Մատչելիության հղումներ

Ռուբեն Ռուբինյանը չի մեկնաբանում՝ կստորագրվի՞ խաղաղության պայմանագիր առանց ենթակառուցվածքների ապաշրջափակման


ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունենում խորհրդարանում, 11-ը հունիսի, 2024թ.
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ելույթ է ունենում խորհրդարանում, 11-ը հունիսի, 2024թ.

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարում է՝ Երևանը պատրաստ է խաղաղության պայմանագրի տեքստն ամբողջացնել և ստորագրել։ Ռուբեն Ռուբինյանը միևնույն ժամանակ ուղիղ չի ասում՝ հայկական կողմն ավելի քան երկու տարի բանակցվող փաստաթուղթը կստորագրի՞ առանց տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման:

«Ես չէի ուզենա այդ դետալների մեջ մտնել։ Ինչ վերաբերում է մեր դիրքորոշմանը ապաշրջափակման վերաբերյալ, ես այն ներկայացրեցի», - ասաց նա։

Սահմանազատումից առաջ հայաստանցի բանակցողները հայտարարում էին, թե խաղաղության պայմանագրի ստորագրումը իրատեսական կլինի, եթե փաստաթղթում ամրագրվի երեք սկզբունք՝ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը կոնկրետ մակերեսով, բացեն տարածաշրջանային կոմունիկացիաները՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա, ինչպես նաև Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատում իրականացնեն: Սահմանազատումը, սակայն, սկսվեց առանց խաղաղության պայմանագրի ստորագրման: Ադրբեջանն էր առաջարկում դելիմիտացիայի գործընթացն առանձնանցնել խաղաղության պայմանագրից:

Հնարավո՞ր է ապաշրջափակման հարցն էլ դուրս մնա ստորագրվելիք փաստաթղթից, հատկապես որ Երևանի ու Բաքվի դիրքորոշումներն առնվազն հրապարարակային մակարդակում տարբերվում են, Ռուբեն Ռուբինյանն ասաց. - «Տեսականորեն տարբեր սցենարներ կլինեն, չէի ուզենա հիմա մեկնաբանել»։

Ադրբեջանի նախագահն ապրիլի վերջին կրկին պնդել էր, թե ապաշրջափակման հարցում պետք է առաջնորդվել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, ավելին՝ նաև ասել էր՝ «Երևանը փորձում է ազատվել այդ կետից, դա, սակայն, անհնար է»:

Ռուբեն Ռուբինյանն այսօր չմանրամասնեց՝ արդյոք դրանից հետո կողմերը համաձայնության հասել են, միայն վստահեցրեց՝ իշխանությունը մոտեցումը չի փոխել, որ ենթակառուցվածքները պետք է գործեն 4 հիմնական սկզբունքներով. - «Ես սա ասում եմ անկախ խաղաղության պայմանագրի կոնտեքստից, ընդհանրապես ենթակառուցվածքների ապաշրջափակամն վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է»:

Խաղաղության պայմանագրի ստորագրման և տարածաշրջանում տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերն, ըստ էության, որպես առանձին գործընթաց էր ներկայացրել նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարը: Արարատ Միրզոյանը մեկ ամիս առաջ Ղազախստանում Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո նշել էր, թե Հայաստանը պատրաստ է ոչ միայն խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, այլև առաջ գնալ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում:


«Մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն»

Այս ֆոնին Երևանն ու Բաքուն բարձրաձայնում են բանակցային գործընթացում դրական մթնոլորտի և առաջընթացի մասին, բայց առանց հստակեցնելու, թե որ հարցի կամ հարցերի շուրջ են համաձայնության հասել: Ավելին՝ անցած շաբաթ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև հայտարարեց, թե խաղաղության համաձայնագիրը բավականաչափ հասունացած է, և մեկ ամսվա ինտենսիվ աշխատանքի դեպքում հնարավոր է այն ստորագրել։ Նույնն այսօր շեշտեց Ազգային ժողովի փոխնախագահը:

«Մենք համարում ենք, որ այո, մոտ ենք խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելուն, մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջականացնել այն և ստորագրել: Բնականաբար, այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է՝ ամբողջությամբ ամբողջականացված չէ», - հայտարարեց Ռուբինյանը:

Միմյանց տարածքային ամբողջականության հարցում ևս ամեն ինչ հարթ չէ, այստեղ էլ Բաքուն ընդդիմանում է Ալմա-Աթայի հռչակագրին հղումն ամրագրել խաղաղության պայմանագրում: Ռուբեն Ռուբինյանն այսօր հրաժարվեց պարզաբանել, թե ինչու: Միայն հիշեցրեց՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կողմերն ունեն համաձայնություն, որն ամրագրվել է 2022 թվականին Պարահայում, հետո Սոչիում, Բրյուսելում, վերջերս էլ փոխվարչապետների մակարդակով տեղի ունեցած հանձնաժողովների նիստերի ընթացքում: Եվ եթե դրանք արտահայտվեն խաղաղության պայմանագրում, ըստ Ազգային ժողովի փոխնախագահի, այն հնարավոր կլինի շատ արագ ստորագրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG