Դոնալ Թրամփը վերադարձրեց 2016 թվականի ցնցող հաղթանակը՝ դառնալով Միացյալ Նահանգների 47-րդ նախագահը։ Առանցքային տատանվող նահանգների ընտրողների համոզմամբ՝ հենց Թրամփն է այն թեկնածուն, որը պետք է առաջնորդի գերտերությունը աշխարհի համար ոչ դյուրին այս ժամանակաշրջանում՝ Ուկրաինայի, Մերձավոր Արևելքի պատերազմների ֆոնին։
Դոնալդ Թրամփի հաղթանակի ուղին հարթ չէր՝ տարաձայնություններ Հանրապետական կուսակցության ներսում, իրավական խնդիրներ, որոնք ծագել էին դեռևս իր առաջին պաշտոնավարման ընթացքում, և ընդհուպ երկու մահափորձ քարոզարշավի ժամանակ:
Ընդամենը տասը տարի առաջ մեծ քաղաքականությունում հայտնված Թրամփը, սակայն, ոչ միայն չընկրկեց, այլև հետևողականորեն կոշտացրեց հռետորաբանությունը՝ բացեիբաց հայտարարելով, որ գալիս է գլխիվայր փոխելու Ամերիկան, որն, իր համոզմամբ, երբեմնի հզորը չէ՝ ոչ ներսից, ոչ էլ դրսում։
«Ես այստեղ եմ, որպեսզի ներկայացնեմ մի տեսլական, որ նախատեսված է մեր ողջ ժողովրդի համար՝ երիտասարդների և տարեցների, տղամարդկանց և կանանց, դեմոկրատների, հանրապետականների և անկախ հայացքներ ունեցողների, աֆրոամերիկացիների, սպիտակների, ասիացիների և իսպանախոսների համար։ Ես ձեզ եմ մեկնում իմ ձեռքը՝ որպես հավատարմության և բարեկամության նշան։ Միասին մենք Ամերիկան կհասցնենք այնպիսի բարձունքների, որոնց ականատեսն աշխարհը մինչ օրս չի եղել», - հայտարարում էր հանրապետական թեկնածուն:
Նախագահական երկրորդ ժամկետը Թրամփը սկսում է 78 տարեկանում։ Ընդամենը մի քանի ամիս առաջ հենց տարիքային խնդիրներով պայմանավորված գործող նախագահ Ջո Բայդենը որոշեց լքել ընտրապայքարը՝ իր տեղը զիջելով փոխնախագահ Քամալա Հարիսին։ Ի դեպ, Ամերիկայի պատմության մեջ միայն մեկ նախագահի՝ Գրովեր Քլիվլենդին էր հաջողվել պաշտոնավարման մեկ ժամկետին հաջորդած քառամյա դադարից հետո վերադառնալ Սպիտակ տուն։
Իմփիչմենթ, քրեական մեղադրանքներ
Մինչ այդ, Թրամփն արդեն դարձել է Ամերիկայի առաջին նախագահը, որին երկու անգամ իմփիչմենթ է հայտարարվել, նաև առաջինն է նախագահներից, ով դատապարտվել է ծանր հանցագործության համար։ Պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում դեռ երկու քրեական մեղադրանք պետք է առաջադրվի նրան՝ կապված Բայդենին իշխանության խաղաղ փոխանցումը խափանելու և Ջորջիա նահանգի 2020 թվականի ընտրություններին միջամտելու ենթադրյալ փորձերի հետ:
Հանրապետական թեկնածուի անվան հետ կապվող ծանր հանցանքները, սակայն, ոչ միայն իրեն, այլև իր ընտրազանգվածին չկաշկանդեցին։ Թրամփը պարբերաբար գլխավորում էր հարցումները, որոնց ընթացքում ամերիկացիներին հարցնում էին՝ ԱՄՆ նախագահի թեկնածուներից ո՞վ է ամենամեծ վստահությունը վայելում ամենահրատապ հարցերի՝ միգրացիայի, գնաճի լուծման գործում։
Ընտրարշավի ժամանակ Թրամփը պարբերաբար պնդում էր՝ հենց ինքը կարող է շտկել Ամերիկան, որը վերածվել է լճացած երկրի, թուլացել սահմաններից դուրս և ղեկավարվում է ստվերային պաշտոնյաների ու բյուրոկրատների կողմից, և որտեղ, իր խոսքով, վխտում են ապօրինի միգրանտները, հաճախ մգացնելով գույները և հանդես գալով հայտարարություններով, որոնք այդպես էլ հաստատում չգտան:
«Սփրինգֆիլդում նրանք շուն են ուտում, մարդիկ, ովքեր եկել են այնտեղ, կատուներ են ուտում։ Նրանք ուտում են այնտեղ ապրող մարդկանց ընտանի կենդանիներին, և սա է տեղի ունենում մեր երկրում, ևս սա խայտառակություն է», - մասնավորապես պնդում էր Թրամփը:
«Նախ՝ Ամերիկան»
Ութ տարի առաջ Դոնալդ Թրամփը ընտրողների վստահությունը շահել էր իր հայտնի «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի շնորհիվ, հավաստիացնելով, որ իր օրոք Նահանգները կվերագտնի երբեմնի հզորությունը՝ կայացնելով որոշումներ, որոնք նախ և առաջ կսպասարկեն Ամերիկայի շուրջ 350 միլիոն քաղաքացիների շահերը։
«Ձեր աջակցությամբ մենք կվերադարձնենք մեր ազգի ուժը, գերակայությունը, բարգավաճումը և հպարտությունը։ Սա կլինի Ամերիկայի նոր ոսկե դարաշրջանը», - վերընտրվելուց երկու շաբաթ առաջ վերահաստատում էր հանրապետական գործիչը:
Այդ նույն խոստումների ուղեկցությամբ Թրամփն իր առաջին պաշտոնամուտը սկսել էր Միացյալ Նահանգների՝ Իրանի և գերտերությունների հետ միջուկային համաձայնագրից դուրսբերմամբ, նաև առևտրային պատերազմ հայտարարելով տնտեսական մրցակից Չինաստանին։ Նրա նախաձեռնությամբ Միացյալ Նահանգները լքեց մի շարք այլ համաշխարհային համաձայնագրեր, ճնշում գործադրեց ՆԱՏՕ-ի կազմում դաշնակիցների նկատմամբ՝ ստիպելով նրանց մեծացնել պաշտպանական ծախսերը։
«Ինչո՞ւ մենք պետք է պաշտպանենք այն երկրները, որոնք բավական հարուստ են, բայց չնայած դրան ՆԱՏՕ-ի ծախսերի մեծ մասը հոգում է Միացյալ Նահանգները», - հայտարարում էր Թրամփը: - «Միացյալ Նահանգները պետք է վճարի իր, այլ ոչ թե մնացած բոլորի արդար բաժինը։ Ըստ իս՝ Միացյալ Նահանգներն այսօր հոգում է ՆԱՏՕ-ի ծախսերի ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը։ Դա ամենաանարդարացի բանն է»:
Թրամփի վարչակազմի թերևս ամենավիճահարույց համաձայնագրերից մեկը դարձավ «Թալիբան»-ի հետ գործարքը, որը հիմք դրեց Աֆղանստանից ամերիկյան զորքի ամբողջական դուրսբերմանը։ 45-րդ նախագահի ընդդիմախոսները պնդում են, որ այդ համաձայնագիրը կանաչ լույս վառեց «Թալիբան»-ի համար իշխանությունը զավթելու հարցում:
«Ես մեկ օրում խաղաղության կհասնեմ։ Մեկ օրում»
Թրամփն էլ, իր հերթին, Բայդենին ու Հարիսին է մեղադրում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի համար՝ պնդելով, որ դեմոկրատների վարչակազմի սխալներից է Պուտինը օգտվել և հարձակվել հարևան երկրի դեմ։
Թրամփի վերընտրությունը, ըստ վերլուծաբանների, ամենաշատը պետք է մտահոգի Ուկրաինայի իշխանություններին։ Նա հրապարակավ հայտարարել է, որ Սպիտակ տուն վերադառնալու դեպքում հավելյալ ռազմական աջակցություն չի հատկացնի Կիևին՝ այդ բեռը դնելով եվրոպական երկրների ուսերին։
Անցած տարի Fox News-ին տված հարցազրույցում Դոնալդ Թրամփը հայտարարում էր, որ վերընտրվելու դեպքում ճնշում կգործադրի թե՛ Պուտինի, թե՛ Զելենսկու վրա ՝ երկու կողմին էլ ստիպելու գնալ բանակցությունների.
«Ես կասեի Զելենսկուն. - «Բավական է, մենք պետք է ստորագրենք խաղաղության պայմանագիր»։ Պուտինին էլ կասեի. - «Եթե չհամաձայնեք խաղաղության գնալ, մենք մեծ աջակցություն կուղարկենք Ուկրաինա»: Եվ եթե պետք լինի, կուղարկենք այնքան, որքան նրանք նախկինում դեռ չեն տեսել։ Եվ ես մեկ օրում խաղաղության կհասնեմ։ Մեկ օրում»։
Առավել կոշտ դիրքորոշում Իրանի հանդեպ
Մերձավոր Արևելքի հակամարտության հարցում Թրամփն աներկբա սատարում է Իսրայելին, բայց ի տարբերություն դեմոկրատական ճամբարի՝ հանրապետական առաջնորդն առավել կոշտ դիրքորոշում ունի Իրանի հանդեպ, անցած օրերին անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը, պնդում էր՝ Իսրայելն առաջին հերթին Իրանի միջուկային օբյեկտներին պետք է հարվածի, իր հերթին սպառնալով վերընտրվելու դեպքում ավելի ցավոտ միջոցներ կիրառել Իրանի նկատմամբ:
«Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ բռնի տեղահանվեցին Արցախից»
Ի դեպ, իր նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը մրցակցին նաև հայերի հանդեպ իրականացված քաղաքականության համար է քննադատել՝ փոխնախագահ Քամալա Հարիսին մեղադրելով Ադրբեջանի անցած տարվա հարձակման օրերին անգործության համար, Լեռնային Ղարաբաղի մասին խոսելիս էլ գրել է Արցախ.
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120 հազար հայ քրիստոնյաներ սարսափելի հալածանքների ենթարկվեցին ու բռնի տեղահանվեցին Արցախից: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Այսքանով չսահմանափակվելով՝ Թրամփը քարոզարշավի ընթացքում որոշեց նաև զանգահարել Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսին՝ վերահաստատելու իր աջակցությունն Արցախի հայերին և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ջանքերին: