Գերմանիայի կանցլերի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կրկին շեշտել է, թե «Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված տարածքային պահանջները դեռևս պահպանվում են»։ Միաժամանակ Իլհամ Ալիևն Օլաֆ Շոլցին ասել է, որ կողմերը մոտ են փաստաթղթի տեքստի շուրջ վերջնական համաձայնության գալուն, և բանակցությունները կշարունակվեն COP-ի ավարտից հետո, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտարարելով, որ Գերմանիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատմանը, Օլաֆ Շոլցն ընդգծել է՝ Բեռլինը կողմերին կոչ է անում համարձակ քայլեր ձեռնարկել։
Գերմանիայի կանցլերը փոխանցել է, որ չի մասնակցելու Ադրբեջանում COP29-ի գագաթնաժողովին։
- Խաղաղության պայմանագրի նախագծի 11-րդ խմբագրումը ստանալուց հետո պաշտոնական Երևանը հայտարարել է՝ մեկ-երկու հարց շարունակում է մնալ չհամաձայնեցված:
Բաքվից չհամաձայնեցված կետերն են գաղտնազերծել, Երևանը ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է դրանց իսկությունը։ Դրանցից երկուսը, ըստ Ալիևի կառավարությունից ֆինանսավորվող վերլուծական կենտրոնի ղեկավար Ֆարիդ Շաֆիևի, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդների դուրս բերմանը և Հայաստանի հետ իրավական վեճերի բացառմանը։
- Հայաստանի իշխանությունից վստահեցնում են՝ բանակցություններում դրական զարգացումներ կան, և ավելի քան երկու տարվա քննարկումներից հետո պայմանագիր կնքելու հնարավորություն են տեսնում: Սահմանադրության վերաբերյալ Բաքվի պահանջներին ի պատասխան էլ՝ Երևանից հայտարարել են, որ Սահմանադրական դատարանի որոշումը, որ սահմանազատման կանոնակարգը Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանում է, վկայում է, որ տարածքային պահանջներ չկան որևէ երկրի նկատմամբ։