Մատչելիության հղումներ

Վարչապետ. «Մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս»


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 3-ը դեկտեմբերի, 2024թ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում, 3-ը դեկտեմբերի, 2024թ.

«Ըստ էության, մենք մեզ արդեն իսկ համարում ենք ՀԱՊԿ-ից դուրս, և իրենք ինչ ուզում են թող որոշեն». - Նիկոլ Փաշինյանն այսօր ըստ էության անհնար համարեց Հայաստանի վերադարձը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն՝ ընդգծելով, որ անդառնալիության կետն արդեն անցել են։

Վարչապետն այս հայտարարությունն արեց Ազգային ժողով- Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ՝ արձագանքելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի օրերս արած պնդմանը, թե ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել 2020-ի Արցախյան պատերազմին, քանի որ Ղարաբաղը Հայաստանի տարածք չէր:

«Ամենայն հարգանքով Ռուսաստանի Դաշնության հարգելի նախագահի նկատմամբ՝ մենք գործընկերներ ենք և աշխատում ենք միասին, էս հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանրապես ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում», - ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետը կրկին ներկայացրեց ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի ունեցած խնդրի էությունը՝ բացատրելով, որ դա ամենևին կապ չուներ Ղարաբաղի հարցի հետ։ Ըստ վարչապետի, 2021-ին և 2022-ին հենց Հայաստանի՛ նկատմամբ է եղել ագրեսիա, տարածքային ոտնձգություններ։ Եվ ընդ որում, երբ Հայաստանի իշխանությունները տեսել են, որ իրադարձությունները զարգանում են ռազմական ագրեսիայի ուղղությամբ, այդ հարցն առաջինը քննարկել են դաշնակիցների հետ։ Իսկ վերջիններս, ըստ Փաշինյանի, վստահեցրել են, թե նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի սահմանները իրենց համար կարմիր գիծ են, դա բոլորը գիտեն, և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել։ Բայց երբ արդեն ոտնձգությունը տեղի է ունեցել, և այդ կարմիր գիծը հատվել է, ՀԱՊԿ-ից ասել են, թե սահմանը ոնց որ դելիմիտացված չէ։

«Ասել ենք՝ «շատ լավ, ցույց տվեք Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին՝ էս՝ քարտեզը, էս՝ մատիտը, ցույց տվեք՝ որտեղով ա անցնում»: Իրենք մեզ դա ցույց չեն տվել։ Եվ իմ ռեակցիան ես հրապարակային ասել եմ, ասել եմ՝ եթե Հայաստանում ՀԱՊԿ-ը չունի պատասխանատվության գոտի, էդ գիծը չի կարող ցույց տալ, ուրեմն փաստացի ՀԱՊԿ-ը որպես կազմակերպություն գոյություն չունի: Ստեղ Ղարաբաղի հետ կապված իրավիճակը ընդհանրապես կապ չունի, մենք ՀԱՊԿ-ի հետ էս մեր մասնակցությունը սառեցնելու համատեքստում Ղարաբաղիւ թեման ընդհանրապես չենք շոշափել», - հայտարարեց վարչապետը:

Անդրադառնալով ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանին մասնակցության սառեցմանը, վարչապետը հայտարարեց՝ Հայաստանն ինքն իրեն արդեն համարում է ՀԱՊԿ-ից դուրս, և կազմակերպությունում ինչ ուզում են թող որոշեն. - «Այդ թվում էս իրադրությունների տարբերությունը և դրա արդեն հրապարակային փոխադարձ արտահայտումը արդեն ավելի ու ավելի դժվար, եթե չասենք՝ անհնար է դարձնում Հայաստանի Հանրապետության վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետը ըստ էության անցել ենք»:

Անդառնալիության մասին վարչապետ Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այսօրվա առաջարկին, թե Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին։ Իմանգալի Տասմագամբետովը նաև շեշտել էր, թե վերադարձի համար առարկություններ կամ խոչընդոտներ չկան։

«Մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր»

Հարցուպատասխանի ժամանակ վարչապետն անդրադարձավ նաև խաղաղության պայմանագրին՝ հույս հայտնելով,որ Երևանն ու Բաքուն կակտիվացնեն նախագծի շուրջ աշխատանքները:

«Աշխատանքի ըստ էության 90 տոկոսը արված է, և մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիր։ Ընդ որում, ուզում եմ, արդեն ասել եմ նաև հրապարակային, որ մենք առաջարկել ենք նաև շատ իրական, իրատեսական և ռեալ լուծում տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, և մնում ա բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել և բոլոր ուղղություններով լուծել», - ասաց Փաշինյանը:

«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա», - նշեց վարչապետը:

Ի դեպ, Փաշինյանն այսօր խորհրդարանի ամբիոնից մի քանի անգամ վստահեցրեց՝ Հայաստանն Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունի, արձագանքելով ադրբեջանական մամուլում տեղ գտած ինչ-որ հրապարակումների։ Ընդ որում, Ադրբեջանի վրա Հայաստանի ենթադրյալ հարձակման վերաբերյալ ադրբեջանական մամուլի վերլուծությունները Փաշինյանին փոխանցեց իշխանական պատգամավոր Տիգրան Պարսիլյանը։

«Ընդհակառակը՝ հենց ներքաղաքական նկատառումներով, մեզ՝ կառավարող թիմին և կոնկրետ ինձ ձեռնտու է, որպեսզի տարածաշրջանում իրադրությունը լինի կայուն։ Մենք Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունենք», - հայտարարեց վարչապետը:

Ապա նա բացատրեց, թե ինչու Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու որևէ պատճառ չունի. քանի որ, նախ, փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, Հայաստանի խորհրդարանն էլ վավերացրել է սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքների կանոնակարգը, և առաջիկայում պետք է դելիմիտացիայի գործընթաց սկսել փոխադարձ համաձայնությամբ հաջորդ հատվածում:

«Ես բացառում եմ ուղղակի որևէ գործողություն Հայաստանի Հանրապետության կողմից, որը նպատակամղված կլինի տարածաշրջանում իրադրությունը ապակայունացնելուն», - ասաց վարչապետը:

«Գենետիկ անհամատեղելիություն ունեմ «շեֆ» բառի հետ»

Այսօրվա հարցուպատասխանին ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական գիրքը նվիրեց Նիկոլ Փաշինյանին: Եթե նախորդ անգամ նվիրած գրքերը վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, ապա այսօրվանը Թուրքմենստանի նախկին նախագահի գիրքն էր:

«Ուրեմն էս մարդը անկախությունից ի վեր երկրի նախագահն էր, առավոտվանից գիշեր ինչ-որ նոր մտքեր էր ասում, ամբողջ պետական համակարգը ստիպված թութակի պես կրկնում էր: Նիկոլ Փաշինյանը պարբերաբար ինչ-որ մտքեր ա ասում, պաշտոնյաները, պատգամավորները ամեն անգամ հետը կրկնում են: Էդ թութակի պես կրկնելը՝ Նիկոլ Փաշինյանի ասածի, շեֆի ասածի անելը, էդ պադավատների դեմ պայքարում գիտե՞ք ինչով ա ավարտվել. շեֆը ասել ա, շեֆը ջղայնացել ա, SMS ա ղրկել, ինչ ա արել, նույնիսկ պարզ՝ հիմնարկների աշխատանքային, ոչ ծառայողական մեքենա, աշխատանքային մեքենաներ են կրճատում», - հայտարարեց Մանուկյանը:

«Ես անկեղծ ասած շատ կնեղվեմ, եթե իմանամ, որ որևէ մեկը իմ մասին խոսալիս ասում ա «շեֆը», և գենետիկ անհամատեղելիություն ունեմ էդ բառի հետ, որովհետև ինչպե՞ս կարել է ընդհանրապես... մենք հո խմբավորո՞ւմ չենք», - արձագանքեց Փաշինյանը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG