Մատչելիության հղումներ

ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար. Փաշինյան


«Անձամբ ես աննպատակահարմար եմ համարել (ԵԱՏՄ) միջոցառման անցկացումը Հայաստանում, որովհետև ցավոք Ձեզ հայտնի հանգամանքների բերումով, ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ բոլոր անդամներն են ցանկալի Հայաստանի համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ինչո՞ւ է որոշվել դեկտեմբերի 25 -ին նախատեսված ԵԱՏՄ գագաթնաժողովը, որը նախագահում է Հայաստանը, անցկացնել ոչ թե Երևանում, այլ Սանկտ Պետերբուրգում։

Հայաստանի ԱԳՆ-ից «Ազատությանը» հայտնել էին, որ դեռ այս տարվա մայիսի 8-ին Մոսկվայում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին է որոշվել հաջորդ նիստն անցկացնել Սանկտ Պետերբուրգում:

Հարցին էլ, թե արդյոք Հռոմի ստատուտի ընդունման համատեքստում կա՞ Վլադիմիր Պուտինի ձերբակալության հարց, Փաշինյանը պատասխանեց. - «Երբ որ մենք Հռոմի ստատուտը վավերացրել ենք, մենք էդ ընթացքում հաղորդակցության մեջ ենք եղել Ռուսաստանի մեր գործընկերների հետ, և մենք նրանց բերել ենք ԱՄՆ -ի հետ մեր օրինակը։ Մենք ԱՄՆ -ի հետ ունենք երկկողմ համաձայնագիր, որը որոշակի առանձնահատկություններ է ընդգծում Հռոմի ստատուտի շրջանակներում մեր ու իրենց հարաբերություններում։ Մենք նույն մեխանիզմը առաջարկել ենք Ռուսաստանին, բայց վերջինս ինչ-ինչ պատճառներով չի համաձայնել դրան»:

Երևանը Հռոմի ստատունը վավերացրեց անցած տարի, իսկ այս փետրվարից պաշտոնապես միացավ Միջազգային քրեական դատարանին։

Հռոմի ստատուտին միանալու քայլը հավելյալ լարվածություն էր առաջացրել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններում, քանի որ հենց այս դատարանն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։

Այսօր էլ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հռոմի ստատուտի վավերացումն ուղիղ վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG