է բարձրացնում

Իսկ այսօր արդեն Բաքվից պնդեցին, թե «Երևանը շահագրգռված չէ տևական խաղաղությամբ և Ադրբեջանի դեմ կրկին ագրեսիա սկսելու մտադրություն ունի»։ Ըստ պաշտոնական Բաքվի՝ խաղաղության համաձայնագրի կնքումը ձգձգվում է Երևանի պատճառով։ Այս հայտարարությունից ժամեր առաջ պաշտոնական Երևանը շեշտել էր, որ Ադրբեջանն անարձագանք է թողել մեկ ամսում խաղաղության պայմանագիր կնքելու հայկական կողմի առաջարկը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև իրական և տևական խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական պայմանը Ադրբեջանի դեմ շարունակվող տարածքային պահանջների ավարտն է, որոնք ամրագրված են Հայաստանի բազմաթիվ իրավական և քաղաքական փաստաթղթերում և հատկապես Հայաստանի սահմանադրության մեջ, որը բացահայտորեն վկայակոչում է Հայաստանի անկախության ակտը, որը կոչ է անում «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միավորումը», - ասել է ԱԳՆ խոսնակը։

Երևանը մինչդեռ պարբերաբար հերքում է, թե տարածքային պահանջներ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Արտգործնախարարության այսօրվա հայտարարության մեջ էլ շեշտվում է՝ Հայաստանը համատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրին ու միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

Բաքվի երեկվա հայտարարության հասցեատերը ոչ այնքան Երևանն է, որքան Փարիզը. Օլեսյա Վարդանյան

«Այն, ինչ տեղի է ունենում, հավանաբար պետք չէ զարմանք առաջացնի։ Մենք մեկ անգամ չէ, որ լսել, տեսել ենք՝ Ադրբեջանը նյարդային է արձագանքում Ֆրանսիայից հնչող ցանկացած հայտարարության, քայլի։ Բաքուն Փարիզի հետ հակասություններ ունի, այդ թվում՝ Հայաստանի շուրջ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ավագ հետազոտող Օլեսյա Վարդանյանը։

Հրետանային «Սեզար» միջոցների գնման վերաբերյալ Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա կոշտ արձագանքն ավելի շատ ուղղված էր Փարիզին, կարծում է Օլեսյա Վարդանյանը։

Իսկ Երևանը, ըստ փորձագետի, փորձում է մինչև COP 29-ի նոյեմբերյան գագաթնաժողովը Բաքվին փոխզիջումների դրդել։

«Հայկական կողմը ձգտում է օգտվել գագաթնաժողովից առաջ այդ ոչ այնքան մեծ ժամանակահատվածից՝ հասնելու ինչ-որ պայմանավորվածությունների, որոնք կարող են լինել բանավոր, բայց գոնե ինչ-որ հույս կարող են տալ, որ գագաթնաժողովից հետո այդ գործընթացը նորից չթևակոփի ապակայունացման, նոր միջադեպերի, նոր ռազմական գործողությունների», - ասաց նա։

Ըստ հետազոտողի՝ քիչ հավանական է, որ մինչև նոյեմբեր՝ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության գագաթնաժողովը, Ադրբեջանը գնա ապակայունացման։

XS
SM
MD
LG