Աստանայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է Հայաստանի ներկայացուցիչների բացակայությանը՝ նշելով․
«Ես այսօր առաջինը ելույթ ունենալու պատիվն ունեմ, քանի որ մեր հայ գործընկերներն այս նիստին չեն մասնակցում։ Հայաստանի բացակայությունն, ի դեպ, տարածաշրջանում առկա աշխարհքաղաքական իրադրության և ինչ-որ առումով նաև մեր կազմակերպության բնութագիրն է»։
Հայաստանը հայտարարել է, որ սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի միջոցառումներին, հրաժարվել է իր բաժին ֆինանսավորումը հատկացնել այդ կառույցին, տևական ժամանակ չի մասնակցում համատեղ զորավարժություններին, հանդիպումներին, բայց պաշտոնապես չի դիմել ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելու համար։
Երևանը խստորեն քննադատում է ՀԱՊԿ-ին հատկապես 2022 թվականին Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական ուժերի ներխուժումից հետո, երբ այդ կառույցը ոչ միայն չպաշտպանեց իր անդամին, այլև նույնիսկ պատշաճ չարձագանքեց Ադրբեջանի ագրեսիային։