«Իրադարձությունների տարբերությունը և դրա հրապարակային փոխադարձ արտահայտումը ավելի ու ավելի դժվար է դարձնում, եթե չասենք անհնար է դարձնում Հայաստանի վերադարձը ՀԱՊԿ, և ես կարծում եմ, որ մենք էդտեղ անդառնալիության կետն ըստ էության անցել ենք», - այսօր խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջերս արած հայտարարությանը, թե ՀԱՊԿԸ չէր կարող միջամտել 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, քանի որ դա Հայաստանի տարածք չէր։
Փաշինյանն այսօր հակադարձեց՝ «ամենայն հարգանքով Ռուսաստանի նախագահի նկատմամբ, բայց վերջինիս այս հայտարարությունը ակնհայտ է դարձնում ընդհանուր իրավիճակը, որ կա ՀԱՊԿ-ում»։
«Մեր դիրքորոշումը հստակ է, որ 2021 - ին, 2022 - ին Հայաստանի նկատմամբ եղել ագրեսիա, տարածքային ոտնձգություններ, ընդ որում՝ դա եղել այն բանից հետո, երբ մենք տեսել ենք, որ իրադարձությունները զարգանում են այդ ուղղությամբ, և այդ հարցը առաջինը քննարկել ենք մեր դաշնակիցների հետ, և մեր դաշնակիցներից ստացել ենք, պատասխան, որ նման բան չի կարող տեղի ունենալ, որովհետև Հայաստանի սահմանները մեզ համար կարմիր գիծ է։ Սա բոլորը գիտեն, և որևէ մեկը չի կարող ոտնձգություն անել։ Երբ ոտնձգությունը տեղի է ունեցել, մենք ասել ենք, որ այդ կարմիր գիծը հատված է, որից հետո իրենք էլ ասել են, դե ոնց որ թե սահմանը դելիմիտացված է չէ։ Մենք էլ ասել ենք, բա էդ դեպքում ո՞րն է այն կարմիր գիծը, որի մասին ասում էիք, ցույց տվեք էդ կարմիրը գիծը։ Ասել ենք, ցույց տվեք Հայաստանում ՀԱՊԿ պատասխանատվության գոտին, իրենք դա մեզ ցույց չեն տվել», - հայտարարել է վարչապետը։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, մայիսին էլ հրաժարվեց իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։
«Տարածաշրջանում Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա»
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ վարչապետը նշեց. - «Հույս ունեմ, որ մենք կակտիվացնենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքները, որովհետև աշխատանքի 90 տոկոսն արված է և մնում է վերջին ջանքը գործադրել և ստորագրել խաղաղության պայմանագիրը»:
«Ընդորում, նաև ասել եմ հրապարակային, որ մենք առաջարկել ենք նաև իրատեսական լուծում՝ տարածաշրջանի կոմունիկացիաների բացման հարցով, և մնում է բոլոր ուղղություններով ուղղակի քայլ անել և լուծել։ Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում Հայաստան - Ադրբեջան հարաբերություններում էսկալացիայի որևէ հիմք չկա», - հավելեց Փաշինյանը։
Երևանը նոյեմբերին ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները։ Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը տեղեկացրել էր, որ ադրբեջանական կողմի հետ աշխատում են փաստաթղթի «մեկ-երկու ձևակերպման» շուրջ, որից հետո, ըստ նրա, այն պատրաստ կլինի ստորագրման։
11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարեց, որ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված: Բաքվից էլ նշել են, որ դրանցից երկուսը վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։ Օրերս Հանրային հեռուստաընկերությանը տրված հարցազրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Երևանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանազատված հատվածներից։