Մատչելիության հղումներ

Թրամփի հաղթանակը կարող է նպաստել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը, բայց ո՞ւմ պայմաններով


Ուկրաինա - Ավերված մշակութային կենտրոն Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Իրպինում, արխիվ
Ուկրաինա - Ավերված մշակութային կենտրոն Կիևից հյուսիս-արևմուտք գտնվող Իրպինում, արխիվ

Ընդհանուր տեսակետն այն է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերջը չի ուրվագծվում: Բայց Դոնալդ Թրամփի վերընտրությունը կարող է նպաստել խաղաղ համաձայնության ձեռքբերմանը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մյուսների միջև, որոնք վիճում են հնարավոր պայմանների շուրջ:

Թրամփի հաղթանակը ժամանակի նոր հաշվարկի հնարավորություն է ստեղծել․ քարոզարշավի ընթացքում նա բազմիցս հայտարարել է, որ վերընտրվելու դեպքում կարող է արագ ավարտին հասցնել պատերազմը՝ նույնիսկ չսպասելով մինչև երդմնակալության օրվան՝ հունվարի 20-ին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն շտապեց ենթադրել՝ Թրամփի հայտարարությւոնը նշանակում է, որ նա ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները, վերջ դնել Ուկրաինայում պատերազմին, ինչը, Կրեմլի ղեկավարի համոզմամբ, «ուշադրության արժանի և նույնիսկ շատ արժանի» հայտարարություն է։

Պուտինը նաև գովեստի խոսքեր շռայլեց Թրամփին հասցեին՝ բարձր գնահատելով մասնավորապես նրա «քաջությունը», որը դրսևորել է մահափորձի ժամանակ։ Ռուսաստանի առաջնորդը կարծիք հայտնեց, թե պաշտոնավարման առաջին ժամկետի ընթացքում Թրամփին զսպաշապիկ էին հագցրել՝ թույլ չտալով նրան հասնել իր նպատակներին։

Պուտինի այս խոսքերն այնպես էին հնչում, իբր դրանք տեղում ծագող մտքեր էին, նախապես չպլանավորված։

Մինչդեռ այդ հայտարարարությունները միաժամանակ փաստում են, որ ըստ էության՝ Կրեմլը փորձում է օգտվել Միացյալ Նահանգներում իշխանության փոփոխությունից, խաղաղության հասնելու գործում Թրամփի միջնորդական հույսերից՝ Ուկրաինայում սեփական նպատակներին հասնելու համար:

Մեծ մարտահրավերներ

Մինչ այդ, որևէ նշան չկա, որ Մոսկվան հրաժարվել է իր հռչակած նպատակներից՝ այդ թվում ռուսական բանակի գրաված տարածքների նկատմամբ ամբողջական վերահսկողությունից, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության արգելքից։

Քանի որ Պուտինի բանակն Արևելյան Ուկրաինայում արագ տեմպերով առաջ է ընթանում, Մոսկվան նաև տրամադրված չէ փոխզիջումների:

ՌԴ Անվտանգության խորհրդի ղեկավար Սերգեյ Շոյգուն անցած օրերին շեշտում էր՝ Մոսկվան բաց է բանակցությունների համար, բայց միայն իր պայմաններով:

«Այժմ, երբ ռազմադաշտում իրավիճակը ձեռնտու չէ Կիևի ռեժիմին, Արևմուտքը կանգնած է ընտրության առաջ՝ շարունակե՞լ ֆինանսավորել Ուկրաինային և ոչնչացնել բնակչությունը, թե՞ ճանաչել ներկայիս իրողությունները և սկսել բանակցություններ», - ասել է ռուսաստանցի պաշտոնյան:

Ռուսական զինուժի կողմից հրթիռակոծության հետևանքները Դնեպրում, Արևելյան Ուկրաինա, հոկտեմբեր, 2024թ.
Ռուսական զինուժի կողմից հրթիռակոծության հետևանքները Դնեպրում, Արևելյան Ուկրաինա, հոկտեմբեր, 2024թ.

Հենց սա էլ պատերազմը դադարեցնելու Թրամփի ցանկացած փորձի գլխավոր մարտահրավերներից է՝ հրադադար կամ խաղաղություն Մոսկվայի պայմաններով, որը, ըստ ամենայնի, կգնահատվի որպես Կիևի պարտություն, ինչն էլ, իր հերթին, Ռուսաստանին կշնորհի մի իրավիճակ, երբ Մոսկվան կարող է սպառնալիքների տակ պահել ոչ միայն Ուկրաինան, այլև Արևմուտքը։ Սպիտակ տանը դժվար կլինի դա ներկայացնել իբրև աշխարհքաղաքական հաղթանակ։

Քանի որ Թրամփի երդմնակալությունը 10 շաբաթ է մնացել, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փորձում է կանխել նման սցենարը՝ կոչ անելով Արևմուտքին ավելի շատ զենք մատակարարել, օգնել Ուկրաինային բարելավել իր դիրքերը ռազմաճակատում և ճանապարհ հարթել «արդար խաղաղության» համար, զգուշացնելով, որ Ռուսաստանին նրա ուզածը տալը լրջագույն սխալ կլինի:

«Շատ է խոսվել Պուտինին զիջելու, հետքայլ անելու, որոշ զիջումների գնալու անհրաժեշտության մասին: Դա անընդունելի է Ուկրաինայի և ինքնասպանություն՝ ամբողջ Եվրոպայի համար», - Բուդապեշտում Եվրոպական քաղաքական համայնքի հավաքին իր ելույթում հայտարարում էր Զելենսկին։

Տարաձայնություններ Արևմուտքում

Արևմուտքում առկա տարաձայնությունները սպառնում են խաղաթուղթ դառնալ Ռուսաստանի ձեռքում։ Նոյեմբերի 8-ին ելույթ ունենալով Բուդապեշտում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն, իր հերթին, հայտարարեց. - «Մենք պետք է ուժեղացնենք Ուկրաինան, աջակցենք Ուկրաինային, քանի որ եթե մենք չաջակցենք Ուկրաինային, դա կդառնա սխալ ազդանշան, որ մենք ուղարկում ենք Պուտինին և աշխարհով մեկ այլ ավտորիտար ռեժիմների»։

Բայց Հունգարիայի վարչապետ, Թրամփի դաշնակից Վիկտոր Օրբանը, ով նաև մտերիմ է Պուտինի հետ, հակառակին մոտ միտք հնչեցրեց:

Ուկրաինայի Ուգլեդար քաղաքը՝ ռուսական ուժգին ռմբակոծությունների և ծանր մարտերի վայր, արխիվ
Ուկրաինայի Ուգլեդար քաղաքը՝ ռուսական ուժգին ռմբակոծությունների և ծանր մարտերի վայր, արխիվ

«Իրավիճակը ճակատում ակնհայտ է՝ տեղի է ունեցել [ուկրաինական] ռազմական պարտություն», - ասաց Օրբանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG