Մատչելիության հղումներ

Բաքուն հիմնավորում է վերլուծությունները, որ ամեն ինչ կանի COP29-ից հետո նոր ագրեսիայի համար. ԱԳՆ


Հայաստանի արտգործնախարարության շեքնը Երևանում
Հայաստանի արտգործնախարարության շեքնը Երևանում

Մարտունակ և ժամանակակից զինտեխնիկայով սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է, այսօր հայտարարել է Հայաստանի արտգործնախարարությունն՝ արձագանքելով սպառազինության ֆրանս-հայկական նոր գործարքի շուրջ Բաքվի քննադատություններին:

Հայաստանն ու Ֆրանսիան երեկ հայտարարեցին, որ «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

Բաքուն դատապարտեց այդ գործարքը, հայտարարելով, որ Հարավային Կովկասում «պատերազմի նոր օջախ ստեղծելու ողջ պատասխանատվությունը կրելու են Հայաստանի ղեկավարությունը և Մակրոնի բռնապետությունը»։

Ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը, ինչպես նաև հիշեցնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձրագույն մակարդակում պայմանավորվել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա՝ պաշտոնական Երևանն այսօր շեշտել է՝ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին և միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի:

«Հայաստանի Հանրապետությունն այս մոտեցումը գործնականում ապացուցել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի չորս գյուղերի շրջանում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ: Ադրբեջանին կոչ ենք անում վերջ դնել ՀՀ ավելի քան 30 գյուղերի կենսական նշանակության տարածքների օկուպացիային», - ասված է հայտարարությունում:

Երևանը մտահոգություն է հայտնել ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպի շուրջ։

«Սա գալիս է հիմնավորելու մի շարք կենտրոնների կողմից արվող վերլուծությունները, թե Ադրբեջանն ամեն ինչ անելու է վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը, 2024թ. նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երևանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք:

Երևանն ու Բաքուն երկու տարում խաղաղության պայմանագրի նախագծի 9 խմբագրություն են փոխանակել։

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Երևանի վերջին առաջարկը ստանալուց հետո ասաց, թե «ավելի քիչ հարցեր են բաց մնում», «որոշ կետերում դրական դինամիկա ենք նկատում»՝ առանց մանրամասներ փոխանցելու։

Սակայն Բայրամովի հայտարարությունից մեկ օր անց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շեշտեց՝ եթե Հայաստանի Սահմանադրությունը չփոփոխվի, խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG