Ռուսաստանը մոտ 45 հազարանոց զորք է կենտրոնացրել Կուրսկում, ըստ ամենայնի, պատրաստվելով հակահարձակման՝ իր տարածքից ուկրաինական ուժերին դուրս մղելու համար, այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար գեներալ Ալեքսանդր Սիրսկին։
Բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ Մոսկվային այդ գործում օգնում են հյուսիսկորեացի զինվորները։
Սիրսկիի հայտարարության ֆոնին հաղորդվեց, որ Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը, վավերացրեց Փհենյանի հետ երկկողմ պայմանագիրը, որը նախատեսում է փոխադարձ ռազմական օգնություն։
«Թշնամին այնտեղ կենտրոնացրել է մոտ 45 հազարանոց զորք: Եվ փորձում է ավելացնել նրանց թիվը: Ռուսաստանի սեփական զորքերը այս ուղղությամբ բավարար չեն, հետևաբար փորձում են ներգրավել հյուսիսկորեացի զինվորականներին», - Telegram-ում գրել է Սիրսկին:
Ուկրաինան պնդում է, որ օգոստոսի 6-ից ի վեր Կուրսկում վերահսկում է ավելի քան 1000 քառակուսի կիլոմետր տարածք։