Մատչելիության հղումներ

Որո՞նք են Պուտինի «Հատուկ ռազմական գործողության նպատակները». 2022-ի փաստաթուղթը բացահայտում է Ռուսաստանի պլանները


«Ազատության» «Սիստեմա» հետաքննական նախագծի տրամադրության տակ են հայտվել Ուկրաինայի հետ խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ռուսաստանի առաջին առաջարկները, որոնք կազմվել էին 2022 թվականի լայնամասշտաբ ներխուժումից անմիջապես հետո:

Նախկինում չհրապարակված այս փաստաթուղթը թույլ է տալիս հստակ պատկերացնել, թե ինչի էր ձգտում հասնել Ռուսաստանը պատերազմի առաջին շաբաթներին, ինչպես էր Կրեմլը տեսնում Ուկրաինայի ապագան, և ինչու էին այդ պայմաններն անիրագործելի Կիևի համար։

«Ճշմարտությունը Ռուսաստանի կողմն է», «Հատուկ ռազմական գործողությունը կավարտվի, երբ Ռուսաստանի սահմանած նպատակները իրականացվեն»․ Վլադիմիր Պուտինը և ռուս բարձրաստիճան պաշտոնյաները այս խոսքերով են բացատրում ներխուժումն Ուկրաինա, որը նրանք անվանում են ռուսերեն հապավումով՝ СВО։

Լայնածավալ այդ պատերազմի մեկնարկից անցել է արդեն երեսուներկու ամիս, սակայն «СВО-ի նպատակները» դեռ անհասկանալի, հռետորական կարգախոս են մնում շատերի համար։ Ճիշտ է, 2022 թվականի սկզբին Պուտինը խոսեց «դենացիֆիկացիայի և դեմիլիտարիզացիայի» մասին, սակայն այդ բառերը այդպես էլ մութ մնացին Ռուսաստանի ժողովրդի համար։

«Ազատության» ձեռքի տակ են նախկինում չհրապարակված փաստաթղթեր, որ լույս են սփռում ներխուժման սկզբնական նպատակների վրա: Այստեղ թվարկված են՝ ինչ պայմաններ է առաջադրել Ռուսաստանը զինադադարի և խաղաղության համար՝ 2022 թվականի մարտի 7-ին՝ Բելառուսում ուկրաինացիների հետ բանակցությունների երրորդ փուլի ժամանակ։

Ուկրաինացի և ռուս բանակցողները հանդիպումը Բելառուսում 2022 թվականի մարտի 7-ին
Ուկրաինացի և ռուս բանակցողները հանդիպումը Բելառուսում 2022 թվականի մարտի 7-ին

Փաստաթուղթը «Սիստեմային» է տրամադրել բանակցությունների ընթացքին ծանոթ ուկրաինական աղբյուրը։ Դրա իսկությունը հաստատել է ռուսական աղբյուրը (երկուսն էլ խնդրել են անանուն մնալ, քանի որ իրավասու չեն հրապարակավ խոսել այս մասին):

Two Years Later, Massacre Of Ukrainian Civilians In Bucha Is 'Impossible To Forget'
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

Չեզոքացում՝ չեզոքության փոխարեն. կոնկրետ ինչ էր պարունակում համաձայնագրի նախագիծը

Ռուս և ուկրաինացի բանակցողների առաջին հանդիպումը կայացել է լայնամասշտաբ ներխուժման մեկնարկից ընդամենը մի քանի օր անց։ Ուկրաինական պատվիրակությունը՝ Գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիայի գլխավորությամբ, մեկնել է Ալեքսանդր Լուկաշենկոյի «Լյասկովիչի» նստավայր՝ լեհ-բելառուսական սահմանից ոչ հեռու։ Այնտեղ ուկրաինացի բանակցողները հանդիպել են ռուս պատվիրակների հետ՝ Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորությամբ։

Այդ ժամանակ Ռուսաստանն արդեն մեկուկես շաբաթից ավելի ակտիվ պատերազմական գործողություններ էր վարում Ուկրաինայի դեմ։ Ռուսական զորքերը կանգնած էին Կիևի մոտ, ավերիչ մարտեր էին մղում Մարիուպոլի համար, գրավել էին Խարկովի, Խերսոնի, Նիկոլաևի, Չեռնիգովի և Սումիի շրջանները։ Սակայն ծրագրված կայծակնային՝ «Կիևը երեք օրում» գործողությունը տապալվել էր, և ուկրաինացի զինվորականները կատաղի դիմադրություն էին ցույց տալիս։

Այդ ֆոնին հանդիպելով Բելառուսի տարածքում՝ պատվիրակությունները նախ մտքեր են փոխանակել՝ հիմնականում բանավոր։ Մարտի 7-ին՝ բանակցությունների երրորդ փուլում, սկսվել է կոնկրետ փաստաթղթերի քննարկումը։ Դրանցից մեկը եղել է Մոսկվայում գրված «Ուկրաինայի չեզոքության մասին պայմանագրի» նախագիծը։

Այդ փաստաթուղթը պարունակում է 18 հոդված, որոնք վերաբերում են Ուկրաինայի չեզոքությանը (ռազմական և միջազգային պարտավորություններ), սահմաններին, հումանիտար հարցերի (լեզու, կրոն, պատմություն), ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին՝ պահանջելով դրանց վերացում։

«Խաղաղության այդ պայմանագրի» առաջին տարբերակում Ռուսաստանը պնդում էր, որ Ուկրաինան պետք է գրեթե ամբողջական զինաթափվի՝ Ռուսաստանի վերահսկողության ներքո, պետք է զրկվի արևմտյան օգնությունից, ռուսական զորքն էլ պետք է տեղակայվի ներխուժումից հետո՝ առաջին շաբաթների ընթացքում օկուպացված տարածքներում՝ դրանց նկատմամբ երկարաժամկետ վերահսկողության համար։

Համաձայնագրի այս տարբերակը համեմատելով լրատվամիջոցների տրամադրության տակ ավելի ուշ հայտնված տարբերակի հետ՝ ակնհայտ է դառնում, որ մի քանի կետեր կա՛մ անհետացել են հետագա բանակցությունների արդյունքում, կա՛մ էապես փոխվել, կա՛մ ուկրաինական կողմը հրաժարվել է նույնիսկ քննարկել դրանք: Հենց այս մանրամասներն են թույլ տալիս հասկանալ, թե որքան մեծ էին Ռուսաստանի պահանջները։

  • Ռուսաստանն ի սկզբանե պահանջում էր, որ ուկրաինական բանակի կազմը հասցվի նվազագույնի, իսկ ավելի ստույգ՝ Զինված ուժերում լինի մինչև 50 հազար մարդ, այդ թվում՝ 1,500 սպա (սա հինգ անգամ ավելի քիչ է, քան Ուկրաինան ուներ մինչև 2022 թվականը)։ Բացի այդ, եթե այս պահանջը կատարվեր, Ուկրաինայի զինանոցում կմնար ընդամենը չորս նավ, 55 ուղղաթիռ և 300 տանկ։ 2022 թվականի դրությամբ, սա ավելի փոքր էր, քան հարևան Բելառուսի բանակը (որտեղ այդ պահին Ուկրաինայից գրեթե հինգ անգամ ավելի քիչ մարդ էր ապրում):
  • Ուկրաինային առաջարկում էին «իր տարածքում չարտադրել, ձեռք չբերել և չտեղակայել 250 կիլոմետրից ավել հեռահարությամբ հրթիռային զենքեր»: Սա այն հեռավորությունն է, որը, օրինակ, բաժանում է Ղրիմի կամուրջը Ուկրաինայի կողմից վերահսկվող ու առաջնագծից ոչ հեռու գտնվող Գուլյայպոլե քաղաքից: Ավելին, Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահել ապագայում արգելել Ուկրաինային «ցանկացած այլ տեսակի զենք, որը կարող է մշակվել գիտական հետազոտությունների արդյունքում»։
  • Ռուսաստանի պատկերացումներում, Ուկրաինան պետք է «ճանաչեր» այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետությունների» «անկախությունը»՝ նրանց վարչական շրջանների սահմաններում։ Այն դեպքում, երբ 2022թ. փետրվարի 24-ի դրությամբ Ռուսաստանը վերահսկում էր դրանց մի մասը միայն։ Եվ անգամ այսօր՝ 2024 թվականի տարեվերջի դրությամբ, Ռուսաստանը այդ տարածքների նկատմամբ դեռ ամբողջական վերահսկողություն չունի:
  • Ռուսական կողմը նաև պահանջում էր, որ Ուկրաինան իր վրա վերցնի 2014 թվականից ավերված Դոնբասի ենթակառուցվածքի վերականգնման ծախսերը։
  • Հաջորդիվ՝ Կիևը պետք է վերացներ բոլոր պատժամիջոցները՝ և՛ ուկրաինական, և՛ միջազգային, ինչպես նաև հետ կանչեր 2014-ից միջազգային դատարաններ ներկայացված հայցերը։
  • Ի հավելումն սրան, Ռուսաստանը պնդում էր, որ ռուսաց լեզվին պետական լեզվի կարգավիճակ շնորհվի, ու որ Մոսկովյան պատրիարքարանի գույքային բոլոր իրավունքները վերականգնվեն։

Ի՞նչ էր առաջարկվում Ուկրաինային դրա դիմաց

Ըստ էության, այս փաստաթղթով Ռուսաստանը Կիևին միայն հրադադար էր խոստանում ․ Ուկրաինայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերման մասին ոչ մի խոսք չկար՝ Մոսկվան ընդամենը պարտավորվում էր գրաված տարածքները չընդարձակել։

Միևնույն ժամանակ, Ուկրաինային առաջարկվում էր դուրս բերել զորքերը մշտական տեղակայման կետեր (կամ «Ռուսաստանի Դաշնության կողմից սահմանված» վայրեր), իսկ օտարերկրյա գործընկերներին առաջարկվում էր անհապաղ դադարեցնել Ուկրաինային տրամադրվող ցանկացած օգնություն, ինչպես նաև երկրից հետ կանչել զինվորական ոլորտին առնչվող աշխատակիցներին, այդ թվում՝ ռազմական խորհրդականներին։

Ընդ որում, ռուսական զորքը, ինչպես նաև Ազգային գվարդիայի ուժերը, ըստ առաջարկած պլանի, պետք է մնային իրենց տեղերում այնքան, մինչև Ռուսաստանը և Ուկրաինան կատարեին «ստանձնած պարտավորությունները»։ Փաստացի, քանի որ դրանք նախատեսում էին օրենսդրության լայնածավալ փոփոխություններ, զինաթափում և միջազգային երաշխիքների ընդունում, ռուսական բանակը կարող էր տարիներ շարունակ մնալ Կիևի մոտակայքում:

«Մենք պետք է տարբերենք Պուտինի՝ Ուկրաինա ներխուժելու մասին հրապարակային հայտարարությունները նրա իրական մտադրություններից, որոնք ժամանակի ընթացքում ավելի պարզ են դառնում», - «Սիստեմա»-ի հետ զրույցում ասել է Կարնեգիի կենտրոնի առաջատար փորձագետ Էրիկ Չարամելլան:

«Ինչ-որ մեկը, լսելով չեզոքության մասին Պուտինի խոսքերը, կարող է մտածել․ «Դե, ի՞նչ վատ բան կա այստեղ։ Պուտինը պարզապես չի ցանկանում Ուկրաինան տեսնել ՆԱՏՕ-ի կազմում»,-ասում է Չարամելլան, հավելելով, -«իրականում, սակայն, նա խոսում էր ոչ թե չեզոքության, այլ Ուկրաինայի՝ որպես անկախ պետության չեզոքացման մասին։ Եվ այս դեպքում դժվար է ասել, թե արդյոք Մոսկվան բարեխղճորեն էր գնում բանակցելու, քանի որ նման պայմաններն անընդունելի կլինեին ցանկացած ուկրաինացու համար: Դրանք այն աստիճան կթուլացնեին Ուկրաինան, որ նա կդառնար անպաշտպան»։

Ինչպես են փոխվել պայմանավորվածությունները

Վերը նկարագրված բոլոր պահանջները եղել են այն մեկնակետը, որտեղից ռուսական պատվիրակությունը սկսել է մի քանի շաբաթ տևած բանակցային գործընթացը։

Սկզբում բանակցությունները ինտենսիվ էին. 2022-ի մարտի սկզբին Մինսկում կայացած առաջին հանդիպումներից հետո պատվիրակությունները հաճախ զանգահարել են միմյանց, առաջարկներ փոխանակել, եղածը խմբագրել։

«Ռուսական պատվիրակության պահվածքից նկատելի էր, որ անձամբ Պուտինն է վերահսկում այդ գործընթացը», - պատմել է «Սիստեմա»-ի՝ ուկրաինացի աղբյուրը, ով ծանոթ է բանակցությունների ընթացքին։ «Երբեմն, երբ [ուկրաինական պատվիրակությունը] ինչ-որ բան էր առաջարկում, [Վլադիմիր Պուտինի օգնական, 2022 թվականին ռուսական բանակցային խմբի ղեկավար Վլադիմիր] Մեդինսկին դուրս էր գալիս՝ ակնհայտորեն Մոսկվա զանգահարելու։ Այնուհետ վերադառնում էր ու հնչեցնում արդեն Պուտինի դիրքորոշումն այս հարցում»։

Միաժամանակ, «Սիստեմա»-ի զրուցակիցները թե՛ Մոսկվայում, թե՛ Կիևում համաձայնում են, որ ըստ ամենայնի Պուտինն իսկապես շահագրգռված էր ինչ-որ փաստաթղթի ստորագրմամբ։

Եթե համեմատենք 2022 թվականի մարտի 7-ի ռուսական առաջարկները պայմանագրի՝ գոյություն ունեցող վերջին տարբերակի հետ, որ թվագրված է նույն թվականի ապրիլի 15-ով, ապա նկատելի է, թե որքան են նվազել Ռուսաստանի նախնական պահանջները և որքանով է Ուկրաինայի պատվիրակությանը հաջողվել փոխել իր շահերին հակասող ձևակերպումները: «Ուկրաինացի բանակցողները կարողացան փաստաթղթից հանել որոշ՝ առավել վիրավորական կետեր, և դրանց փոխարեն հավելել այնպիսի տարրեր, որոնք կարևոր էին Ուկրաինայի համար, այդ թվում՝ անվտանգության երաշխիքների անհրաժեշտությունը», - նշում է Չարամելլան, ով ուսումնասիրել է պայմանագրի՝ տարբեր ժամանակներում քննարկված մի քանի տարբերակներ։

Ռուսական բանակցային թիմի ներկայացուցիչներ Լեոնիդ Սլուցկին (ձախ) և Վլադիմիր Մեդինսկին (աջ), 28-ը փետրվարի, 2022թ.
Ռուսական բանակցային թիմի ներկայացուցիչներ Լեոնիդ Սլուցկին (ձախ) և Վլադիմիր Մեդինսկին (աջ), 28-ը փետրվարի, 2022թ.

Ամենակարևոր փոփոխությունը վերաբերել է այն երկրներին ու մեխանիզմներին, որոնք պետք է երաշխավորեն պայմանավորվածությունները և Ուկրաինայի անվտանգությունը։ Դրանց թվում պետք է լինեին Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան։ Ռուսաստանը նաև առաջարկում էր Բելառուսի մասնակցությունը, Ուկրաինան՝ Թուրքիայի: Այս հոդվածը կառուցվել էր ՆԱՏՕ-ի կոլեկտիվ պաշտպանության հինգերորդ հոդվածի օրինակով. եթե ապագայում Ուկրաինան կրկին հարձակման ենթարկվեր, այդ երկրները պարտավորվում էին պաշտպանել նրան ռազմական ուժերով:

«Սա իր տեսակի մեջ եզակի անվտանգության մեխանիզմ է»,- նշել է ուկրաինական կողմից բանակցություններին մասնակցող պաշտոնյաներից մեկը։

Երկրորդ կարևոր կետը վերաբերում էր Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու սահմանների միջազգային ճանաչմանը։ 2022 թվականի մարտին ռուսական պատվիրակության առաջարկները հնչում էին հետևյալ կերպ․ Ռուսաստանի կազմում կա Ղրիմ և Սևաստոպոլ, կան առանձին Դոնեցկի և Լուգանսկի «հանրապետություններ», և կա մնացած Ուկրաինան, որը պետք է զինաթափվի և վերաշարադրի իր օրենքները։

Մինչև ապրիլ, սակայն, կողմերը համաձայնեցին այլ հայեցակարգի շուրջ․ ըստ այդմ, Ուկրաինան պիտի մնար իր՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում, ներառյալ Ղրիմը, Սևաստոպոլը, սակայն, միջազգային անվտանգության երաշիքները այդ՝ չճշտված տարածքների վրա չպետք է տարածվեին: Մարտի վերջին Ստամբուլում ընդունված կոմյունիկեում նշվում էր, որ Ղրիմի և Սևաստոպոլի կարգավիճակը պետք է որոշվի դիվանագիտական ճանապարհով։ «Այս դրույթը ապշեցուցիչ է», - հետագայում գրել է Foreign Affairs ամսագիրը, ընդգծելով, - «երկար տարիներ Ռուսաստանը հաստատակամ պնդում էր, որ Ղրիմը և Սևաստոպոլը անվերապահորեն ռուսական շրջաններ են, իսկ այժմ կարծես «լռելյայն ընդունում էր, որ դա այդպես չէ»:

Բանակցային փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց է տալիս նաև, որ ուկրաինայի պատվիրակությունը հրաժարվել է քննարկել լեզվի կարգավիճակին և պատմական հասկացությունների փոփոխություններին վերաբերող կետերը։

Արդյոք կողմերը մո՞տ էին համաձայնագրի կնքմանը, և ինչո՞ւ դա տեղի չունեցավ

Պայմանագրի վերջին՝ հայտնի տարբերակը թվագրված 2022 թվականի ապրիլի 15-ով, տպավորություն է թողնում, որ կողմերին մնում էր համաձայնեցնել միայն աննշան ձևակերպումներ։ Սակայն, սատանան մանրուքների մեջ էր, և հենց այս մանրամասներն էին, որ ամենադժվարն էին, և այդ փուլում անլուծելի:

Ուկրաինական պատվիրակության օրակարգում հիմնարար կետը հետևյալն էր՝ երկրի անվտանգության համար նոր սպառնալիքի դեպքում կոնկրետ ով և ինչպես պետք է ռազմական օգնություն ցուցաբերի։ Ուկրաինան առաջարկում էր, որ պայմանագիրը ստորագրած երկրները դա անեն թե՛ միասնաբար, թե՛ առանձին-առանձին։

Ռուսաստանը, մինչդեռ, պնդում էր, որ Ուկրաինային պաշտպանելու վերաբերյալ որոշումն ընդունվեր միայն կոլեկտիվ։ Այսինքն՝ ինքը՝ Ռուսաստանը, որպես պայմանագիրը ստորագրող երկիր, տեսականորեն կարող էր վետո դնել Ուկրաինային ցուցաբերվելիք ցանկացած օգնության վրա:

Հաջորդ, խիստ վիճահարույց հարցն էր, թե որ տարածքներն են ստանալու անվտանգության երաշխիքներ։ Դա պետք է լիներ Ուկրաինայի ո՞ղջ տարածքը՝ միջազգային ճանաչված սահմաններում, թե շրջանցեր բնակավայրերը, որ պատերազմով անցել էին ռուսների վերահսկողության տակ։

«Զարմանալի է, որ ուկրաինական կողմը որոշել է բանակցել ռուսական տեքստի հիման վրա, թեև հնարավոր է, որ նրանք առանձնապես մեծ ընտրություն չունեին», - ասել է Չարամելլան, հավելելով, - «եթե, այդուամենայնիվ, այս տեքստերի հիման վրա պայմանագիր ստորագրվեր, այն պարզապես կլիներ ուկրաինական կապիտուլյացիայի ավելի մեղմ ձև»։

Կողմերի առաջարկներով պայմանագրի վերջին, հայտնի տարբերակը թվագրված է 2022 թվականի ապրիլի 15-ով։ Դրանից հետո քաղաքական համաձայնագրի շուրջ բանակցությունները դադարեցին։ Այդ օրերին էր, որ ազատագրված Բուչայում հայտնաբերվեցին դաժանորեն սպանված տասնյակ խաղաղ բնակիչներ։ Այդուհետ, ըստ պաշտոնական հայտարարությունների, Ռուսաստանի ու Ուկրաինայի պաշտոնյաները շփվում են բացառապես գերիների փոխանակման, երեխաների վերադարձի և հացահատիկի գործարքի հարցերով։

Ուկրաինացի զինվորը Կուրսկի շրջանի Սուդժայի կենտրոնական հրապարակում Լենինի հուշարձանի կողքին, 21-ը օգոստոսի, 2024 թ.
Ուկրաինացի զինվորը Կուրսկի շրջանի Սուդժայի կենտրոնական հրապարակում Լենինի հուշարձանի կողքին, 21-ը օգոստոսի, 2024 թ.

Պատերազմի երկուսուկես տարում իրավիճակը մարտադաշտում բազմիցս փոխվել է թե՛ հօգուտ Ուկրաինայի, թե՛ հօգուտ Ռուսաստանի։ 2022 թվականի վերջին ուկրաինական զորքերին հաջողվել է ազատագրել Խարկովի և Խերսոնի շրջանների բնակավայրերի մի մասը։ Այս տարի Ռուսաստանը առաջխաղացման է գնում Դոնեցկի ուղղությամբ, մինչ ուկրաինացիները օգոստոսից ներխուժել ու մի քանի տասնյակ բնակավայր են գրավել Կուրսկի շրջանում։

Առայժմ կողմերից որևէ մեկը չունի վճռական առավելություն՝ մյուսից կապիտուլյացիա պահանջելու համար։ Բանակցությունների պատրաստակամության նշաններ նույնպես չկան։

Ի՞նչ է ուզում Պուտինը հիմա

«СВО-ի հստակ նպատակներ» գոյություն չունեն, Պուտինը կարող է այդ խոսքերի տակ ներկայացնել այն, ինչ անհրաժեշտ կհամարի՝ այդ պահին ունեցածը որպես հաղթանակ ներկայացնելու համար, երբ որոշի դադարեցնել պատերազմը», - ասել է «Սիստեմա»-ի աղբյուրը, ով ծանոթ է բանակցությունների վերաբերյալ Պուտինի դիրքորոշմանը։ «Կուզի՝ կասի, որ ցամաքային միջանցք է ստեղծել դեպի Ղրիմ, կուզի, կասի՝ Նովոռոսիան է վերադարձրել, կամ՝ ոչնչացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները»։

Հարցն այն է, թե Պուտինը երբ կորոշի դադարեցնել այս պատերազմը, և ինչ պայմաններ պետք է ստեղծվեն մարտի դաշտում, որպեսզի դա տեղի ունենա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հոկտեմբերին ներկայացրեց «հաղթանակի իր ծրագիրը», որտեղ նկարագրված է՝ ինչ պետք է անեն արևմտյան գործընկերները, որպեսզի Ռուսաստանն այլևս իր առավելությունը չզգա և ստիպված լինի գնալ հակամարտության սառեցման և բանակցության։ Օրինակ, Զելենսկին հորդորում է թույլ տալ, որ Ուկրաինան արևմտյան զենքով հարվածի Ռուսաստանին, կամ՝ այսօր արդեն բանակցություններ սկսել Կիևի հետ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Արևմտյան պաշտոնյաներն ու Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարները, մի կողմից, ավելի հաճախ են հայտարարում, որ Ուկրաինայի ճանապարհը դեպի ՆԱՏՕ անխուսափելի է։ Մյուս կողմից, «այս հարցում միասնական որոշում չկա», հոկտեմբերի կեսերին նշում էր Le Monde-ը՝ հավելելով․ «Դա կախված կլինի ինչպես ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքից, այնպես էլ Դաշինքի առանձին անդամների դիրքորոշումից»։

Միաժամանակ, «Սիստեմա»-ի աղբյուրը, որը ծանոթ է Պուտինի ներկայիս դիրքորոշմանը, պնդում է, որ Մոսկվայում դիրքորոշումը էլ ավելի է խստացել, երբ ուկրաինական ուժերը գործողություն են սկսել Ռուսաստանի տարածքում՝ Կուրսկում գրավելով տասնյակ բնակավայրեր։ Ըստ պաշտոնյայի, ՌԴ նախագահը դրանից հետո շարունակաբար ասում է իր շրջապատին, որ Ռուսաստանը կպատերազմի, մինչև չհասնի Ուկրաինայի ամբողջական կապիտուլյացիայի։

Ժամանակագրություն․ ինչ է հայտնի 2022 թվականին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների մասին և ինչ փաստաթղթեր են արդեն հրապարակվել

  • Փետրվարի 28. - պատվիրակությունների առաջին հանդիպումը Բելառուսի «Լյասկովիչի» նստավայրում: Ռուսական պատվիրակությունը գլխավորել է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ուկրաինական պատվիրակության ղեկավարը Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան էր։
  • Մարտի 3. - բանակցությունների երկրորդ փուլ՝ Բելառուսի Կամենյուկի քաղաքում։
  • Մարտի 7. - երրորդ հանդիպում։ Ռուս բանակցողները իրենց հետ բերել են փաստաթղթեր՝ առաջարկելով ուկրաինացիներին դրանք ստորագրել։ Հենց այս փաստաթղթերն են նկարագրված մեր հոդվածում: Դրանք նախկինում երբևէ ամբողջությամբ չեն հրապարակվել։
  • Մարտի 17. - կողմերը ուրվագծել են ապագա հնարավոր պայմանագրի նախագիծ՝ առանձնացնելով այն կետերը, որոնց շուրջ կողմերի դիրքորոշումները տարբերվում էին։ Ուկրաինացի պաշտոնյաներն ավելի ուշ այդ փաստաթուղթը ցույց են տվել իրենց արևմտյան գործընկերներին։ Այն ամբողջությամբ հրապարակել է ամերիկյան New York Times-ը։
  • Մարտի 29. - Հանդիպում Ստամբուլում։ Այս բանակցությունների հիման վրա կազմվել է «կոմյունիկե», որը հետագայում հրապարակվել է լրատվամիջոցներում։ Այն նույնպես առկա է «Սիստեմա»-ի տրամադրության տակ։
  • Ապրիլի 15. - Փոխանակվել է պայմանագրի վերջին հայտնի նախագիծը։ Մեծ հավանականությամբ՝ կողմերը որևէ նոր փաստաթղթեր և պայմանագրի տարբերակներ այլևս չեն մշակել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG