Հայաստանի բացակայությունը ՀԱՊԿ աշխատանքներում չի ազդում դրանց արդյունավետության վրա, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Այդուհանդերձ, առաջնորդվում ենք նրանով, որ Հայաստանը մեր դաշնակիցն է և մեր բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։
Հայաստանը ցանկացած պահի կարող է վերադառնալ կազմակերպության աշխատանքներին՝ նաև հայտարարել է Տասմագամբետովը՝ շեշտելով՝ առարկություններ կամ ՀԱՊԿ անդամ երկրների կողմից խոչընդոտներ չկան։
Երևանը չմասնակցեց նոյեմբերի 28-ին Ղազախստանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։
Այս տարվա սեպտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության համար՝ հավելելով՝ դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։