ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ավգուստ Պֆլյուգերի հետ հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե «Հայաստանի կողմից իրականացվող ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը» վտանգ է ներկայացնում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար։
Ի պատասխան «Հայաստանի ռազմականացման» վերաբերյալ Բաքվի պնդումների՝ պաշտոնական Երևանը բազմիցս շեշտել է, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը յուրաքանչյուր պետությանն ինքնապաշտպանության իրավունք է վերապահում, և որ Ադրբեջանի հարձակողական զինատեսակներով սպառազինման ծավալներն անգամներով ավելին են:
Հայաստանը նաև սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ, չհարձակման մասին պայմանագրի ստորագրում է առաջարկել, Ադրբեջանն այդ առաջարկներին չի արձագանքել:
Ադրբեջանի նախագահն այսօրվա հանդիպմանը նաև վերստին կրկնել է, որ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար կարևոր է վերջ դնել «Հայաստանի տարածքային պահանջներին Ադրբեջանի դեմ», որոնք, նրա խոսքով, Սահմանադրության մեջ են։
Հայ պաշտոնյաները բազմիցս հակադարձել են, որ Սահմանադրության փոփոխությունը Երևանի ներքին գործն է, ինչպես նաև, որ Սահմանադրությունն ու դրանում հիշատակված Անկախության հռչակագիրը նույնական չեն, հղում են անում նաև Սահմանադրական դատարանի որոշմանը:
Վարչապետն այս շաբաթ նաև պնդեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ, բայց դրա փոփոխությունը նախապայման չեն դարձնում նաև այն պատճառով, որ խաղաղության բանակցությունները չմտնեն փակուղի: